HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հալալ քրտինքս էսօր չկա». թողնելով Ուխտաձորն ու տարիներով ստեղծած տնտեսությունը

Կարոտել եմ իմ տունը, Ուխտաձորն ու ընկերներիս․․․․

8-ամյա Մարատը իրենց կորցրած գյուղի մասին չի կարողանում առանց արցունքների խոսել։ 

Մայրը՝ Սուսաննա Բաղդասարյանը, ասում է՝ Մարատը մինչ օրս չի համակերպվում Ուխտաձորի կորստի հետ։ Տղան պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԱԹՍ-ների ձայնից շատ է վախեցել։ Մինչ օրս այդ ձայները չի մոռանում։

Պատերազմի հետևանքով Բաղդասարյանները պարտադրված լքել են Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում իրենց տները։

Հադրութի, Ուխտաձորի մասին խոսում են ափսոսանքով, հիշում այն դժվարությունները, որ հաղթահարել են՝ ապագան վայելելու հույսով, բայց այսօր ձեռնունայն մնացել։ 

Արդեն երկու ամիս է՝ քույր-եղբայրներով միավորվել են Հայաստանում։ Թեև ուրախ են, որ հարազատներով միասին են բնակվում, բայցեւ տխուր՝ տարիների քրտանջան աշխատանքը մի քանի օրում կորցրել են։ Նրանք այժմ բնակվում են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ բարեկամի տանը։ 

Եղբայրներ Նորայր և Վահրամ Բաղդասարյանները Ուխտաձորում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ամենախոշոր տնտեսություններից մեկն իրենցն էր։ Ամեն ինչ սկսել էին միայնակ՝ 1992 թվականին՝ հոր մահից հետո։ Այդ ժամանակ երեխաներ էին, բայց գիտակցում էին՝ օգնող այլ ձեռք չունեն, պարտավոր են քույրերին պահելու համար փոքր տարիքից աշխատել։

Անասնապահությունը սկսել էին երկու կովից, տարիների ընթացքում ֆերման մեծացրել էին։ Արդեն ունեին 41 խոշոր եղջերավոր անասուն, 6 ձի, 12 ոչխար, 5 խոզ, 70 հավ։ 8 հեկտար վարելահողն էլ պատերազմից օրեր առաջ վարել էին՝ ցորենը ցանելու համար։

Պատերազմի հետևանքով կորցրեցին ոչ միայն իրենց տնտեսությունը, այլև երկու տուն, երկու մեքենա։ 

Եղբայրները զրույցի ընթացքում հաճախ էին ասում՝ իրենց տնտեսությունը հասցրել էին այն արդյունքին, որ արդեն պետք է վայելեին, բայց սկսվեց պատերազմը։

Նորայրը նոր տան կառուցման համար ափսոսացել էր անասուն վաճառել, իսկ հիմա ֆերման ամբողջությամբ թողեց ադրբեջանցիներին։ 

«Մենք ենք մեր քրտինքով սաղ ստեղծել։ Դրա համար էլ այսօր ինձ համար շատ վատ է։ Ես ինձ վատ եմ զգում․ հալալ քրտինքս էսօր չկա։ Եկել ենք, գնում ենք եսիմ մի տեղ հերթ կանգնում, որ մի հատ բարձ վերցնենք»,-ասում է Նորայր Բաղդասարյանը։

Անասնապահությանն ու գյուղատնտեսությանը զուգահեռ Նորայրը նաև փրկարար ծառայությունում էր աշխատում։

Վահրամը լքված գյուղից մի վերջին հիշողություն ունի․ գյուղից դուրս գալիս տեսանկարահանել է դատարկ տներն ու փողոցները։ «Գյուղը լքելու վերջին օրն ա։ Մեջս նենց տպավորություն էր, որ վերջին անգամ ա։ Տեսնում էինք՝ թուրքերն օր օրի արդեն առաջ էին գալիս․ հնարավոր չէր իրանց դեմն առնել, վերջին անգամ գյուղը նկարեցի»։

Ուխտաձորը լքելիս ոչինչ չեն հասցրել դուրս բերել։ Վերջին օրը Վահրամը միայն իրենց մանկության նկարներն ու փաստաթղթերն է վերցրել։

Գյուղից շատ հիշողություններ ունեն։ Ցույց են տալիս հավաքույթների լուսանկարներն ու տեսանյութերը, պատմում գյուղի տեսարժան վայրերի մասին։

Բաղդասարյանները գոհ էին իրենց նախապատերազմյան կյանքից, ունեին մեծ տնտեսություն, ապրելու համար լավ պայմաններ։ Նորայր Բաղդասարյանի 10-ամյա դուստրը՝ Մարիամը, հաշմանդամություն ունի։ Տնային պայմանները նրան հարմարեցնելու համար Նորայրի պապի տունն ամբողջությամբ վերակառուցել էին։ Նոր տանն ընդամենը երկու տարի ապրեցին։ Հիմա էլ ընտանիքի անդամները նայում են տան լուսանկարները, հուզվում։

«Մեր նոր տան համար ամեն ինչ առել էի, ուրախացել էի։ Շատ բաներից էի զրկվել, որ գոնե էդ տունը ստեղծեի։ Ասում էի՝ երեխեքս գոնե մի քիչ ապահով լինեն, ինչ ես չեմ տեսել, իմ երեխեքը կարողանային ունենալ։ Էդ էլ չստացվեց․․․»,-ասում է Նորայրի կինը՝ 29-ամյա Սուսաննա Բաղդասարյանը։

Սուսաննան պատերազմի հետևանքով կորցրել է ոչ միայն Ուխտաձորը, այլև հայրական գյուղը՝ Քարին Տակը։ 

Սուսաննան ուրախացել էր՝ գյուղում վերջապես կոմունալ բոլոր հարմարություները կային, ամիսներ առաջ գազ էին անցկացրել, ճանապարհները նորոգվել էին, գյուղը՝ լուսավորվել։ Իրենց երազած սեփական տունն ունեին, ընտանիքով առանձին էին ապրում։

«Պահ կա՝ մտածում եմ էս երազ ա․․ Չեմ հավատում, որ մեր գյուղը կորցրեցինք, դժվարությամբ ունեցած ամեն ինչ թողեցինք ադրբեջանցիներին»,-ասում է նա։

Թեև եղբայրները սովորություն ունեին Ամանորն Ուխտաձորում միասին նշել, բայց այս տարին արտասովոր է՝ նրանց է միացել քույրը, քրոջ երեխաները և Նոր Տարին կդիմավորեն ուրիշ տանը՝ Հայաստանում։

Տարոնիկի տանը մշտապես աշխուժություն է․ 7 երեխաներից ամեն մեկը մի տեղ է վազում, ունեցած խաղալիքներով խաղում։ Անգամ զույգերով նույն դասարանում են սովորում ու քիչ-քիչ հարմարվում նոր կյանքին, դպրոցին ու դասընկերներին։ 

Բաղդասարյաններն իրենք էլ չգիտեն, թե իրենց ապագան ինչպես կդասավորվի։ Ոչինչ չունեն, հույսով սպասում են, թե Արցախի կամ Հայաստանի կառավարությունն իրենց ապագայի մասին ինչ որոշում կկայացնի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter