HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանցի Պոտոն (Արթուր) զինակից ընկերոջ դին ռազմի դաշտից հանելիս է զոհվել

«Հարեւաններ ունեի, որոնք ջահել զավակներ էին կորցրել, միշտ մտածում էի՝ էս ինչպես են ապրում, բնությունն էս ի՞նչ ա անում, որ ծնողը կենդանի, զավակը չկա, հիմա ես եկա, նրանց հասա։ Մեկ-մեկ ինձ մեղավոր եմ զգում, որ ես ապրում եմ, Արթուրս չկա»,- ասում է զոհված զինծառայողի մայրը։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գլխավոր ճանապարհին սեւ ժապավենի վրա գրված է Պոտո Արթուր Ամիրաղյան (Արթուրին գիտեն նաեւ մանկության տարիներից մնացած Պոտո մականվամբ)։ Այդ ճանապարհը կապում է Արթուրի տունն իր հայրական տան հետ։ Նոյեմբերյանում գրեթե բոլորն էլ ճանաչում են Ամիրաղյան եղբայրներին, 37-ամյա Արթուրը միջնեկն էր։

Արթուրը պայմանագրային զինծառայող էր, երկու ամիս հետո պիտի լրանար պայմանագրի ժամկետը, որոշել էր նոր գործով զբաղվել։ Ռազմաճակատ մեկնելու որոշման մասին ընտանիքի անդամներին չէր տեղեկացրել, մայրը՝ Արաքսյա Ամիրաղյանը (Զաքարյան), որդու գնալու մասին իմացել է, երբ Արթուրն արդեն Արցախում է եղել։ « Մինչեւ գնալը զանգում էի, ասում՝ Արթուր, չգնաս, կգաս, Էրեխեքիդ արդեն երկու ամիս է՝ չես տեսել։ Բայց երեւի մտածում էր, որ տուն գար, Էրեխեքին տեսներ, էլ չէր կարող Արցախ մեկնել, իսկ ինքն իր որոշումն արդեն կայացրել էր»։

Ծառայակից ընկերները պատմել են, որ Արթուրը զոհվել է դիպուկահարի կրակոցից, երբ փորձել է դաշտից հանել զոհված հրամանատարի դին։ «Հրամանատարն ասել էր, որ ինչ էլ լինի մարմինս անտեր չթողեք, ինքն էլ գնացել է, որ նրան հանի, բայց....»,- ասում է ավագ եղբայրը՝ Անդրանիկը։

Արթուրի եւ նրա զինակից ընկերոջ մարմինները ռազմի դաշտից դուրս են բերվել մահվանից 48 օր հետո։ Զոհվել են Կուբաթլուում (Որոտան)։

Արթուրի մահվան լուրը լսելուց հետո էլ ընտանիքի անդամներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերից մեկում ճանաչել են նրա մարմինը, հագուստը։ Այս ամենն օգնել է, որպեսզի մոտ երկու ամիս անց գտնեն մարմինը։ «Իմ համար կարեւոր էր իմ գանձին իմ հողում դնել: Ես եթե գնայի ու նրան չգտնեի, ես էս մարդկանց ո՞նց պիտի նայեի ( նկատի ունի ծնողներին), էն ինչ-որ իմ ախպերն է արել, ոչ մեկս էլ չենք կարող անել»,- ասում է Անդրանիկ Ամիրաղյանը։

Արթուրի մասին զրույցի ընթացքում սեղանի մոտ նստած նրա կինը՝ Հեղինեն և որդին՝ Վռամը, հետեւում են զրույցին, ժամանակ առ ժամանակ սրբելով արցունքները։ Արթուրն ու Հեղինեն 14 տարվա ամուսիններ են, երկու զավակ ունեն։

Արթուրի նպատակը 9-ամյա տղայի առաջիկա վիրահատությունն է, տղան ծնվել է քիմքի ճեղքվածքով, հունվարին պիտի կատարեին ծնոտի ուղղման վիրահատություն։ Հեղինեն պատմում է, որ ամուսինը շատ է սպասել այդ օրվան։ Շատ երազանքներ ուներ, որոնցից մեկն էլ երեխաների հարսանիքը տեսնելն էր։ 

Հեղինեն քչախոս է, բայց պատմում է, թե ինչպես են ամեն անգամ ամուսնուն դիրք ճանապարհելիս ընտանիքով ու ընկերներով սեղան նստել, Արթուրը խորոված պատրաստողն է եղել, նույն ձեւով էլ դիմավորել է դիրքից վերադարձած ամուսնուն։ «Ես գիտեի իր գալու օրն է, ժամն է, իր սիրած ուտելիքն էի սարքում՝ տոլմա, սալաթներ, սեղան դնում։ Երբ տուն էր գալիս, կանգնում էի, նայում, թե ինչպես է երեխաներին գրկում, ինքն առաջ չէր գալիս, սպասում էր, որ ես գնամ։ Երեխեքին պոստերից տարբեր փոքր բաներ էր բերում, ուրախանում էին, հետո ամեքին մի թեւի տակ էր քաշում»,- հիշում է Հեղինեն։

Տիկին Արաքսյան, որդու մասին պատմելիս մի պահ հիշողություններն է փորփրում, պատմում է, թե ինչպես է որդին սիրահարվել դեռ դպրոցական Հեղինեին, պայքարել, որ իր հետ ընկերություն անի։

Աղջիկը՝ Ինգան, տան պատերին փակցրել է հոր լուսանկարներն ու վերեւում գրել հերոս բառը, եղբայրը այդ մասին հարցուփորձ է արել տատին. «Եկավ, ասաց՝ տատի, ինչի են էսքան մարդիկ հավաքվել, իմ պապան մահացե՞լ ա, ասի չէ, ուղղակի հեռու է, ասաց՝ էդ դեպքում ինչու է Ինգան հերոս գրել, հերոսները մահացածներն են»,- ասում է տիկին Արաքսյան։ 12-ամյա Ինգան լավ հիշում է հոր՝ իրեն ուղղված վերջին խոսքը՝ «պինդ կացեք, ես լավ եմ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter