HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ղարաբաղ Կարպետ»-ին հաջողվել է Արցախի ավանդական գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթ, ներկայացնել աշխարհին

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության Ստեփանակերտի արտադրամասը վերսկսել է աշխատանքը: Պատերազմի ժամանակ Ստեփանակերտից տարհանված գորգագործները վերադարձել և շարունակում են գործել կիսատ թողած գորգերը։

«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը գորգագործական առաջին արտադրամասը բացել է 2013թ.-ին, Շուշի քաղաքում։ Նույն տարվա աշնանը Ստեփանակերտ քաղաքում բացվել է երկրորդ արտադրամասը, այնուհետև երրորդը՝ Ճարտար քաղաքում։ Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը վնասվել են արկերի հարվածներից: Շուշի քաղաքը հանձնվեց թշնամուն, այնտեղ մնացին նաև ընկերության արտադրական գույքն ու պահեստավորված գորգերը:

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասում է, որ Երևանում իրեն մեղադրում են Շուշիի արտադրամասը չտեղափոխելու համար, բայց Արցախում ոչ ոք այդպիսի հարց չի տալիս: «Մեղադրում են նրանք, ովքեր չգիտեն, թե այդ օրերին ինչ էր կատարվում Արցախում։ Այս պատերազմը մեր իմացած ոչ մի պատերազմի հետ համեմատելու չէր»,- ասում է Ս. Խաչատրյանը։

Որպես տնօրեն՝ իրեն պատասխանատու է համարում ընկերության գույքի պահպանման համար: Հասկանալի է՝ կորցրածը հարստություն էր և՛ նյութական, և՛ մշակութային առումով: Պատերազմի ժամանակ մտածել է՝ հնարավորության դեպքում Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասի գույքն ու պահեստների պարունակությունը տեղափոխել Շուշի։

Ամենաապահով տեղը Շուշին է համարել որպես թիկունքային ու անառիկ բերդաքաղաք։ Չի տեղափոխել, որովհետև Արցախում բոլորը զբաղված էին, որևէ մեկը ժամանակ ու հնարավորություն չուներ նման բաներով զբաղվելու: Բարեբախտաբար, այսօր միայն Շուշիի արտադրամասն ու պահեստն են կորցրել։

«Ամենավատ երազում անգամ չէինք պատկերացնի Շուշիի անկումը, դա նշանակում էր Արցախի անկում։ Ամենամեծ արժեքը հայրենիքն է, եթե պետք է ընկներ Շուշին, պետք է կորցնեինք հայրենիքը, այլևս հետաքրքիր չէր արտադրամասը փրկելը»,- ասում է Սևակը:

Ընկերության տնօրենը շեշտում է, որ գորգագործության մեջ կարևորը մարդիկ են, ոչ թե սարքավորումները։ Իրենք ավելի մեծ կորուստներ են ունեցել. պատերազմի ժամանակ զոհվել է ընկերությունում արտադրական կարևոր գործառույթ կատարող աշխատակիցը։ Աշխատողները զոհեր ունեն ընտանիքում, անհետ կորածներ, վիրավորներ, աշխատողների մի մասը Արցախ վերադառնալու հնարավորություն չունի՝ կորցրել են իրենց տները։ Շուշիի արտադրամասից առայժմ 5 աշխատող է վերադարձել Ստեփանակերտ և աշխատում այնտեղ: Նրանցից 3-ը գորգ են գործում, 2-ը՝ կարպետ:

Մոտ 30 գորգագործ Հայաստանում է ապաստանել: Տնօրենն ասում է, որ գորգագործությունը դժվար ու առանձնահատուկ ոլորտ է, տարիների ընթացքում են պատրաստել այդ մասնագետներին և ափսոսում են կորցնել նրանց։ «Եթե կորոշեն, որ չեն կարող վերադառնալ Արցախ, օրինակ՝ Շուշիի բնակիչները, որոնք վերադառնալու տեղ չունեն, կփորձենք նրանց համար մի բան անել: Մտածում ենք Շուշիի արտադրամասի փոխարեն այստեղ գտնվողների համար արտադրամաս հիմնել։ Դա թողել ենք հաջորդ տարվան, մինչև բնականոն հուն վերադառնան մարդիկ»,- հայտնեց Սևակը։

Սակայն, մինչև կբյուրեղացնեն իրենց գաղափարները, նախ ուզում են հասկանալ, թե նրանք ինչ ծրագրեր ունեն ապագայի վերաբերյալ: Չեն ուզում պատճառ դառնալ, որ աշխատողներից որևէ մեկը չգնա Արցախ, իսկ ովքեր վերջնականապես կորոշեն հաստատվել Արցախում, նրանց հետ աշխատանքը կշարունակեն այնտեղ։ Սևակն ասում է, որ նույնիսկ Սփյուռքից են աջակցելու պատրաստակամություն հայտնում, որպեսզի արտադրությունը չդադարեցվի։

«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2013թ. ամռանը։ Ընկերության տնօրենն ասում է, որ գորգի արտադրություն հիմնելու նախաձեռնությունը Արցախի Հանրապետության այն ժամանակվա վարչապետ Արթուր Աղաբեկյանինն էր: Կառավարությունն ընկերությանն անվճար տարածքներ է տրամադրել, հավելյալ արտոնություններ սահմանել՝ պայմանով, որ արտադրամասեր պետք է ստեղծեին Արցախի բոլոր վարչական շրջաններում, լուծեին բնակչության զբաղվածության հարցը։ Անցնող տարիներին արտադրամասեր են բացել 5 շրջանում՝ Շուշի, Ստեփանակերտ, Ճարտար, Բերձոր և Հադրութ քաղաքներում։

Սևակ Խաչատրյանը նշում է, որ Արցախում բոլոր պայմանները ստեղծվել էին գորգագործությունը զարգացնելու համար: «Ղարաբաղ Կարպետ»-ի գորգերը գործվում են բնական հումքից՝ տեղի ոչխարի բրդից թել են ստանում, որը լավագույնն է տարածաշրջանում։ Իրենք միայն թելն են ուրիշ գործարանից գնում, մնացածը տեղի է ունենում իրենց գործարանում, որն իր ներկատունն ունի, վերամշակման տարբեր արտադրամասերը: Գորգագործական ողջ պրոցեսը ձեռքով է կատարվում՝ նույնիսկ լվանալը:

«Այն տարիներին 200 գորգագործ ունեինք, որը շատ մեծ թիվ էր: Խորհրդային Միությունից հետո երբեք այդքան գորգագործ մի տանիքի տակ չէր հավաքվել։ Սկսեցինք մեծ քանակով որակյալ արտադրանք թողարկել, սակայն իրացման խնդիրը դժվարացավ»,- պատմում է Ս. Խաչատրյանը: Ժամանակի ընթացքում Հադրութի և Բերձորի արտադրամասերը փակվել են: Մինչև պատերազմը սկսվելը 120 հոգի իրենց գործունեությունը բնականոն շարունակում էին երեք արտադրամասում։

Սոցիալական ծրագիր են իրականացնում ԱՀ-ի սոցապ նախարարության հետ, տարեկան 15 աշխատատեղ են տրամադրում խոցելի խմբերին: Աշխատողների համար տարիքային սահմանափակում չունեն, խուլ ու համր երիտասարդներին են արհեստը սովորեցրել և աշխատանքի են ընդունել:

Արցախում գորգագործությունը փոխանցել են սերնդեսերունդ 

Գորգագործությունն Արցախում ավանդական է, արցախցի կանայք սերնդեսերունդ փոխանցել են այդ արհեստը: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրենն ասում է, որ արտադրություն հիմնելու իրենց գլխավոր նպատակը գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթի անբաժան մաս, պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելն էր։ Արցախում գտել են ընտանիքների, որոնց տներում գորգագործական դազգահներ կան, և նրանք շարունակում են ձեռագործ գորգեր գործել: Նրանք տիրապետում են գորգագործության ողջ պրոցեսին՝ խուզում են ոչխարը, բուրդը՝ մաքրում, սանդուղքով գզում, իլիկով կամ ճախարակով մանում են։ Տարվա տարբեր եղանակներին ծաղիկներ ու արմատներ են հավաքում թելերը ներկելու համար և գործում են։

Այդուհանդերձ, Խաչատրյանի ասելով՝ արտադրություն սկսելու համար հավաքագրված կանանց 15-20 %-ն էր պատրաստի գորգագործ, իսկ իրենք տնայնագործական մակարդակով չէին կարող արտադրություն հիմնել։ Երևանից Արցախ են հրավիրել այդ գործում փորձառու Հասմիկ Մխիթարյանին, որպեսզի գորգագործության հմտությունները փոխանցի կանանց։

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը պատմում է, որ Արցախ է գնացել երկու շաբաթով՝ գորգագործություն սովորեցնելու և արտադրական մակարդակով սկիզբը դնելու համար, բայց Արցախում մնացել է 7 տարի։ Ասում է, որ ընկերությանը հաջողվեց տնայնագործականից կրկին արտադրական մակարդակի բերել գորգագործությունը, 200 կանանց արհեստ են սովորեցրել, ովքեր այն փոխանցում են սերունդներին։

«Գովելին այն էր, որ երիտասարդները ցանկանում էին գորգագործություն սովորել: Ունեինք 15 տարեկան երեխաներ, որոնք աշխատում էին իրենց ծնողների հետ և շատ էին սիրում այդ աշխատանքը: Սա շատ հայրենանվեր գործ է, որովհետև գորգագործությունը՝ որպես մշակույթ, Հայաստանում անհետանում էր: Արցախի տարբեր կրթօջախներում ուսուցումը տարվում էր, բայց արտադրական մակարդակով վաղուց ընդհատվել էր»,- ասում է Հասմիկը:

Ընկերության արտադրության մեջ գերակշռող են Արցախի և Սյունիքի գորգերը: Արտադրում են նաև Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների, Լոռիի գորգերը, դասական, մոդեռն ոճի գորգեր, եթե պատվիրում են: Արտադրությունը սկսելուց առաջ ուսումնասիրել են պատմական Հայաստանի տարբեր շրջանների գորգերը, համագործակցել են Արցախի և Հայաստանի լավագույն մասնագետների՝ գորգագործների, պատմաբանների, ազգագրագետների հետ:

«Կան գորգեր, որոնք միայն Արցախում են գործել, մենք լուսանկարում էինք տներում պահպանված հին գորգերը: Շատ գորգերի թանգարանային նմուշների ճիշտ կրկնօրինակներն ենք արտադրել՝ չափերով, գույներով, դիզայնով: Կան գորգեր, որոնց կրկնօրինակները միմիայն մենք ենք արտադրում: Մեզ թույլ տվեցին թանգարաններում պահվող գորգերը լուսանկարել և կրկնօրինակները ստեղծել»,- պատմում է Սևակը: Ընկերության դիզայները տեխնիկական նկարը նորովի էր պատկերում, գունային համադրությունն էր ստեղծում: Այդպես՝ մեկ օրինակից գործել են Բեռլինի թանգարանում գտնվող մի գորգ, որպես թանգարանային նմուշ:

Տկն Հասմիկը շեշտում է հայկական գորգերի առավելությունը աշխարհում հայտնի այլ գորգերի նկատմամբ՝ միայն հայկական գորգերն են կրկնակի հանգույցով գործվում, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանվել են:

«Գորգերը պատմություն ունեն, բոլորի նշանակությունն ու բացատրությունը գրառել ենք: Մեր գորգերը նաև դրանով են տարբերվում աշխարհում: Զբոսաշրջիկների համար դա շատ հետաքրքիր է, զարմանքով հարցնում են, թե ինչու պետք է գորգի զարդանախշը ինչ-որ բան նշանակի»,- գործընկերուհու մեկնաբանությունն է լրացնում Սևակը: Ասում է, որ գորգերի պատմությունը լավ հանրայնացնելը նպաստում է վաճառքի ծավալն ավելացնելուն:

Տարիներ շարունակ ադրբեջանցիները արցախյան գորգերը ներկայացրել են որպես ադրբեջանական մշակույթ և աշխարհում լուրջ հաջողություններ են ունեցել: «Ամենակարևորը՝ մենք կարողացանք տեղ հասցնել, որ արցախյան գորգը հայկական գորգ է և ոչ թե ադրբեջանական, կարողացանք հակազդել Ադրբեջանի կեղծարարությանը՝ մշակույթը յուրացնելու հարցում»,- հայտնեց ընկերության տնօրենը։

«Ղարաբաղ Կարպետի» գորգերով հետաքրքրված են Ռուսաստանում և Եվրոպայում։ Վաճառքը հիմնականում օնլայն են իրականացնում: Պատվիրատուներն օնլայն հարթակում ընտրում են գորգը, վճարում են, ընկերությունն ընտրված գորգը արտահանելու համար թույլտվություն է ստանում և առաքում է։

Սևակն ասում է, որ Երևանում 2014թ.-ից խանութ ունեին, սակայն պատերազմից հետո է իրենց արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել: «Շատերն այս օրերին իմացան մեր մասին, երևի ակտիվ աշխատանք չէինք տարել մեզ ներկայացնելու համար (խանութը գործում է «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում): Մենք հիմա դժվարին վիճակում ենք հայտնվել։ Մեր աշխատողները հայրենազրկված են, Շուշիի բոլոր աշխատակիցները տնազրկված են, իսկ մյուսները տարբեր տեղեր են տեղահանվել, ցրված են Հայաստանի տարբեր վայրերում։ Քանի որ պատերազմը խաթարեց մեր գործունեությունը, որոշեցինք պահեստավորված ողջ արտադրանքը վաճառքի հանել 30% զեղչով, որպեսզի կարողանանք աշխատավարձ վճարել նրանց»,- ասում է Ս. Խաչատրյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter