HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երկրաշարժից տուժած 12 հոգանոց ընտանիքը 7 տարի դատարանում պայքարելուց հետո կրկին անտուն է

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Նորայր Մարգարյանը մեզ ցույց է տալիս, թե որ մասում են գտնվել 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ իրենց քանդված տան խոհանոցի պատերը, ապա՝ տան տեղում տեղադրված վագոն- տնակը։ Նորայրը երկրաշարժի ժամանակ 10 տարեկան է եղել, իր դասընկերների հետ մնացել է դպրոցի փլատակների տակ։ Դրանից հետո այլևս տուն չի վերադարձել, քանի որ տուն էլ չի եղել։ 

Վագոն-տնակում բնակվում են Նորայրի հայրն ու մայրը, իսկ ինքը, կնոջ և երեխաների հետ, ապրում է իր կնոջ ազգականի տանը՝ Մեծ Պարնի գյուղում։ Նորայրի եղբայրները արտագնա աշխատանքի մեկնելուց հետո էլ չեն վերադարձել գյուղ, բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։

Վագոն-տնակ մուտք գործելուց Նորայրի մայրը՝ տիկին Նազիկը, ցույց է տալիս առնետների հասցրած վնասը՝ տնակի ծակ–ծակ պատերն ու առաստաղը։ Մտնում ենք հյուրասենյակ, որտեղ ջերմաստիճանը չի տարբերվում դրսինից։ Նորայրն ու մայրը շրջայց են կազմակերպում անմխիթար և անշուք տնակի երկու փոքրիկ սենյակներում։ Պատերին փակցված են Մարգարյանների թոռների լուսանկարները, մի անկյունում դրված են երկրաշարժից մահացած ազգականների նկարները։

Ընտանիքի հայրը` 69-ամյակ Մարտուն Մարգարյանը, երկրաշարժից 32 տարի անց հույսը չի կորցրել, որ մի օր բնակարան կունենան։ Վստահ է, որ 2008 թ.-ին եթե իր անունը չհանեին բնակարան ստացողների ցանկից, մեկ տարի անց քանդված տան տեղում նորը կկառուցվեր։ Մարտուն Մարգարյանը 2013 թ.-ից մինչ օրս դատարանում փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները։ Դատական նիստերը տեղի էին ունենում երկարատև ընդհատումներով։ «Հույսներս չէինք կտրել դատարանից, ուղղակի ձգձգում էին նիստերը։ Մարդիկ կան, որ նմանատիպ խնդրով դատարան էին դիմել ինձնից ուշ, բայց արդեն շահել են դատը, տունն էլ կառուցվում է։ Մի մասին փոխհատուցում տվեցին, մի մասին տուն են կառուցում»,– ասաց Մարտուն Մարգարյանը՝ նշելով, որ 2019 թ.-ին կարողացել են դատական վճիռ ստանալ, որով իր հայցը բավարարվել է։ Դատական նիստերի ձգձգվելու առնչությամբ Մարգարյանները մեկ վարկած են առաջ քաշում. վճիռը հետաձգել են, որովհետև պետական միջոցները սուղ էին այդ ժամանակ փոխհատուցում տալու համար։

7 տարի անց հայցը բավարարվել է

Մարտուն Մարգարյանը 2013 թ.-ին դիմել է դատարան և պահանջել Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավարի որոշումը ոչ իրավաչափ ճանաչել։ Համայնքապետը Մարգարյանի ընտանիքին հանել էր պետական միջոցներով բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից։ Մարգարյանները՝ որպես երկրաշարժից անօթևան դարձած 12 հոգուց բաղկացած ընտանիք, ընդգրկվել էին բնակարանի կարիք ունեցողների ցուցակում՝ 185-րդ համարի տակ։

Կառավարության սահմանած կարգով Մարտուն Մարգարյանը 2008 թ.-ին դիմել է համայնքի ղեկավարին՝ իրենց ընտանիքը պետական աջակցությամբ կատարվող անհատական շինարարության ծրագրերի հերթացուցակում ընդգրկելու խնդրանքով։ Կցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը կազմել է բնակարանային պայմանների ստուգման ակտ, որտեղ արձանագրվել է՝ վագոն-տնակում 12 հոգանոց ընտանիքով ապրելու փաստը։ Դրանից հետո, ըստ Կառավարության սահմանած կարգի, համայնքի ղեկավարը պետք է ուսումնասիրեր փաստաթղթերն ու որոշում կայացներ շահառուների ցանկում ընդգրկելու մասին, սակայն անգործություն է ցուցաբերել, որոշում չի ընդունել  և Մարտուն Մարգարյանի ընտանիքին չի ներառել ցանկում։

Մարտուն Մարգարյանը միայն 2012 թ.-ին է իմացել, որ համայնքի ղեկավարը 2008 թ.-ին կայացրել է թիվ 4 որոշումը, որին ծանոթանալով՝ իմացել է, որ իր ընտանիքը հանված է շահառուների ցուցակից։

Դատաքննության ժամանակ պատասխանող ներգրավված համայնքապետարանը չի առարկել հայցի դեմ։ Ներկայացուցիչ Հրայր Յաղուբյանը (նախկին համայնքապետը) դատարանում հայտնել է, որ հայցվորի ընտանիքը բազմանդամ է, բնակվում են վագոն-տնակում, չի ժխտում, որ նրանք երկրաշարժի ժամանակ տուն են ունեցել, սակայն դա նշված չէ արխիվային տեղեկանքում, նախկին հերթացուցակում ընդգրկված են եղել, հաշվառումից հանվել են Կառավարության սահմանած կարգի համաձայն։

Դատարանը գտել է, որ համայնքի ղեկավարն այդ ժամանակ որոշում կայացնելուց պետք է առաջանորդվեր ՀՀ կառավարության 1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգով, քանի որ այդ պահին դեռ ուժի մեջ մտած չի եղել ՀՀ կառավարությա 2008թ. թիվ 1337-Ն որոշումը և դրանով հաստատված կարգը։ Վարչական դատարանը 2019 թ.-ին գտել է, որ հայցն ամբողջությամբ հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Դատական նիստերը հետաձգվել են սուբյեկտիվ պատճառներով

Այս գործով դատարանը նշանակել է 16 դատական նիստ, որից 15-ը դատաքննության փուլ է եղել, դրանից 2-ը չի կայացել դատավորի՝ արձակուրդում գտնվելու և վերապատրաստման դասընթացին մասնակցելու հիմքով։ Արդյունքում 13 դատական նիստ եղել է դատաքննության փուլում, այնինչ, գործող օրենքի համաձայն՝ դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով՝ առանց հետաձգումների։

Իրավական փորձագետ Աշխեն Դաշյանը օրինաչափ չի համարում 13 դատաքննություն նշանակելը գործով, երբ օրենսդիրը, որպես կանոն, նախատեսել է մեկ դատական նիստով ավարտ:

Նա կարծում է, որ 13 դատական նիստ նշանակելն արդարացված չէ, քանի որ դատավարական հակառակորդ կողմը՝ Մեծ Պարնի համայնքապետարանի ներկայացուցիչ Հրայր Յաղուբյանը դատական նիստում չի առարկել հայցի դեմ։ Այսինքն՝ դատավարական պայքար, խոչընդոտներ չեն եղել, ինչն արդեն իսկ լրացուցիչ հիմքեր չի առաջացրել դատավարությունը հետաձգելու, ապացույցներ պահանջելու, պրոցեսները երկարաձգելու համար։

«Արդյունքում գործի համար պարզաբանման են եղել միայն իրավունքի հարցեր, որն էլ դատարանը պետք է, ըստ էության, իր որոշմամբ անդրադառնար, հետևաբար 5 տարի դատաքննությունը արդարացված չէ»,- նկատում է փորձագետը։ Ավելին, երբ պատասխանող կողմը չի առարկել հայցի դեմ, դատարանը պետք է արագացված քննություն իրականացներ։

Բացի այդ, դատարանը հաշվի չի առել, որ պաշտպանության դիմած անձինք խոցելի են։ Ըստ Աշխեն Դաշյանի՝ անձինք դատական պաշտպանության դիմելիս ակնկալել են բնակարանի, կեցության հարցի լուծում, և անկախ ապագայում կայացվող դատական ակտից՝ դատարանը պետք է առանձնահատկություն կիրառի նմանատիպ վարույթներով։

«Հայցվորները՝ որպես անօթևան անձինք, բարձրացրել են կեցության, ապրելու վայրի հարցը, որի լուծումը ողջամիտ ժամկետում, դատարանի կողմից տրվող գնահատականը կարող է որոշակիություն մտցնել դատական պաշտպանություն հայցող անձանց համար։ Եթե հայցը բավարարվում է, ապա անձինք չեն կրի դրսում հայտնվելու արդյունքում վնասներ՝ բարոյահոգեբանական, ֆիզիկական, առողջական։ Եթե դատարանը մերժում է պահանջը, ապա վերջիններս կձեռնարկեն հնարավոր բոլոր քայլերը՝ իրենց բնակարանով ապահովելու համար և ոչ սպասեն 5 տարի, սա էլ այն դեպքում, երբ կոնկրետ այս գործով չի բողոքարկել պատասխանող կողմը, այլապես, հակառակ պարագայում այն կհատեր նվազագույնը 10 տարի սահմանագիծը»,– նկատում է փորձագետը։

Դատական նիստերը հետաձգվել են նաև դատավորի արձակուրդում գտնվելով և վերապատրաստման դասընթացներով պայմանավորված։ Արձակուրդների մասին, բացի հրատապներից, դատավորները նախապես տեղեկացված են լինում, և այդ հիմքով դատական նիստերը հետաձգելը, փորձագետը օբյեկտիվ պատճառ չի համարում։

Համայնքապետարանը՝ դատարանի վճռի մասին

Թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մեծ Պարնի համայնքի ղեկավարի կողմից Մարտուն Մարգարյանի ընտանիքին բնակարան ստացողների ցանկից հանելու որոշումը, սակայն նրանց տուն ստանալու հարցը առկախված է։

Մարտուն Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ դատարանի վճիռը ստանալուց հետո նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո պատասխան են ստացել Քաղաքաշինության կոմիտեից։ Կոմիտեից հայտնել են՝ քանի որ համայնքի պատճառով են դուրս մնացել բնակարան ստացողների ցանկից, համայնքն էլ պետք է փոխհատուցի նրանց։

Մեծ Պարնի համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Յաղուբյանը, որի պաշտոնավարման ժամանակ են Մարգարյանի ընտանիքի անդամները դուրս մնացել շահառուների ցուցակից, համաձայն չէ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցման հետ։ Յաղուբյանը կարծում է, որ երկրաշարժի ժամանակ բնակարաններ կորցրած անձանց փոխհատուցելու պարտականությունը պետությունը պետք է կատարի, երկրորդ տարբերակ չկա։ «Որովհետև համայնքն իր միջոցներով հազիվ կարողանում է մանկապարտեզ պահի, 7-8 հոգու աշխատավարձ տա, ավտոբուս ենք պահում։ Ծայրը ծարին մի կերպ հասցնում ենք»,– ասում է Հրայր Յաղուբյանը՝ նշելով, որ կանգնել են փաստի առաջ։ Եթե նույնիսկ միջոցներ ունենա համայնքը երկրաշարժից տուժած ընտանիքի համար տուն կառուցելու համար, պետք է դրան հավանություն տա ավագանին։

«Քաղաքաշինության կոմիտում պետք է գոնե մարդկային տեսակետից մոտենային, իրենք պետք է այս մարդու հարցը լուծեին։ Սլաքը պաշտոնապես մեզ ուղղելու իրավունք ոչ մեկ չունի»,- նշում է համայնքի ղեկավարի տեղակալը։

Մինչ Քաղաքաշինության կոմիտեն խնդիրը գցում է համայնքի վրա, իսկ համայնքը պնդում է, որ միջոցներ չունի, Մարտուն Մարգարյանի ընտանիքը երկրաշարժից 32 տարի անց շարունակվում է բնակվել խոնավ և քայքայված տնակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter