HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կորոնավիրուս, պատերազմ, Ամանոր. տուրիզմը ծանր կացության մեջ է

Տուրիզմը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտներից է: Տուրիստական ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու փակ սահմանների հետևանքով շրջանառության ու եկամուտների շեշտակի անկում գրանցեցին: Նրանք կարողացան մի փոքր «շունչ քաշել» միայն ամռան ամիսներին ու սեպտեմբերին՝  ներքին զբոսաշրջության հաշվին: Սակայն, արցախա-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի վերջին թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմը երկրորդ մեծ հարվածը հասցրեց ինչպես ամբողջ տնտեսությանը, այնպես էլ՝ զբոսաշրջության ոլորտին:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների՝ այս տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 327 735 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 77.5%-ով պակասել է:

Նկատելի է, որ զբոսաշրջիկների հոսքը գրանցվել է հիմնականում առաջին եռամսյակում՝  311 264 զբոսաշրջիկ: Երկրորդ եռամսյակում զբոսաշրջիկներ չեն ժամանել Հայաստան, իսկ երրորդ եռամսյակում՝ ընդամենը 16 471:

Համավարակի տարածման ու փակ սահմանների պայմաններում կտրուկ նվազել է նաև Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը:  Այս տարվա ինն ամիսներին Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը կազմել է 286 227, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 78.2%-ով:  Նրանց գերակշիռ մասը՝ 275 716 մարդ, մեկնել է առաջին եռամսյակում:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Մարդիկ սովորել են ՔՈՎԻԴ-19-ի հետ ապրել, և եթե չլիներ պատերազմը, արդեն այս տարվա աշնանը զբոսաշրջության ոլորտը Հայաստանում կսկսեր դանդաղ վերականգնվել։ Այս կարծիքին է «One Way Tour» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը:

Նա համոզված է, որ Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների հոսք կնկատվի, երբ քաղաքական իրավիճակը կայունանա, և երկիրը ապահով համարվի: Բոլոր դեպքերում, մինչև եկող տարվա գարուն զբոսաշրջիկներ սպասել պետք չէ:

Հայաստանում տուրիստական գործակալությունների մի մասն այսօր փակ է, մի մասն էլ վերսկսել է աշխատանքները Ամանորին ընդառաջ: Կազմակերպում են ներգնա տուրիզմ՝ հիմնականում Ծաղկաձոր, Դիլիջան, Աղվերան, Ջերմուկ, Գյումրի և ևս մի քանի ուղղություններով: Իսկ դեպի արտերկիր ուղղությունները սահմանափակ են՝ Եգիպտոս, Դուբայ և այլն:

«Տուրիստական ընկերությունները փորձում են Ամանորի հետ կապված ամրագրումներ անել: Փորձում են տոմսեր վաճառել դեպի Եգիպտոս ու Դուբայ: Մենք էլ վերաբացվել ենք օրեր առաջ և փորձում ենք ներքին տուրիզմի վրա աշխատել: Անցյալ տարի շատ փաթեթներ վաճառել ենք դեպի Արցախ ու Վրաստան: Այդ ամենը հիմա փորձում ենք Հայաստանում կազմակերպել, բայց, իհարկե, ավելի փոքր ծավալներով: Պահանջարկը փոքր է, բայց կա՝ անկախ ամեն ինչից մարդիկ փորձում են այս իրավիճակից դուրս գալ»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Մաթևոս Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Ամանորի նախաշեմին նկատվող այս աշխուժությունը միայն ժամանակավոր եկամուտներ է ապահովելու տուրիստական ընկերությունների ու հյուրանոցային օբյեկտների համար: Հետո նրանք կրկին փաստի առաջ են կանգնելու:

Վերջին 10 տարիներին աճել է ինչպես Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվն, այնպես էլ՝ արտերկրից Հայաստան ժամանող: Եթե այս գրաֆիկում, որը ներկայացված է քիչ ներքևում, տարեկան տվյալներն ամփոփելուց հետո ավելացնենք նաև 2020 թվականը, ապա 10 տարվա դինամիկ աճից հետո շեշտակի անկում կտեսնենք:

Վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա չենք կարող հստակ հասկանալ ներքին զբոսաշրջության պատկերը, քանի որ այն ներկայացնում է միայն հյուրանոցներում հանգրվանածների թիվը: Դրանց հիման վրա կարելի է միայն պատկերացում կազմել միտումների մասին: Այսպես՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշվառված զբոսաշրջիկների թիվը կազմել է 934 981, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33.5%-ով կամ 470 417-ով:

Նրանց մեծ մասը՝ 721 494-ը, հանգստի ու ժամանցի նպատակով է հանգրվանել հյուրանոցներում: Մնացածը գործնական, կրթության, բուժման և այլն:

Ամանորին հյուրանոցները մարդաշատ են

Հյուրանոցային տնտեսության շատ օբյեկտներ, որոնք մարզային բնակավայրերին կենդանություն էին հաղորդում, այս տարի աշխատել են փոքր ծավալներով: Համավարակից ու պատերազմից տուժած հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտների համար, որոնք զբոսաշրջության ուրույն մասն են, Ամանորը եկամուտ ստանալու միակ առիթն է:

Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում, Ջերմուկում, Գյումրիում ու հանգստյան գոտի համարվող  հյուրանոցների մեծ մասում արդեն ազատ տեղեր չկան: Մեր զանգերին հյուրանոցներից հիմնականում պատասխանում են, որ ամրագրումներն արդեն մեկ շաբաթ է ավարտված են՝ հատկապես առավել հայտնի ու բարձր կարգի հյուրանոցներում: Ազատ տեղեր ամրագրել հնարավոր է միայն հունվարի 5-ից հետո:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի հասույթն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 84.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 48.2%-ով:  Ծառայությունների ոլորտում հանրային սննդի ու կացության կազմակերպման ենթաոլորտի տեսակարար կշիռը 5.9% է:

Վիճակագրական կոմիտեն տվյալներն առավել մանրամասն ներկայացնում է եռամսյակային կտրվածքով: Այսպես, այս տարվա առաջին երեք եռամսյակներին (2020 հունվար-սեպտեմբեր) կացության և հանրային սննդի կազմակերպման հասույթը կազմել է 73.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 48.1%-ով:

Մանավորապես, կացության կազմակերպման ծավալները կազմել են 11.2 մլրդ դրամ՝ նվազելով 67.3%-ով: Կացության կազմակերպումը ենթադրում է հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրում:

Իսկ հանրային սննդի կազմակերպման հասույթը կազմել է 62.3 մլրդ դրամ՝ նվազելով 42.3%-ով: Հանրային սնունդը կազմակերպում են ռեստորանները, հանրային սննդի շարժական կետերը և այլն: 

«Պետական աջակցության ծրագրերը բավարար չեն զբոսաշրջության «վերակենդանացման» համար»

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ զբոսաշրջությունը որքան զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտ է, այնքան էլ զգայուն է համավարակների, մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների, պատերազմական իրավիճակների նկատմամբ: Ցանկացած ճանապարհորդողի առաջին հերթին իր անվտանգությունն է հետաքրքրում: Հայաստան զբոսաշրջիկներ կգան միայն այն պարագայում, եթե իրենց անվտանգ զգան: Եվ միայն այդ ժամանակ ոլորտը կսկսի վերականգնվել: Իսկ մինչ այդ ոլորտին պետական աջակցություն ու այս իրավիճակից դուրս գալու ռազամավարական ծրագիր է պետք:

«Ոչ միայն տուրիստական ընկերություններն, այլև՝ զբոսաշրջությանն առնչվող բոլոր հարակից ոլորտները ծանր կացության մեջ են: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջության հաշվին որոշակի աշխուժություն է եղել, երբ այլ երկիր մեկնելու հնարավորություններ չկային: Որոշ չափով ներքին զբոսաշրջության ոլորտում աշխատող տնտեսվարողները կարողացան եկամուտներ ստանալ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարելի համարել ոլորտի վերականգնում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նա ևս կարծում է, որ Ամանորին ընդառաջ գրանցվող որոշակի աշխուժությունը տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ու հանրային սննդի օբյեկտների համար ոչ մեծ եկամուտ է ապահովելու, որը վերջիններիս թույլ կտա միայն որոշ ծախսեր ու պարտավորություններ մարել, աշխատավարձեր վճարել: Իսկ Ամանորից հետո այս աշխուժությունը կմարի:

Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին՝ Ապրեսյանը նշում է, որ թեև այդ ծրագրերն օգնել են որոշ աշխատատեղեր պահպանել, ծախսեր հոգալ, սակայն դա բավարար չէ ոլորտն «ուշքի բերելու» համար: Զբոսաշրջությանն առնչվող ոլորտներին պետական օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի շրջանակներում՝ ամսական դրամաշնորհների տեսքով:

Ինչպես շատ ընկերություններ, տուրիստական գործակալությունները, հյուրանոցներն ու հանրային սննդի օբյեկտները ևս ունեն վարկային պարտավորություններ, որոնք ժամանակին մարելու խնդրի առաջ են: Բանկերը տարբեր ծրագրերով նրանց մարման գրաֆիկները հետաձգել են, սակայն նույնիսկ այդ պարագայում տնտեսվարողները չեն կարողանում հետաձգված ժամկետով մարել վարկերը, քանի որ տարվա գրեթե ամբողջ ընթացքում չեն կարողացել եկամուտ գեներացնել: Վարկային արձակուրդները միայն ժամանակավոր լուծում են եղել:

Մեխակ Ապրեսյանը շեշտում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում էական դերակատարում ունի. «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Պետք է անել այնպես, որ մեր նպատակային շուկա հանդիսացող երկրներում Հայաստանը չճանաչեն որպես վտանգավոր, ոչ ցանկալի երկիր այցելության համար: Մարքեթինգային քայլեր են պետք: Զարգացման համատեղ ծրագիր է հարկավոր: Բացի այն, որ զբոսաշրջությունը կարևոր տնտեսական նշանակություն ունեցող ոլորտ է, նաև սոցիալական, մշակութային և քաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար: Զբոսաշրջության ոլորտում ունեցած լավ համբավն ազդում է նաև քո երկրի ներդրումային վարկանիշի վրա»: 

Զբոսաշրջության ոլորտը ծանր կացության մեջ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կանխատեսմամբ՝ 2020 թվականի տարեկան տվյալներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի կորուստները կազմելու են, ընդհանուր առմամբ, 1.1 տրլն ԱՄՆ դոլար: Նույն կառույցի գնահատականներով՝ զբոսաշրջության համաշխարհային ոլորտում աճի միտումներ կգրանցվեն 2021 թվականի երկրորդ կիսամյակից: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter