
Պահեստազորի զինծառայողների աշխատավարձերն ուշանում են ցուցակների ճշտման պատճառով
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ծրագրավորող Դերենիկ Խաչատրյանն արդեն երկու ամիս զինվորական ծառայության է անցել։ Որպես պահեստազորային զինծառայող՝ Դերենիկը հոկտեմբերի 22-ին Հայաստանից զորակոչվել է բանակ՝ պատերազմական գործողություններին մասնակցելու համար։ Դերենիկը մասնակցել է Զանգելանի ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, իսկ այժմ սահմանապահ ծառայություն է իրականացնում Սյունիքի մարզում։
Դերենիկի մյուս եղբայրը ևս պահեսազորի կազմում ծառայություն է իրականացնում։ Եղբայրները տան միակ աշխատողն են, իրենց խնամքին ունեն ծնողներ, անչափահաս քույր և տատիկ։
Պահեստազորային կազմում ծառայություն իրականացնող զինծառայողներին պետությունը պետք է վճարի։
Սակայն Դերենիկն ու եղբայրը մինչ օրս չեն կարողանում ստանալ այդ վարձատրությունը։ Դերենիկ Վարդանյանը չգիտի՝ որքան է իր վարձատրությունը, վճարման համար էլ տարբեր ժամկետներ են նշվում։
«Դեռ նոյեմբերին ասում էին՝ նոյեմբերի 17-ին պետք է վճարեն, հետո՝ դեկտեմբերի 2, հետո՝ դեկտեմբերի 11, հետո՝ դեկտեմբերի 17։ Երկու օր առաջ էլ ասացին՝ գումարն անպայման կլինի, թեկուզ հունվարի վերջ։ Նաև տեղյակ չենք, թե որքան են վճարելու, օրը ինչքան գումար է հաշվարկվում։ Միայն ասել են բանկերի անունները ու գնացեք, փորձեք այնքան, մինչև գումարը կնստի»,-ասում է Դերենիկ Խաչատրյանը։
Պահեստազորային կազմում ծառայություն իրականացնող այլ զինծառայողներ էլ են դիմել «Հետք»-ին՝ վարձատրության խնդրով։
Պաշտպանության նախարարությունից «Հետքին» պարզաբանեցին, որ ընդհանուր առմամբ վճարումները սկսվել են դեկտեմբերի 17-ից։ Ցուցակների ճշգրտման պատճառով, ըստ նախարարության, անճշտություններ կարող են լինել։ Նման դեպքերում ՊՆ-ից զինծառայողներին հորդորում են դիմել կամ իրենց զորակոչած զորամասեր, կամ պաշտպանության նախարարություն։
Մեկնաբանել