Դատարանը բեկանել է Միհրան Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվության որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի բնակարանում խուզարկություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։
Հակոբյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը։ Խուզարկությունը թույլատրելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Ըստ այդ որոշման՝ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ստացած քննիչն այնտեղ կարող էր փնտրել հավաք կազմակերպելուն առնչվող առարկաներ, օրինակ՝ բարձրախոս, թուղթ, որի վրա հավաքի մասնակիցների անուններ կլինեին, էլեկտրոնային կրիչ։ Այդպիսիք բնակարանում չեն հայտնաբերվել, սակայն, Շխիմյանի խոսքով, խուզարկության ժամանակ առգրավել են Հակոբյանին սեփականության իրավունքով նրան պատկանող այլ իրեր, որոնց այժմ պետք է վերադարձվեն նրան։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 19-ին։ Միհրան Հակոբյանը ձերբակալվել է նոյեմբերի 20-ին։ Շխիմյանի խոսքով՝ Հակոբյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվությունը կայացրած դատավորին որևէ տվյալ չի ներկայացվել այն մասին, որ Միհրան Հակոբյանը ցույցի վայրում է եղել։ Գործում առկա է միայն Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի օպերատիվ բնույթի գրություն, որում նշված է, որ ինչ-որ անձինք նշված օրը նշված վայրում ցույց են անելու։
Նշենք, որ օրենքով սահմանված կարգի խախմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու արարքը համարվում է ոչ մեծ ծանրության արարք, սանկցիան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք է կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։
Լուսանկարը՝ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել