«Ադրբեջանի դիպուկահար գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ»
Մայիսի 15-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին:
Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի' հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել' Սեյրան Օհանյանն ասել է. «Որպեսզի պրոֆեսիոնալ առումով կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է նախ և առաջ գիտակցենք, թե ինչ խնդիր էր դրված արցախյան զինված ուժերի առջև, և ինչպես լուծվեց այդ խնդիրը: Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Կարծում եմ' ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը' որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար, այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ' միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»:
Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործողությունների մասին' ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մեջ կոտրել պարտվողի կարծրատիպը' իհարկե փորձելով նաև ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու և վճռական գործողութունների առիթ են տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաև ներքին և արտաքին քաղաքական շարժառիթ»:
Սեյրան Օհանյան անդրադարձել է Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որոնց հետևանքով հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում: «Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որևէ կողմին առավելություն չի տալիս: Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ են դարձել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձևով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են և պետք է արժանանան նաև միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում և ազդել բանակցային գործընթացի վրա»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև գարնանային զորակոչի անցկացմանը: Նա մասնավորապես նշել է, որ զորակոչի գործընթացում բարեփոխումներ են իրականացվել զորակոչիկների կցագրման, բժշկական հետազոտման, բժշկական հանձնաժողովների կազմի բարելավման ուղղություններով: «Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որ մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկում է ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլև Անվտանգության խորհուրդը, իրավապահ մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցները: Գործում է նաև դիմում-բողոքների հստակ մեխանիզմ. քաղաքացիները դիմում-բողոքների կամ պարզաբանումների համար կարող են դիմել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, ինչպես նաև տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել