ՊՆ-ն նախատեսում է զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի ժամկետը երկարաձգել
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է զինծառայողների՝ 2020 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. մարտի 31-ը:
Նման որոշման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրել։
Նշենք, որ Կառավարությունը 2019 թվականի օգոստոսի 22-ին հաստատեց՝ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերմանը կամ կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիր։ Այդ նպատակով Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին տրամադրվում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկ։
Վարկի հատկացման ժամկետի երկարաձգումը պայմանավորված է կորոնավիրուսով և պատերազմով։ Ինչպես նախագծում նշել է Պաշտպանության նախարարությունը՝ համավարակն ու ռազմական դրությունն էականորեն բացասական են անդրադարձել զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի վրա: Մասնավորապես` շահառուները ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը՝ համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առուվաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով։
Մեկնաբանել