Ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի որոշ դրույթներ առաջարկվում է հետաձգել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը և Հովիկ Աղազարյանն առաջարկում են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի՝ 2021 թվականի ուժի մեջ մտնող դրույթները մեկ տարով հետաձգել:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 13-ին օրենքում փոփոխություններ են արվել, որոնց համաձայն, ի թիվս այլ փոփոխությունների, 2022 թվականի մարտի 15-ից հանրային սննդի բոլոր վայրերում ծխելն արգելվելու է:
Ըստ օրենքի՝ ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստ, որը պետք է զետեղվի ցանկացած տուփի երկու առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ՝ շրջանակը:
Այս փոփոխությունն ուժի մեջ պետք է մտներ 2021 թվականի հունվարի մեկից, պատգամավորներն առաջարկում են մեկ տարով հետաձգել այն:
Հունվարի մեկից պետք է արգելվեր նաև ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: Պատգամավորները այս փոփոխությունն ուժի մեջ մտնելը ևս առաջարկում են երկարաձգել մեկ տարով:
Մյուս փոփոխության երկարաձգումը հետևյալն է՝ արգելել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
Ըստ համահեղինակների՝ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կորոնավիրուսից և ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության և հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաև` որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ:
Պատգամավորները հիշեցրել են, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ բարձրաձայնվել էին մի շարք մտահոգություններ` կապված փաթեթի տնտեսական նպատակահարմարության և բիզնեսի վրա ազդեցության, վարչարարության, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի հետ հակասության, տուգանքների անհամաչափության և այլ հարցերի հետ: Նախագիծն ընդունվել է պայմանով, որ Ազգային ժողովի նախաձեռնությամբ օրենքում կկատարվեն փոփոխություններ:
«Կորոնավիրուսի և հետո նաև` պատերազմական վիճակով պայմանավորված հրատապ խնդիրները թույլ չտվեցին պատշաճ աշխատել փոփոխությունների փաթեթի վրա: Մյուս կողմից, սակայն, նույն կորոնավիրուսն ու պատերազմը զգալիորեն վատթարացրել են տնտեսության և տնտեսվարողների վիճակը, հանգեցրել պահանջարկի նվազման և հավելյալ ռիսկեր ստեղծել»,- նշվում է նախագծում:
Ըստ հեղինակների՝ ընդունման արդյունքում կմեղմվի այս ոլորտում գործող մի քանի հազար տնտեսվարողների վրա բացասական ազդեցությունը` թույլ տալով առժամանակ ստանալ որոշակի եկամուտներ:
Մյուս կողմից այդ դրույթների հետաձգումը թույլ կտա ժամանակ տրամադրել և պատշաճ վերլուծել այս փաթեթի տնտեսական և այլ ազդեցությունները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում, ինչպես նաև հասկանալ` արդյոք առանձին դրույթների փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ սա դեռևս նախագիծ է, և օրենքի ուժ ստանալու համար անհրաժեշտ է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո ԱԺ նիստում պետք է քվեարկության ներկայացվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել