
ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում
Բացի Մեծ Բրիտանիայից, կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել նաև Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում։ Այդ մասին BBC-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։
Դեկտեմբերի 19-ին ԱՀԿ-ն նաև հայտնել էր, որ կապի մեջ է բրիտանական իշխանությունների հետ՝ կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով։ Միևնույն ժամանակ, Լոնդոնի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել քաղաքը՝ փորձելով խուսափել հայտարարված լոքդաունից։
If they didn’t want this new variant to get out of London, it’s just found a possible new route. It’s called the train line to the East Midlands from St Pancras station tonight ... ? pic.twitter.com/hIPOMG7Bex
— Chris Ship (@chrisshipitv) December 19, 2020
Կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման լուրերի ֆոնին Բելգիան և Նիդերլանդները որոշել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Նման որոշում կարող են ընդունել նաև Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Ընդ որում, Գերմանիան քննարկում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հարցը, որի իշխանությունները ևս հայտարարել էին կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին։ Դեկտեմբերի 20-ի կեսօրին ավստրիական իշխանությունները ևս հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին։
Իսկ Իսրայելը պատրաստվում է դադարեցնել ավիահաղորդակցությունը ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Դանիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ։ Ավելին, Իսրայելի կառավարությունը ներկայումս քննարկում է բոլոր երկրների համար Իսրայելի սահմանների փակման հարցը։
Լուսանկարը՝ AP/PTI
Մեկնաբանել