Հադրութցիներին ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ
Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանձն է առել հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100-ից ավելի արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը։
Օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:
«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»,– ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել