HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրվագներ պարտության պատմությունից

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, հազարավոր անձանց նման, ես նույնպես որոշեցի երկրիս ծառայել նաև մարտի դաշտում` այն հույսով, որ պատերազմը վերջնականապես կավարտվի և չի հասնի մեր սերունդներին։ Մեր վաշտը բաղկացած էր 90-100 զինվորից։ Երկու անքուն գիշերվանից հետո մեզ ուղարկեցին մարտական գործողությունների գոտի։ Երևանից գիշերով, անհարմար ավտոբուսներով 5-6 ժամ ճանապարհ ենք անցել և հասել Գորիս՝ ակնկալելով, որ այնտեղ մի քանի ժամ հանգիստ կառնենք։ Սակայն, հանգստի ժամանակ չտվեցին, համալրելով զինամթերքը՝ զինվորական բեռնատարներով մեր վաշտը տեղափոխեցին մարտական գործողությունների վայր։

Վաշտում բոլորը միմյանց անծանոթ էին, հասցրել եմ հիշել միայն իմ ջոկի մի քանի տղաների անունները։ Մեր ուսուցումը տևել է ընդամենը 1 օր։ Հավաքված էին տարբեր խաղաղ մասնագիտությունների տեր անձինք, հրամանատարական կազմը նույնպես անփորձ էր։ Գորիսից տեղափոխելիս մեզ չէին հայտնել, թե ուր են տեղափոխում։  

Մեր զորքն իջեցրին նշանակված վայրում, և մեքենաները հեռացան։ Տեղանքն անծանոթ էր, հայկական ուժերի դիրքերի և հակառակորդի միջև տեղի էր ունենում փոխհրաձգություն, սակայն մեզ համար հստակ չէր, թե որտեղ են մեր դիրքերը, իսկ որտեղ՝ հակառակորդինը, հստակ չէր նաև մեր առջև դրված խնդիրը (Էլ չասած, որ մեր շարասյունը հայտնվել էր կրակահերթի տակ, իսկ մենք նույնիսկ չգիտեինք, թե որ ուղղությունից են մեզ վրա կրակ արձակում)։ Որոշեցին, որ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը լինելու է X կողմից, ուստի դիմացի բլրի վրա սկսեցինք դիրքավորվել։ Մեկ-երկու ժամ անց բոլորիս ետ կանչեցին, ասացին, որ սխալ տեղ ենք դիրքավորվել։ Նոր տեղանք հասնելով՝ կրկին սկսեցինք դիրքավորվել։ Գիշերը մնացինք այդտեղ, որտեղ էլ սկսեցինք խրամատավորվել։

Հաջորդ օրվա երեկոյան մեր վաշտի աջ թևը, որը բլրի վրա էր, փոխհրաձգության մեջ մտավ։ Մի մասը գոռում էին, որ չկրակեն՝ մերոնք են, մյուսները պատասխանում էին, որ մերոնք չեն։ Այլ խոսքով՝ խառնաշփոթ իրավիճակ էր, պարզ չէր՝ խոսողն ով է, պատասխանողն՝ ով, մենք մեր հրամանատարների ձայնը չէինք ճանաչում, թեև հրամանատար ասվածը տվյալ դեպքում սիմվոլիկ է, իրենք նույնպես անպատրաստ էին, ես չեմ կարող իրենց մեղադրել։ Հրաձգությունից մոտ մեկ ժամ անց մեզ հրամայեցին, որ պետք է գնանք կողքի բլուրը, ասացին՝ ինչ-որ կապիտան է եկել և բոլորին կանչում է։ Թողնելով դիրքերը՝ գնացինք նշված վայր, հասնելուն պես այնտեղ չտեսանք ո'չ հիշյալ կապիտանին, ո'չ էլ մեր վաշտի հրամանատարին։ Բլրի վրա արդեն հավաքվել էինք մոտ 20 անձ։ Անկեղծ ասած՝ ես մտածում էի, որ կրկին սխալ ենք դիրքավորվել և նորից պետք է դիրքերը փոխենք։ Անորոշության մեջ մի փոքր սպասելուց հետո հակառակորդի զրահամեքենայից մեր բլուրը սկսեցին գնդակոծել։ Վաշտի մնացած մասի հետ կապ չկար, հրամանատար չկար։ Մեր բախտից սկսել էր մթնել։ Տղաներից մեկը հիշել էր բարձրաստիճան զինվորականներից մեկի հեռախոսահամարը, զանգահարեց նրան և տեղեկացրեց ստեղծված իրավիճակի մասին։ Մեզ պատասխանեցին, որ մեքենա կուղարկեն մեզ այնտեղից հեռացնելու համար։ Մթության քողի տակ իջել ենք մեքենայի ժամանման վայր, որով էլ մեզ այդտեղից տեղափոխել են։ Այդ պահից վաշտի հրամանատարին չենք տեսել։ Գիշերով մեր վաշտի զինվորները ով ոնց կարող էր ետ էր քաշվել, մի մասը մնացել էր ծուղակի մեջ։ Հետագայում իմացանք, որ մեր կողքի դիրքը հակառակորդը գրավել էր և ենթադրում եմ, որ մեզ նահանջի հրաման էր տրված։

Հիշում եմ առավոտյան մի քանի զինվորներ վիճում էին բարձրաստիճան սպաներից մեկի հետ՝ ասելով՝ չգիտեի՞ք, որ ծուղակի մեջ ենք, ինչո՞ւ չէիք օգնում։ Նման պայմաններում այլևս անհնար էր համախմբել զինվորներին, թեև փորձեր եղել են, սակայն անորոշությունը և անվստահությունը չափազանց մեծ էր մարտական շարքերը վերականգնելու համար։

Հիմա ցանկանում եմ անդրադառնալ մի քանի խնդրահարույց հարցերի․

1․ Մեր զորքը մարտական գործողությունների վայր հասավ անքուն, հոգնած և լարված։ Այս հանգամանքը չէր նպաստում մարտունակության բարձրացմանը, գումարած նրան, որ տեղանքն անծանոթ էր, մեր առջև դրված խնդիրը հստակ չէր։ Մեզ արդեն մարտի մեջ գտնվող զորքի մեջ ներդնելու փոխարեն, թողել էին առանձին։ Ընդհանրապես անորոշությունը շատ մեծ էր, իսկ այն ավելի վատ է, քան դաժան ճշմարտությունը։ Մինչև մարտական գործողությունների վայր մեկնելն իրավիճակի վերաբերյալ ունեինք այլ պատկերացում, սակայն իրականությունն այլ էր։ Մեզ պետք է զգուշացնեին, որ իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, ինչպես հրամցվում էր հանրությանը, ինչի՞ց էին վախենում, որ կարող է հանկարծ տղաները վախենային և չցանկանայի՞ն մեկնել մարտի դաշտ։ Նախ՝ ում հետ որ հասցրել եմ ծանոթանալ, մեծի մասամբ նվիրյալներ էին, նույնիսկ մարդ կար, ով ընտանիքով ապրում էր արտերկրում, սակայն հատուկ եկել էր Հայաստան երկրի պաշտպանությանը մասնակցելու նպատակով։ Բոլորն էլ հասկանում էին, որ ոմանք այլևս չեն վերադառնա։ Նույնիսկ եթե կարող էին լինել մարդիկ, ովքեր կհրաժարվեին մեկնել առաջնագիծ, դա ավելի լավ կլիներ, այդպիսի մարդիկ այնտեղ պետք չեն։    

2․ Բոլորովին անծանոթ անձանց չի կարելի ուղարկել մարտական գործողությունների վայր, դա առաջացնում է շատ մեծ հոգեբանական խնդիր, շատ ավելի արդյունավետ է լինում, երբ անձը ճանաչում է, թե ով է իր կողքին դիրքավորված, կարևոր է, որ այդ անձանց միջև ձևավորված լինեն ընկերական հարաբերություններ։ Բացի այդ, ժամանակ է պետք, որ անձը հարմարվի իր նոր կարգավիճակին։ Կան բազմաթիվ հոգեբանական գործոններ, որոնք անտեսելը հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Էլ չասած, որ եթե ինչ-որ մեկը հայկական համազգեստով ներդրվեր մեր շարք, մենք նրան նույնիսկ չէինք տարբերի։

3․ Ոչ պակաս կարևոր է հոգեբանական կապը զինվոր-հրամանատար հարաբերություններում, զինվորը պետք է ոչ միայն ճանաչի հրամանատարին, այլև ճանաչի նրա ձայնը։ Պետք է ձևավորված լիներ փոխադարձ վստահության մթնոլորտ։ Էլ չասած, որ մեր վաշտում տարիքային տարբերությունը տատանվում էր 20-50 տարեկանի միջև։ Անհրաժեշտ էր հատուկ վերապատրաստում նաև հրամ․ կազմի հետ, բացի այդ, պետք էր ստուգել՝ արդյոք նրանք ունե՞ն բավարար հմտություններ ղեկավարելու և ռազմական իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ, թե՞ ոչ։     

4․ Չափազանց կարևոր է համապատասխան պատրաստվածությունը, ինչպես արդեն նշեցի, մեր վերապատրաստումը տևել է ընդամենը 1 օր։ Ին՞չ էին ակնկալում այդ մեկօրյա պատրաստությունից, որ մեկ օրում անձինք կդառնան մարտունա՞կ։ Կոնկրետ իմ օրինակով կարող եմ ասել, որ 15 տարուց ավելի զբաղվել եմ մտավոր աշխատանքով, ակնկալում էի, որ գոնե մեկ շաբաթ կանցկացվեն կրակային, ֆիզիկական և հոգեբանական վերապատրաստումներ։ Դա տեղի չունեցավ, գումարած դրան՝ յուրաքանչյուր զինվոր իր վրա կրում էր 20-30 կգ բեռ (զրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփշտակալներ, ուսապարկ և այլն)։ Այդ ամենով հանդերձ՝ կարծում էին, որ առանց անհրաժեշտ վերապատրաստման զինվորները կարո՞ղ են լինել մարտունակ։ Իհարկե, կարող են ասել, որ ժամանակ չկար, առաջնագծում մարդ չկար։ Այդ դեպքում ինչո՞ւ մոբիլիզացիան ավելի շուտ չկազմակերպվեց, թե՞ չգիտեին, որ պատերազմ է լինելու, իսկ եթե չգիտեին, դա ավելի վատ։

Հանգամանքներ կան, որոնք նպաստում են մարտունակության բարձրացմանը, իսկ կան հանգամանքներ, որոնք նվազեցնում են մարտունակությունը, և մարտական գործողությունների ուղարկելուց առաջ թիվ մեկ խնդիրը պետք է լիներ մարտի դաշտ ուղարկել մարտունակ զորք։ Մեր դեպքում ստեղծված էին բոլոր պայմանները զորքի մարտունակությունը զրոյի հասցնելու համար։ Ենթադրում եմ, որ պաշտպանության նախարարությունում պետք է հասկանային այդ ամենը։ Ամենավատն այն է, որ այդ երևույթը կրկնվում էր շաբաթներ շարունակ, սակայն խնդիրը հասկանալու, պատճառները վերլուծելու և իրավիճակը շտկելու փոխարեն շարունակում էին նույն գործելաոճը, անպատրաստ տղաներին շարունակում էին ուղարկել առաջնագիծ, արդարացում էին գտել, որ մեր կամավորները և ՄՈԲ-ը պատրաստ չէին այս տիպի պատերազմի, այդ պատճառով էլ նահանջում էին։ ՍՈՒՏ, կատարյալ ՍՈՒՏ։ Եթե տղաները ինչ-որ բանից վախենում էին, ապա նրանից, որ կարող է նահանջի հրաման լինել, բայց իրենց չտեղեկացնեն այդ մասին, վախենում էին նրանից, որ ապաշնորհ հրամանատարի պատճառով կարող են հայտնվել ծուղակի մեջ, վախենում էին, որ ոչ ոք իրենց չէր օգնի ծուղակից դուրս գալ, վախենում էին, որ իրենց կյանքը անիմաստ կզոհեն՝ անկազմակերպ և փնթի իրավիճակի պատճառով։ Այ նման բաներից էին վախենում տղաները։ Ձախողումները փորձելով բարդել կամավորների և ՄՈԲ-ի վրա՝ դա պարզապես կրկնակի հանցանք է։

Ես ընդամենը փորձեցի ներկայացնել մի փոքրիկ դրվագ, իրականում չեմ կարող թղթի միջոցով լիարժեք փոխանցել այն անկազմակերպվածությունը, որը տիրում էր։ Ցավոք սրտի, մեր վաշտում նույնպես ունեցանք կորուստներ։ Մեր յուրաքանչյուր զոհված զինվորի մահվան հանգամանքները պետք է դառնան քննության առարկա, ես վստահ եմ, որ զոհերի ճնշող մեծամասնությունը անկազմակերպ և անգրագետ աշխատանքի արդյունք է, որից մենք կարող էինք խուսափել։ Առանձին գնահատականի են արժանի այն սպաները և հրամանատարները, որոնք մարտական առաջադրանքներ կատարելիս իրենց գրագիտության և նվիրվածության շնորհիվ չվատնեցին զինվորների կյանքը, փորձեցին ամեն ինչ անել խառնաշփոթ թույլ չտալու և իրավիճակը շտկելու համար։ Հիմա կարևորագույն խնդիրն է՝ իմ նշած արժանապատիվ սպաները կարճ ժամկետում կարո՞ղ են վերականգնել մեր զորքի մարտունակությունը, թե՞ ոչ, այն հույսով, որ նրանց խանգարող չի լինի։ 

Փաստաբան Ռոբերտ Ռևազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter