HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատարանում 10 տարի հայցի քննվելուն զուգահեռ վեճի առարկա գույքը մի քանի անգամ վաճառվել է

Երևանի Պարոնյան փողոց 1 շենքի բնակարաններից մեկը, որպես ժառանգություն, պետք է տրվեր 2 անձի, սակայն նոտարի գործողությունների հետևանքով ժառանգությունը ստացել է միայն մեկը։ Ժառանգությունից զրկված քաղաքացին 10 տարի դատարանում պայքարել է իր իրավունքների համար, բայց դատական ակտը կայացնելու ժամանակ գույքը բաժանված է եղել երկու մասի և մի քանի ագամ վաճառվել է։ Հայցվորը, ողջամիտ ժամկետում չկարողանալով իրացնել դատաքննության իրավունքը, զրկվել է իր ժառանգությունից և փոխհատուցում չի ստացել։

Երևանի Պարոնյան 1 շենքի թիվ 37 բնակարանի նկատմամբ գրանցված է եղել Հռիփսիմե Ղալաչյանի և Սարգիս Ղալաչյանի սեփականության իրավունքը։ Հռիփսիմե Ղալաչյանի հայրը՝ Սարգիս Ղալաչյանը, մահացել է 2002 թ.-ին։ Նրա երկրորդ կինը՝ Էմմա Բազոյանը, մահից հետո դիմել է նոտար Էմմա Շաբոյանին, որպեսզի ժառանգության գործ բացի: Նույնն արել է դուստրը՝ Հռիփսիմե Ղալաչյանը, մեկ այլ նոտարի մոտ։ Բնակարանը որպես ժառանգություն փոխանցվել է կնոջը՝ Էմմա Բազոյանին։ Արդարադատության նախարարության նոտարական բաժնի պետը Հռիփսիմե Ղալաչյանին գրությունով հայտնել է, որ Էմմա Բազոյանը նոտարական գրասենյակում թաքցրել է այն հանգամանքը, որ Սարգիս Ղալաչյանը դուստր է ունեցել, ուստի Հռիփսիմե Ղալաչյանը պետք է դիմի դատարան։

2010 թ.-ին Հռիփսիմե Ղալաչյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի առաջին նոտարական գրասենյակի նախկին նոտար Էմմա Շաբոյանի։ Հայցը վարույթ է ընդունվել, ապա հայցի ապահովման միջոցը բավարարվել է՝ գույքի վրա արգելանք է դրվել։ Էմմա Բազոյանը ներգրավվել է երրորդ անձ։

Էմմա Բազոյանին ժառանգության վկայագիր տրամադրած նոտար Էմմա Շաբոյանը գրավոր հայտնել է դատարանին, որ գործել է օրենքի պահանջով։ Իսկ Էմմա Բազոյանն առարկել է հայցի դեմ, նշել է, որ ինքը չի թաքցրել Սարգիս Ղալաչյանի դուստր ունենալու փաստը, բացի այդ՝ Հռիփսիմե Ղալաչյանը օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ժառանգության վկայագիր ստանալու համար, դատարան էլ դիմել է 4 տարի անց։ Այդպիսով՝ Էմմա Բազոյանը դատարանից պահանջել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել։

2006 թ.-ին Էմմա Բազոյանը տունը վաճառել է։ Գնորդը գույքը բաժանել է երկու մասի։ Ստացել է հասցեներ՝ Պարոնյան փողոց 37 տարածք և Պարոնյան փողոց 1շ. 36, 37 տարածք։ Պարոնյան փողոց 37 տարածքը վաճառել է, որը հետագայում ,որպես ժառանգություն, փոխանցվել է այլ անձանց։ Պարոնյան փողոց 1շ. 36, 37 տարածքն էլ երեք սեփականատեր է փոխել։

Իր վճռում դատարանը եզրակացրել է, որ նոտար Էմմա Շաբոյանը, ունենալով Սարգիս Ղալաչյանի հնարավոր ժառանգների գոյության փաստը ստուգելու իրավասություն, չի փորձել դա անել և Էմմա Բազոյանին է տվել Սարգիս Ղալաչյանի գույքն ամբողջությամբ ժառանգելու իրավունքը։ Դատարանը գտել է, որ ժառանգության ½-ի մասով ոչ իրավաչափ է եղել նոտարի գործողությունները։ Չի բավարարվել բնակարանի նկատմամբ պետական գրանցումն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը, քանի որ բնակարանի նկատմամբ հետագայում բազմաթիվ գործարքներ են կատարվել։ Դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վճռել է հայցը բավարարել մասնակի՝ ոչ իրավաչափ ճանաչել նախկին նոտար Էմմա Շաբոյանի գործողությունները, որի արդյունքում ժառանգ Հռիփսիմե Ղալաչյանը ո՛չ իր գույքն է ստացել, ո՛չ էլ՝ դրա դիմաց փոխհատուցում։

Դատարանը զրկել է հայցվորին իր պահանջը ստանալու հնարավորությունից

Փաստաբան, իրավական հարցերով փորձագետ Աշխեն Դաշյանը դատարանում ներկայացրել է հայցվորի շահերը։ Վերլուծելով դատական ակտը դատաքննության ընթացքը՝ նա եկել է եզրահանգման, որ գործի քննության առաջին 4 տարիներին նոտարը ազատված չի եղել պաշտոնից, և եթե այդ ընթացքում վճիռ լիներ, ապա Նոտարական պալատը կկարողանար այսօր հատուցել նոտարի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով պատճառված վնասները։ Ավելին, գործի քննության 10 տարիների ընթացքում փոխվել է ներպետական օրենսդրությունը, որի հետևանքով իրավական պաշտպանություն հայցող անձը չի կարողացել հասնել իր պահանջի ամբողջական բավարարման։

Գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման վրա ազդել է նաև դատավարության ոչ պատշաճ կողմերի ներգրավումը։ Միայն երկու տարի դատարանը իր նախաձեռնությամբ ներգրավել է դատավարության տարբեր կողմեր՝ երրորդ անձինք, մինչդեռ այդ նույն երրորդ անձանց մասով հստակ դատական ակտով արձանագրել է, որ անհնար է այդ երրորդ անձանց կողմից կնքված գործարքներն ու պետական գրանցումներն անվավեր ճանաչել, քանի որ բոլորը կորցրել են իրավաբանական ուժը։ Այսինքն՝ դատարանի կողմից դատական և իրավական պաշտպանություն հայցող անձի ռեսուրսները ոչ նպատակային են օգտագործվել:

Սույն գործով շուրջ երկու տարի քննվել է միայն այն հարցը, թե ազատված նոտարի դեպքում, ով պետք է որպես իրավահաջորդ հանդես գա դատարանում՝ Նոտարական պալա՞տը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հարցի հանգուցալուծումը Վճռաբեկ դատարանը գտել է դեռևս 2016թ.-ին, որից հետո Վարչական դատարանը ուղղակիորեն պետք է ներգրավեր Նոտարական պալատին՝ որպես պատասխանող, սակայն միայն հայցվորի 2019թ. միջնորդության արդյունքում է Նոտարական պալատը ներգրավվել որպես երկրորդ պատասխանող։

Գույքն օտարելը արգելվել է, բայց մի քանի անգամ վաճառել են

Աշխեն Դաշյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հայցվորը 2010 թ.-ին տեսել է՝ բնակարանի վրա փակցված է «Բարս» անշարժ գույքի գործակալության գովազդային պաստառը՝ «տրվում Է վարձակալության» գրությամբ։  Դատարանին խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց, որը բավարարվել է։ Կադաստրի կոմիտեին արգելվել է Երևան քաղաքի Պարոնյան 1 շ. թիվ 37 բնակարանի նկատմամբ կատարել որևէ գործարքի պետական գրանցում՝ մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը։ 2011-2018թթ. Հռիփսիմե Ղալաչյանը, վստահ լինելով, որ գույքի նկատմամբ որևէ գործարք չի իրականացվի, շարունակել է իր դատական պաշտպանությունը: Մինչդեռ 2018թ.-ին կադաստրային գործի նյութերը ստանալուց պարզել է, որ դատարանի որոշման հիման վրա արգելադրված բնակարանը մի քանի անգամ օտարվել է, բաժանվել է առանձին գույքային միավորների և վերավաճառվել է։

Հայցվորը, հասկանալով, որ նախորդ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարվելուց հետո իր նպատակին չի ծառայել, կրկին նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը, պատճառաբանելով, որ Կադաստրի կոմիտեին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է պարտադրեր գույքի վաճառքից հետո պետական գրանցում չիրականացնել, միջնորդությունը մերժել է։ Հայցվորը բողոքարկել է Կադաստրի կոմիտեի և ՀԿԱԾ–ի գործողությունները, սակայն ապարդյուն՝ բողոքները չեն բավարարվել։

Ըստ փաստաբանի՝ միանշանակ է, որ հայցը ողջամիտ ժամկետում չի քննվել, իսկ բարդության տեսանկյունից այդքան ժամանակ այդ գործի քննության համար ևս չէր պահանջվում։ «Գործի քննության արագությունը շատ կարևոր էր այս դեպքում, քանի որ գույքի արգելանքը պահպանված չէր, գույքը պարբերաբար վաճառվում էր, և ամեն անգամ ավելի ու ավելի էինք հեռանում պահանջից, քանի որ արդեն կարող էին բարեխիղճ ձեռք բերողի հարց բարձրացնել բնակարանի գնորդները»,- նկատում է Աշխեն Դաշյանը։

Գործի քննության ողջամիտ ժամկետների վրա ազդել են նաև դատարանի կողմից դատավարության ոչ պատշաճ կողմերի ներգրավումը, երբ դատարանը վերջնական վճռով եզրահանգում է, որ նրանց հետ կնքված գործարքները այլևս իրավաբանական ուժ չունեն և չեն կարող անվավեր ճանաչվել:

ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել

Հռիփսիմե Ղալաչյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատ է ներկայացվել Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներով՝  ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման, այդ խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման արդյունքում գույքային իրավունքների խախտման վերաբերյալ։

Հայցվորը նաև դիմել է Նոտարական պալատ նոտարի գործողությունների հետևանքով կրած վնասի փոխհատուցման պահանջով, սակայն մերժում է ստացել։ Մերժումը բողոքարկել են Արդարադատության նախարարին և կրկին մերժում ստացել։ Դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ պատասխան չեն ստացել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց հետո ՄԻՊ–ը Սահմանադրական դատարան է դիմել։ ՍԴ-ում ողջամիտ ժամկետների խախտման դեմ իրավունքների պաշտպանության միջոցի բացակայության հիմքով վարույթ է սկսվել։

Այդ ամենից հետո 2020 թ.-ի նոյեմբերի 11-ին դիմել են դատարան և պահանջել Արդարադատության նախարարությանը պարտավորեցնել հայցվորին փոխհատուցել նոտարի գործողությունների հետևանքով կրած վնասը՝ 9 միլիոն դրամ։

Շենքի լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter