HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեներալ Մուրադովը պատգամավորներին վստահեցրել է՝ Խծաբերդի շրջանում գերեվարված անձանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և Սոֆիա Հովսեփյանը դեկտեմբերի 17-ից 19-ը գործուղվել են Արցախ:

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում հրավիրված ասուլիսին պատգամավորներն ամփոփեցին այցը՝ խոսելով Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում շրջափակման մեջ հայտնված, ապա գերեվարված անձանց մասին:

«Նախորդող օրերին տեղեկություն է տարածվել, որ մի խումբ քաղաքացիներ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում (Շուշիի շրջան) գտնվում են շրջափակման մեջ և Խծաբերդից (Հադրութի շրջան) մի խումբ գերեվարվել է: Դա է պատճառը, որ դեկտեմբերի 17-ին մեկնեցինք Արցախ, որ հասկանանք՝ ինչով կարող ենք օգտակար լինել։ Ամենատարբեր մակարդակներում հանդիպումներ ունեցանք՝ նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Հանդիպում ունեցել ենք նաև ՊԲ հրամանատարության  հետ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Խծաբերդ համայնքը մնացել էր հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր սկսել Հադրութի շրջանի Հին Թաղլար և Խծաբերդ համայնքների ուղղությամբ:

Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է եղել Հին Շեն և Մեծ Շեն համայնքների հատվածներում իրականացնել մարտական հերթափոխ: ՊԲ-ի հետ ունենալով որոշակի համաձայնություն՝ Լիսագորի հատվածով պատգամավորները հասել են «վիճելի համարվող դիրքեր», հանդիպում ունեցել հերթափոխը վերջացրած 72 քաղաքացիների հետ, համոզվել, որ ճանապարհն անվտանգ է, և վերջիններիս ճանապարհել Շիրակի մարզ:

Սոֆիա Հովսեփյանը հավելեց, որ Խծաբերդի հատվածում գերեվարված 62 անձանց հարազատներից որոշներն իրենց հետ են եղել: Գերեվարվածների հարցով հանդիպել են պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հրամանատարության հետ:

Խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին ներկայացվել է 62 անձանց տվյալները՝ նույնականացնելու համար: Մուրադովի վստահեցմամբ՝ գերիների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Մոտ ապագայում կիրականացվի նրանց վերադարձը հայրենիք: Սպասվում է նաև ավելի վաղ շրջանում գերեվարված անձանց վերադարձը, պատգամավորները, սակայն, որևէ թիվ չհայտնեցին, ասելով, որ իրավասու չեն այդ մասին խոսել: Ադրբեջանը հայտնել է Խծաբերդի հավածում 62 անձի գերեվարելու փաստի մասին, սակայն վերջիններիս տվյալները դեռ չեն նույնականացվել:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ առանց որևէ խոչընդոտի իրենք հասել են Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր, տեղացիները հայտնել են, որ Հին Շենում շուրջ 40 ընտանիք է բնակվում, անվտանգության որևէ խնդիր չկա: Գյուղի սկզբնամասում տեղակայված են եղել նաև ռուսական զորախմբի ներկայացուցիչներ:

«Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչների չլինելու փաստը, երկու հոգի կար էնտեղ, հավանաբար կապված է նրանով, որ մինչ Հին Շենում խաղաղապահներ չկային: Այդ հարցը մոտ ապագայում, կարծում եմ, կկարգավորվի: Մեզ տեղեկացրին, որ ադ ճանապարհահատվածի վրա՝ գյուղամեջ տանող ճանապարհին, օրեր առաջ հայտնվել է մոտ 30 ադրբեջանցի: Ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նրանք բացել են ճանապարհը»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ այս պահին Մեծ Շենում այդքան էլ ապահով չէ, և թերևս դա է պատճառը, որ գյուղի բնակիչները չեն վերադարձել իրենց համայնք:

Պատգամավորները նաև հանդիպել են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և վերջինիս հետ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ անօթևան դարձած արցախցիների բնակարանային կացության, անձնագրային հաշվառումների և այլ հարցեր:

Պատգամավորներն այս շաբաթվա վերջում կրկին մեկնելու են Արցախ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter