HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում Սիսիանի եկեղեցու քահանայի նկատմամբ սպառնալիքների ու բռնության մասին կոչերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անթույլատրելի է համարում Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքների ու բռնության մասին կոչերը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ և լինելով Սիսիան քաղաքում՝ այցելել եկեղեցի: Եկեղեցու քահանան հրաժարվեց վարչապետին ձեռքով բարևելուց, ինչի կապապվությամբ էլ Նիկոլ Փաշինյանի աջակիցները մտել էին եկեղեցի և պահանջել, որ քահանան դուրս գա եկեղեցուց: 

«Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,- գրել է Արման Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter