HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պատերազմից հետո տնտեսությունն ու հայկական արտադրանքն առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունեն

Հայկական արտադրության ապրանքները հաճախ չեն դիմանում ներմուծվող ապրանքների ճնշմանը։ Տեղական արտադրողները «խեղճացած են», քանի որ մի կողմից ստիպված են մրցել հարուստ միջազգային հսկա ընկերությունների հետ, մյուս կողմից՝ առևտրային ցանցերի սեփական ներկրված արտադրանքի հետ: Բնականաբար, առևտրային ցանցերը առաջնահերթ վաճառում են սեփական ներմուծվող ապրանքները, կարծում է  «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Պատերազմից հետո տնտեսությունն ու հայկական արտադրանքը, առավել քան երբևէ, պաշտպանության կարիք ունեն։ «Հետքը» Ստեփանյանի հետ զրուցել է արտադրության ու արտահանման որոշ խոչընդոտների ու առաջարկվող լուծումների մասին։

- Հայաստանում տեղական արտադրողները գլխավորապես ի՞նչ խնդիրների են բախվում ներմուծողների հետ պայքարում։

- Տեղական արտադրողները խեղճացած են Հայաստանում։ Հատկապես խոսքը վերաբերվում է երկար պահպանման ժամկետով ապրանքներ արտադրողներին: Ներմուծողները կարճ պահպանման ժամկետով արտադրանք չեն բերում Հայաստան, քանի որ չեն հասցնում վաճառել: Գոնե այդ հարցում մեր բախտը, կարելի է ասել, բերել է:

Կարելի է ասել, որ ներմուծման հանդեպ Հայաստանը վարում է «բաց դռների քաղաքականություն» և խոչընդոտներ առանձնապես չի կիրառում։ Մինչդեռ մեր տեղական արտադրողներին այսօր պաշտպանել է պետք։ Օրինակ՝ Բելառուսը, Իրանը, ԵՄ շատ երկրներ, Մոլդովան, Չինաստանը, ԱՄՆ-ն այս կամ այն կերպ պաշտպանում են սեփական արտադրողներին՝ կիրառելով տարբեր տեսակի ակնհայտ և թաքնված խոչընդոտներ։ Խոչընդոտների ձևերը շատ են՝ ամիսներ կամ տարիներ ձգվող թույլտվություններից, զանազան ստուգումներից մինչև ներմուծման արգելք:

Իսկ Հայաստանը, լինելով թույլ տնտեսությամբ փոքր երկիր, նույն այդ պաշտպանման ձևերը անհասկանալի կերպով չի կիրառում:

Մենք անարգել ներմուծում ենք գրեթե ամեն ինչ, և այդ պատճառով չենք կարողանում արտադրություն զարգացնել ու արտահանել։ Այս տեսանկյունից, գուցե, պետք է լինեն ապրանքներ, որոնց ներմուծումը պետք է թաքնված կերպով սահմանափակել և մյուս կողմից՝ համանուն տեղական արտադրությանն աջակցել։ Այդպես են անում շատ երկրներում: Տեղական արտադրությունը զարգացնելուց հետո միայն մենք կարող ենք արտահանման զարգացման մասին մտածել։ Մեր արտադրողները նախ պետք է հզորանան և հաղթեն Հայաստանում: Եվ այդ դեպքում մեր արտահանումն էլ ավելի արագ կզարգանա:

- Առևտրի օբյեկտներում՝ խանութներում, սուպերմարկետներումշուկաներում, տեղական արտադրանք գտնելը երբեմն շատ դժվար է լինում։ Կամ տեսականին է քիչ լինում, կամ առհասարակ բացակայում է։ Հասկանալի է, որ տեղական արտադրության ծավալները քիչ են: Այս տարի էլ այն նվազում է. ըստ ՎԿ-ի 2020թ. հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, մշակող արդյունաբերության ծավալները 2.9%-ով կրճատվել են։ Սակայն չե՞ք կարծում, որ սա նաև մարքեթինգային քաղաքականության հետևանք է։ Ինչպե՞ս կարելի է տեղական արտադրանքն առաջ մղել։  

- Հայաստանում ներմուծումն այնքան ուժեղ դիրքերում է, որ տեղական արտադրանքը տեղ չի գտնում հայրենական խանութներում։ Վաճառքի տարածքի մոտ 80-85%-ը «գրավել են» միջազգային հարուստ գիգանտները և ցանցերի սեփական ներմուծումը: Ինչպե՞ս զարգանաս, աշխատատեղ ստեղծես մնացած 15-20% տարածքի վրա…

Իհարկե, տեղական վաճառողները շատ հարցերում են թերանում, բայց ամեն դեպքում իրենց բաժին մնացած չնչին տարածքը արդեն իսկ կաշկանդող է: Փոքր տարածքով, այն էլ վատ տեսանելի վայրում գտնվելով, արտադրողը նաև վաճառքի փոքր ծավալներ է ունենում, կորուստներ է գրանցում։

Ուստի, առաջնահերթ, պետք է ապահովել հայկական արտադանքի համար պատշաճ մակերեսով տեղեր խանութներում։

-Ի՞նչ լուծում եք առաջարկում։

- Առանց պետական աջակցության, պետական քարոզչության, տեղական արտադրողները չեն կարող դիմանալ ներմուծողների հետ պայքարում։ Կարելի է օրենքով սահմանել, որ վաճառքի կետերում պետք է պարտադիր կերպով ապահովված լինի հայկական ապրանքների լայն առկայությունը։ Արտադրողն էլ իր հերթին պետք է մտածի տեխնոլոգիաներ՝ արտադրելու վաճառքի համար գրավիչ, առանց կեղծումների ապրանքներ։ Նաև կիրառի մարքեթինգային գործիքներ: Սա պետք է երկկողմանի լինի։ Միայն արտադրողը կամ միայն պետությունը չպետք է աշխատեն այս ուղղությամբ։ Օրինակ՝ հայկական կարագ, որը կվաճառվի կիլոգրամներով, չես կարողանում գտնել խանութներում։ Եթե ներդրողն իմանա, որ ինքը  կարագ է արտադրում և կարողանալու է վաճառել այն, նա կներդնի այդ գումարը։  Պետությունն առաջին  հերթին պետք է միջոցներ ձեռնարկի տեղական արտադրողների համար հենց հայկական շուկան բացելու համար։ Ապահովի հայկական արտադրանքի համար պատշաճ տեղեր խանութներում։ Մենք խնդիր ունենք արտադրելուց հետո ապրանքը վաճառելու։ Հիմա լավ պահ է, որ ուղղենք մեր սխալները և պաշտպանենք հայրենականը։ Օրինակ՝ եթե պատերազմը չլիներ ու պետությունն արգելեր թուրքական ապրանքների ներմուծումը, ապա ներմուծողների կողմից նույնիսկ բողոքի ակցիաներ կարող էին լինել։ Բայց այս պատերազմը շատ բաներ փոխելու ու վերանայելու պատճառ դարձավ։ Փոքր-ինչ փոխվել է հայկական արտադրանքի նկատմամբ վերաբերմունքը ու պետք է օգտվել առիթից։ 2021 թվականը հայրենական արտադրողի տարի պետք է հռչակել։

- Մեր գործարանների արտադրական հզորություններն այսօր թույլ տալի՞ս են մեծացնել արտադրանքի ծավալները, թե՞ նոր ներդրումների կարիք է լինելու։

- Հայաստանի գործարանների 90%-ն աշխատում է իր արտադրական հզորությունների փոքր մասով։ Արտադրողներ կան, որոնց հաստոցներն աշխատում են շաբաթական ընդամենը մեկ օր, աշխատում են իրենց արտադրական հզորությունների 20-30%-ի չափով։ Մարդիկ հզոր հաստոցներ են բերել, բայց պահանջարկ չկա ու աշխատում են իրենց հզորությունների կեսի չափով։  Պետությունը պետք է հստակ ռազամավարություն ունենա արտադրությունը, հետևաբար նաև՝ արտահանումը խթանելու համար։ Սկզբում պետք է վաճառքն ավելացնել, հետո անցնել արտադրական հզորությունների օգտագործմանը։ Դա նաև գործազրկությունը կկրճատի։ 

-Բացի բարձր ինքնարժեքից, պետք է խոստովանել նաև, որ որոշ հայկական ապրանքներ գրավիչ չեն՝ թե՛ որակի, թե՛ արտաքին տեսքի տեսանկյունից։ Եվ այդ առումով մենք պատրաստ չենք արտահանման:

-Այո, այսօրվա պայմաններում մեր արտադրողների մեծ մասը պատրաստ չէ արտահանման։ Ապրանքները թե՛ տեխնիկական պահանջների, թե՛ փաթեթավորման ու արտաքին տեսքի տեսանկյունից պատրաստ չեն արտահանման։ Որակն է որոշ դեպքերում անկայուն։ Արտադրողները պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Մյուս կողմից էլ պետությունը պետք է աշխատի։ Մեզ համար արտահանման առանձին մասնագետներ են պետք։ Գործընկերներ են պետք արտերկրում։  Երկիրը չունի արտահանման կայուն քաղաքականություն։  Կա խոսել և կա գործել։ Եթե ես ոչ մի բան չխոսեմ և քիչ գործ անեմ, կհամարվի, որ ես իմ խոստացածից շատ գործ եմ արել։ Մեր երկրի վարչապետի մակարդակով խոսվում է, թե արտահանումը շատ կարևոր է մեր տնտեսության համար, բայց դրա դիմաց չնչին բան է արվում։  Արդյունաբերության ռազավարության ծրագիր է մշակվել կառավարության կողմից, որում 9 կետով անդրադարձ է կատարվում նաև արտահանմանը։ Ըստ ինձ՝ այդ կետերից և ոչ մեկը 2020 թվականին չի իրականացվել։ Չկա մի օղակ կամ գոնե առանձացված պաշտոնյա, որը պատասխան կտա արտահանման համար։ Նախկինում դա մեծ բյուջե ունեցող «Բիզնես Արմենիան» էր, բայց հիմա չկա որևէ նման կառույց։ Իմ տպավորությամբ` արտահանման հոգսերը «մնացորդային» են մեր կառավարության համար։ Արտահանմամբ ոչ մեկ չի զբաղվում: Եթե ոչ արտահանման կառույց, բայց գոնե արտահանման առանձնացված պաշտոնյա է մեզ պետք։

-Վերադառնալով վաճառքի խնդիրներին՝ վերջերս առաջարկել եք արտադրողների ու մատակարարների վճարումները ուշացնելու համար «անբարեխղճության հարկ» սահմանել։ Ի՞նչ է սա ենթադրում։

- Հայաստանում տարածված երևույթ է մատակարարներին ժամանակին չվճարելը։ Քանի որ վաճառելը խնդիր է, ապա գնորդը հանդիսանում է թելադրող։ Խանութների մեծ մասը ուշացումներով է վճարումներում գործարաններին։ Շղթայաբար այդպես են վարվում նաև գործարանները հումքի մատակարարների հետ, հումքի մատակարարներն էլ՝ տրանսպորտային ընկերությունների և այլն։ Այսինքն ՝ մատակարարները մի կողմից ունեն վաճառքի մեծ խնդիր, մյուս կողմից՝ չեն կարողանում ստանալ արդեն իսկ վաճառված ապրանքների կամ մատուծաց ծառայությունների գումարները։ 

Եվ վճարները ուշացնելու այդ երևույթը արտադրողների աշխատանքի պլանավորման վրա վատ է ազդում՝ աշխատավարձերն են ուշացնում, վարկերը ժամանակին չեն մարում և այլն։ Պետությունն այստեղ պետք է նոր կագավորումներ սահմանի։ Մենք առաջարկում ենք կիրառել, այսպես կոչված, «անբարեխղճության հարկ»։ Եթե պատվիրատուի ու մատակարարի միջև նախապես պայմանավորված ժամկետում հաշիվ ապրանքագիրը չի մարվում, ապա պատվիրատուն տույժ կվճարի պետությանը՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա հաշվարկով։ Այսինքն՝ եթե դու ուշացնում ես քո մատակարարի փողը, տույժ ես վճարում։ Անպարտաճանաչ վճարողների սև ցուցակ է պետք կազմել։ Առհասարակ, անպարտաճանաչ տնտեսվարողներին պետք է զրկել նաև պետական աջակցության ծրագրերից օգտվելուց։ Քանի որ փողը ուշացնող պատվիրատուն, փաստորեն, արդեն անվճար օգտագործում է մատակարարի գումարները և պետության աջակցության կարիքը չունի: Միայն այդ դեպքում կարելի է բիզնեսը կարգի հրավիրել։  

- Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանի հետ հասցրե՞լ եք հանդիպել, ներկայացրե՞լ եք ոլորտի խնդիրները։

- Նոր նախարարի հետ շփվել ենք հեռակա։ Բայց դեռ հանդիպումներ չենք ունեցել։ Առաջարկներ ունենք նախարարությանն ուղարկած։ Դեռևս սպասում ենք։ Հուսանք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter