Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքը կքննվի այսօր՝ դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքն էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է դատարան, մակագրվել դատավոր Վաչե Մարգարյանին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուշյանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ բողոքի քննությունը նշանակվել է այսօր, ժամը 21:00-ին։
Ինչպես Քննչական կոմիտեն հայտնել է, Առուշանյանը ձերբակալվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փորձի կասկածանքով։ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում պաշտպանն ասաց, որ Առուշանյանը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին։
Քննչական կոմիտեում Առուշանյանի վերաբերյալ մի քանի քննվող գործ կա, որոնցում նա վկայի կարգավիճակ ունի։ Պաշտպանի տեղեկություններով՝ ՔԿ-ն պատրաստվում է Առուշանյանին առնչվող քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և դրա նպատակն այն է, որ Առուշանյանին ծանր հոդվածներով մեղադրանք առաջադրվի ու նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Նշենք, որ Առուշանյանին առնչվող քրեական գործերից մեկը վերաբերում է մոտ 6 ամիս առաջ նրա և նրա ազգականի միջև տեղի ունեցած միջադեպին։
Մելքոնյանի խոսքով՝ Առուշանյանի արարքում հանցակազմ չկա ու չի կարող լինել։
«Խոսքը մի անձի մասին է, որին Առուշանյանն է տեղավորել աշխատանքի, և նա Առուշանյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 33 միլիոն դրամ գումար է հափշատկել, որից հետո Առուշանյանը նրան իբր թե ապտակել է՝ ասելով՝ չե՞ս ամաչում»,- մանրամասնեց Արմեն Մելքոնյանը։
Պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում, երբ Առուշանյանը ձերբակալված է եղել, հարյուրավոր փաստաբաններ զանգել են իրեն ու ցանկություն հայտնել միանալ նրա պաշտպանությանը։
«Ես ուզում եմ Առուշանյանի անունից շնորհակալություն հայտնել և ասել, որ այս պահին աշխատում ենք, անհրաժեշտություն լինելու դեպքում կդիմենք»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին՝ Առուշ Առուշանյանն ասել էր՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք, իսկ այսօր վաղ առավոտից Զանգեզուրի դարպասների մոտ քաղաքացիները փակել էին քաղաքի մուտքը:
Լրացված․ 21:40 Բողոքի քննությունը հետաձգվել է, կկայանա վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին։ Պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնում է, որ գործով քննիչը չի ներկայացել նիստին, գրություն է ուղարկել այն մասին, որ ի վիճակի չէ ներկայանալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել