
Պաշտպանը գնահատում է Երևանի քաղաքապետարանին
Երևանի Քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Քաղաքապետարանի կողմից անբավարար վերահսկողության արդյունքում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և խաղահրապարակներում հաճախ իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն կանխվել:
Քաղաքապետարանը կրպակների ապամոնտաժման ծրագիրն իրականացնելիս հիմնականում չի ապահովել անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, ինչի հետևանքով խախտվել են համապատասխան անձանց իրավունքները, և առաջացրել սոցիալական լարվածություն:
Չի սահմանվել Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմինը, որը պատշաճ հսկողություն պետք է իրականացներ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատողների` օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանը բավարար չափով չի վերահսկել համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությունը` կապված շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ու դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ:
Առանձին դեպքում (Կոմիտաս 26 հասցեում) քաղաքացուն տրամադրվել է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք հետագայում նույն մարմնի կողմից վերացվել են` օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լինելու պատճառաբանությամբ:
Երևանի քաղաքապետարանը ոչ բոլոր դեպքերում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքաշինական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց: Այսինքն՝ դրսևորել է խտրական և կամայական մոտեցում:
Մտահոգիչ է Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը: Բավարար չափով չեն իրականացվել հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու և ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները, և հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրեր, որի հետևանքով շարունակել են խախտված մնալ վերջիններիս իրավունքները:
Արձանագրված դրական զարգացումները
Համայնքներում իրականացվել են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
Վերականգնվել, կահավորվել և կառուցվել են հասարակական տրանսպորտի նոր կանգառներ:
Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ կարողացել է լուծել թափառական կյանքով ապրող անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության այլ հիմնախնդիրներ:
Ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար մշակվել և քաղաքապետարանի կայքէջի միջոցով գործողության մեջ է դրվել «Ցանկությունների իրականացում» բարեգործական նախագիծը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Մեկնաբանել