HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օնիկ Գասպարյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել զինվորականների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։

«Այսօր մեր երկիրը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առջև է կանգնած, և մեզանից յուրաքնաչյուրն իր մեծ դերակատարությունն ունի իրավիճակը կայունացնելու գործում։ Հասկանում եմ՝ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է պատճառել ձեզ և բոլոր սյունեցիներին, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք։ Պետք է համախմբվել, գործել միասնաբար և համակարգված՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր հայրենիքի։ Ամեն օրն ու ժամն է այսօր կարևոր։

Զինված ուժերում սա հստակ գիտակցում են, գիտակցում եք նաև դուք, և մենք մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու կարիք ունենք։ Վստահ եմ, որ դուք ամուր կանգնելու եք ձեր հողի վրա, բանակն էլ, հավաստիացնում եմ, թիկունք է լինելու ձեզ։ Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը։ Մեր կանանց, մայրերի և զավակների ապավենն ու հայրենյաց հողի պաշտպանն է մեզանից յուրաքանչյուրը․ եկեք այս նոր իրավիճակում էլ շարունակենք ապահովել նրանց և մեր ամբողջ երկրի անվտանգությունը, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է»,- իր խոսքում նշել է գլխավոր շտաբի պետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter