HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սիրանուշ Սահակյան․ «Առոչինչ պայմանագիրը կատարող իշխանությունը կարող էր դառնալ այդ պայմանագրի միակ լեգիտիմ վիճարկողը»

Ադրբեջանն ավելի քիչ թվով անձանց գերեվարման հանգամանք է ընդունում, քան անհերքելի ապացույցներով հաստատված դեպքերն են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել գերեվարման հաստատված դեպքերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության վիճարկման իրավական հնարավորությունների և այլնի վերաբերյալ։

Տիկին Սահակյան, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունից հետո քանի՞ քաղաքացիական անձ և զինծառայող է գերի ընկել՝ ըստ Ձեզ հայտնի դարձած տվյալների։

Մեզ հայտնի են նոյեմբերի 10-ի միջադեպը՝ 10 քաղաքացիական անձանց մասնակցությամբ և Խծաբերդի ու Հին Թաղերի դեպքերը։ Մենք տեղյակ ենք, որ այդ հատվածում եղել են Էջմիածնի ՄՈԲ-ի և Գյումրու ՄՈԲ-ի զինծառայողներ։ Էջմիածնի ՄՈԲ-ը դիրքային ծառայության է եղել, նրանց պետք է փոխարիներ Շիրակի ՄՈԲ-ը։ 11 հոգանոց խմբից 9-ը սպանվել է, և նրանց դիակները դուրս են բերվել։ Դիակների վրա կան բռնության տարրեր, անդամախեղումներ են եղել։ Երկուսը ողջ են, նկարներով նույնականացրել ենք և նրանց վերաբերյալ գործ ենք ներկայացրել Եվրոպական դատարան։ Գիտենք նաեւ, որ Շիրակի ՄՈԲ-ի տղաների մի մասը հայտնվել և մնացել է առնվազն Քիրսավան տեղանքում։ Մինչև դեկտեմբերի 13-ը՝ օրվա երկրորդ կեսը, նրանք կարողացել են ընտանիքների հետ կապ պահել, դրանից հետո կամ կապը դարձել է անհասանելի կամ պատասխանել են ադրբեջանցիները։ Կոնկրետ թվաքանակի հետ կապված հակասություն ունենք, այսինքն՝ կարողացել ենք դուրս բերել որոշ խումբ, որը հաստատ էնտեղ է եղել և ողջ չի կարողացել դուրս գալ, ու խումբ, որի անդամների մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան և այդ անձանց մասնակցությամբ արդեն իսկ տեսանյութեր կան, բայց կոնկրետ թվաքանակ չեմ կարող ասել։ Մենք 9 անձի հարցով արդեն իսկ Եվրոպական դատարանին գործ ենք ներկայացրել, որոնք, հաստատված տվյալների համաձայն, Շիրակի ՄՈԲ-ում են եղել և տեսանյութերում հստակ երևում են։ Ինչ վերաբերում է մյուս անձանց, Կառավարության հետ ունենք պայմանավորվածություն, որ մյուս անձանց առնչությամբ իրենք կդիմեն ՄԻԵԴ։ Տեսանյութերում ոչ բոլորի դեմքերն են իդենտիֆիկացվում, այստեղ պետք է պաշտոնական տեղեկություններ լինեն, թե ովքեր են մեկնել դիրքային ծառայության, քանի հոգի է կարողացել ողջ դուրս գալ, քանիսի դիակն է դուրս բերվել, ըստ դրա՝ պետք է փորձել նաև տեղանքում մնացածների թիվը հասկանալ, ապա միջպետական գանգատի շրջանակներում ներկայացնել անհապաղ միջոց կիրառելու խնդրանք։

Եռակողմ հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար որոշակի պարտավորություններ է առաջացրել։ Իրավական առումով կա՞ որևէ ճանապարհ՝ վիճարկելու, որ չնայած այս հայտարարության առկայությանը՝ հայերի նկատմամբ գերեվարման և այլ անօրինական գործողությունները շարունակվում են։

Իմ մասնագիտական կարծիքն է, որ այդ քաղաքական պայմանավորվածության ձեռքբերումը չի կատարվել միջազգային իրավունքին համապատասխան։ Այն խախտել է թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային իրավունքի պարտադիր նորմերը (jus cogens նորմեր), որոնք իրավական տեսանկյունից հետևանքներ են առաջ բերում։

Բոլո՞ր կողմերի համար։

Այո, բոլոր կողմերի համար, ըստ որում՝ կարող են ընդհուպ այդ պայմանավորվածության առոչնչության հիմք լինել։ Մենք հասկանում ենք, որ թեև դա վերնագրված է հայտարարություն, բայց քանի որ կարգավորում է ռազմաքաղաքական բնույթի հարցեր, ավելին՝ դրանով փոփոխվել են Հայաստանի Հանրապետության սահմանները, դրա վավերացման հստակ ընթացակարգ է եղել, որը շրջանցվել է։ «Միջազգային պայմանագրերի վերաբերյալ» Վիեննայի կոնվենցիան ունի առոչնչության հիմք, եթե որևէ պայմանագիր կնքվում է jus cogens նորմերի խախտմամբ և եթե պայմանագիրը հարկադրվել է պետությանը՝ ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով։ Եթե հարկադրում են պետության ներկայացուցչին, դա խնդիր չի առաջացնում, անգամ պայմանագրի անվավերության հետևանք չէ, բայց եթե պետությանն են հարկադրում՝ ուժի սպառնալիքով, դա ունի հետևանքներ։ Այս պայմանագրի հետևանքով մենք ունենք բռնի տեղահանումներ, ինչը նույնպես արգելված է։ Ես կարծում եմ, որ, այո, իրավական մեխանիզմներ կան, և ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կարող է այս հարցը քննել։

Ու՞մ դիմումի հիման վրա։

Այստեղ է խնդիրը։ Քանի որ սրանք միջպետական վեճեր են, հարցը պետք է բարձրացվի պետության կողմից, իսկ մեր պետության ներկայացուցիչները՝ կառավարությունը և նրա մասը կազմող արտաքին գործերի նախարարությունն այս պահին վարում են այն կուրսը, որը ձեռք է բերել Հայաստանի վարչապետը՝ եռակողմ քաղաքական պայմանավորվածությամբ, և իրենք քաղաքական պայմանավորվածություններից դուրս որևէ իրավական գործընթաց չեն նախաձեռնում։ Իրավական գործընթացն առանց նրանց ներգրավվածության ուղղակի բացառված է, և մենք այս տեսանկյունից հայտնվում ենք փակուղում, որովհետև այն իշխանությունը, որը կատարում է առոչինչ պայմանագիրը, ինքը կարող էր դառնալ այդ պայմանագրի միակ լեգիտիմ վիճարկող կողմը։ Բայց իրենք իրավական ուժ չունեցող փաստաթուղթը կյանքի են կոչում։ Մենք արդեն բախվելու ենք այն իրականության հետ, որ ոչ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը կյանքի է կոչվել վարչական ռեսուրսի շնորհիվ, և դա կատարվել է բացառապես քաղաքական պայմանավորվածությունների շրջականերում, որոնք իրավական հետևանքներ չունեն։ Ապագա սերունդների առջև այս խնդիրը ծանրանալու է։ Ես, իհարկե, կարծում եմ, որ լավ մասնագետները կարողանալու են այս խնդիրը վիճարկել միջազգային ատյաններում և հասնել դրական արդյունքի, բայց այդտեղ կբախվենք այլ իրականության հետ․ երբ կամովին հանձնում ենք իրավական առումով մեզ պատկանող տարածքները, նույնիսկ եթե իրավունքը կանգնելու է մեր կողքին, մենք առանց ուժի հնարավորություն չենք ունենալու ապահովել իրավունքը։ Իսկ միջազգային իրավունքի առանձնահատկություններից մեկը հենց այն է, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է հետևողական լինի իր իրավունքի ապահովմանը, և այստեղ ուժի գործոնը մեծ նշանակություն ունի, և մենք որքան էլ իրավական առումով հաջողություն ունենանք, փաստացի վիճակի շտկումը առանց ռազմական միջամտության ուղղակի անհնար է լինելու։

Տիկի՛ն Սահակյան, այսօրվա դրությամբ  քանի՞ գերու վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանք և քանի՞ բուն գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այս պահին ունենք 75 գործ, 65-ի դեպքում կիրառվել է միջանկյալ միջոց, 10-ը նոր գործեր են, այսօր էլ ունենք գործեր, որոնք մեկ ժամ հետո կներկայացվեն (ենթադրվում է, որ արդեն ներկայացվել են-հեղ): Պրակտիկան հետևյալն է․ անխտիր բոլոր գործերով կիրառվում է միջանկյալ միջոց, եթե մենք կարողանում ենք ապացուցողական շեմը հաղթահարել և կանխավարկած ձևավորել գերեվարման օգտին, ու եթե վնասի անդառնալիությունն ենք հիմնավորում։ 15 գործով նաև բուն գանգատներ ենք ներկայացրել, բայց մենք նոր տեղեկատվության կրող ենք, և այս տեղեկատվության հիման վրա որոշ գանգատներ լրացվելու են։ Շատ հանգամանքներ մենք հաստատել էինք կանխավարկածներ կառուցելով կամ առանձին տեսանյութերով, այժմ արդեն ունենք վերադարձած գերիներ և ռազմագերիներ, որոնք մեզ հավելյալ հանգամանքներ են ներկայացրել, և այս հանգամանքները նույնպես պետք է դատարանի ուշադրությանը ներկայացնենք։ Բացի այդ՝ հիմնական գանգատներ պետք է ներկայացվեն նաև մյուս 60 գործերով։

Համացանցում հանդիպում են դեպքեր, երբ  մարդիկ առանձնացնում են գերիներից ինչ-որ մեկին, փորձում նախաձեռնություն ստեղծել՝ պահանջելով, որպեսզի նրանց արագ վերադարձնեն։ Սա չի՞ բարդացնում նրանց վերադարձնելու գործընթացը։

Միանշանակ, ընդգծված ուշադրությունը բարդացնում է։ Որքան անձին վերադարձնելու ցանկությունը, հետաքրքրությունը մեծ է, այնքան մեծանում է Ադրբեջանի գայթակղությունը՝ սակարկել և երկար ժամանակ հրաժարվել նրան հայտնիություն տրամադրելուց, կարգավիճակ ընձեռելուց, փոխանակելուց։ Մենք այս գործողություններով միայն նպաստում ենք վայրի սակարկման գործընթացին, դրանք անցանկալի են և բացասաբար են անդրադառնում գործընթացների վրա։ Միանշանակ, որքան ցանկալի է անձը հայ հասարակության համար, այնքան դժվար է լինելու անձի վերադարձը, և այնտեղ անհարկի կերպով խոչընդոտներ են ստեղծելու։

Դուք ունե՞ք տվյալներ, թե գերության մեջ հայտնված անձանց շրջանում քանի՞ սպանված կա։

Մենք կարող ենք հստակ հաստատել երկու դեպք, որոնց պարագայում նույնականացում է իրականացվել․ անձինք, գտնվելով գերեվարման մեջ, մահացել են, ըստ որում՝ մեկի դեպքում գլխուղեղային վնասվածքը հաստատվել է, իսկ երկրորդ դեպքում մահվան հանգամանքները դեռ պարզվում են։ Այս պահին ունենք տեսանյութեր, որով հաստատված ենք համարում գերեվարվածների միտումնավոր սպանությունը։ Նախ՝ որովհետև բոլոր գերիների պարագայում հաստատված է ձեռքերը հետևում կապված լինելու հանգամանքը, և տեսանյութերում գտնվող տղաները եղել են նույն դիրքում։ Իսկ նման  կերպ իրենք վարվել են ողջ եղած անձանց նկատմամբ․ եթե չկա դիմադրության հնարավորություն, անձը հրազենային վնասվածքից է մահացել, չկա նաև ձեռքերը հետևում ամրացնելու անհրաժեշտություն։ Եթե տեսնում ենք այս դիրքով տեսանյութեր՝ արդեն իսկ  մահացածների կամ կրակոցների, հաստատված ենք համարում այն հանգամանքը, որ գերիների են սպանում։ Նաև այլ տեղեկատվություն ունենք, որն ակնհայտորեն արտահայտում է գերու սպանության միջադեպը՝ նորից կապված են եղել ձեռքերը, հետո գնդակահարել են։ Անձերը դեռևս  նույնականացված չեն, բայց որպես երևույթ դա հիմնավոր է։ Ունենք նաև դեպքեր՝ բացահայտ ապացուցված դրվագներով, սակայն Ադրբեջանը դեռևս չի ընդունում գերեվարման փաստը։

Շա՞տ են նման դեպքերը։

Բավականին շատ։ Մեկ-երկու դեպքի մասին չէ խոսքը։ Այսպիսի դեպքերի թիվը գերազանցել է մեկ տասնյակը։

Գերիների առաջին խմբի Հայաստան վերադառնալուց հետո ասել եք, որ ակնկալվում է մոտավորապես ևս 50 գերու վերադարձ։

Ակնկալիքը մեր և կառավարության կողմից անհերքելի ապացույցներով հաստատված  գերեվարման դեպքերին է վերաբերում։ Ադրբեջանն ընդունում է, որ որոշ թվով գերեվարված անձինք պետք է վերադառնան, բայց փոքր թիվ է նշում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter