HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու նախկին թիվ 1 գիշերօթիկում 50 արցախցի է ապրում

Գյումրու երեխաների պաշտպանության եւ խնամքի թիվ 1 նախկին գիշերօթիկի նախասրահը, մի քանի ամսվա լռությունից հետո, կրկին մարդաշատ է: Սրահում տղամարդիկ, կանայք, երեխաները զբաղված են՝ խաղում են, հեռուստացույց նայում կամ պարզապես զրուցում: Հոկտեմբեր ամսից այստեղ բնակվում են արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքները: 79-ամյա Ռոզա Շաքարյանը որդու՝  51-ամյա Արսենի հետ գիշերօթիկում է նոյեմբերի 9-ից: Տիկին Ռոզան եւ Արսենը ծնունդով Արթիկ քաղաքից են, Արցախ են տեղափոխվել 1999թ.-ին: Այգեկ գյուղում հիմնավորված Շաքարյանները Հայաստանից հեռացել էին երկրաշարժի պատճառած ցավերը մոռանալու եւ նոր վայրում նոր կյանք սկսելու մտադրությամբ:

«Մեծ տղայիս մահը երկրաշարժից հետո Արթիկում ապրելս շատ էր դժվարացրել,-ասում է տիկին Ռոզան,-տունս էլ էր վնասվել, սիրտս էլ՝ անմխիթար: Միջնեկ տղես ըսավ, թե՝ այ մամ, արի էրթանք Ղարաբաղ, դու ըստեղ երկար չես դիմանա: Ըդպես ելանք ես, ամուսինս ու միջնեկ տղես գնացինք: 1998թ.-ի դեկտեմբերին արդեն Ղարաբաղ էինք, 1999թ.-ի փետրվարին արդեն գրանցվել էինք որպես բնակիչ»:

Հետագայում նրանց է միացել նաեւ Արսենը՝ կրտսեր որդին, որ այն ժամանակ ՌԴ-ում է եղել: Տիկին Ռոզան պատմում է, որ հիմնավորվելու սկիզբը հեշտ չի եղել, հատկապես, որ տեղափոխվելուց չորս ամիս անց հիվանդությունից մահացել է միջնեկ տղան: Այգեկում են թաղված նաեւ Ռոզայի ամուսինն ու թոռը: «Մեկ գերեզման Հայաստանում եմ թողել, երեքը՝ Արցախում, հըմի թուրքը կավիրե սաղ, էս ի՞նչ ցավ էր, աղջիկ ջան, ըստեղից գնացինք, ըսինք՝ լավ կեղնի ու հավատա, որ արդեն լավ էր, արդեն սկսել էինք լավ ապրել վերջին տարիներն, ահագին տնտեսություն էինք ստեղծել, բայց սաղ նորից թափեցինք ու տեղահան էղանք»,- ասում է Ռոզա Շաքարյանը:

Արսենը պատմում է, որ արքայանարնջի ու նռան այգի էին հիմնել, 30 գլուխ խոշոր եղջերավոր ունեին, մտածում էին ընդլայնվելու մասին: «Հա ու կես այգի գցեց տղաս, 3 հա բանջարանոց էր դրել, նոր երկու տոննա բադրջան էինք ծախել՝ սաղը բերքը թողեցինք թուրքին,-հոգոց է հանում տիկին Ռոզան,- սեպտեմբերի 29-ին, երբ օր Դավ Թումասից գմբրտոցի ձենն առա, սարից էն կողմ էդ գյուղի սարերն ու դաշտերն են, հենց ըդտեղից ձեներն առա՝ վախեցա, ըսի՝ հասցրա մեզի Գորիս, Արսեն ջան»: Մեկ օր մնացել են Գորիսում, հետո եկել են Գյումրի, որոշ ժամանակ ապրել բարեկամի տանը, մտածել՝ կավարտվի պատերազմը, հետ կգնան: «Հըմի ըսպես անորոշ կմնանք՝ ո’չ Արթիկի տունը կա, որ էն ժամանակ ծախեցինք, օր Այգեկում տուն սարքեինք, ո’չ էլ Արցախի տունը կա՝ մնաց թուրքին: Ես ապրուստի վրա շատ չեմ մտածե՝ էլի կստեղծենք,-ասում է տիկին Ռոզան,-թող մե տունըմ տան, մենք նորից հետ կերթանք Ղարաբաղ»:

Արցախյան նոր պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերից տարհանված եւ Գյումրի տեղափոխված արցախցիների թիվը սկզբում գերազանցել է 400-ը: Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանն, ով հոկտեմբերից զբաղվում է տարհանված ընտանիքների խնդիրներով, ասում է, որ շատերը Գյումրի են հասել ռուսական բազայի առկայություննը հաշվի առնելով:

«Շիրակի մարզ են եկել արցախցիներ, ովքեր այստեղ բարեկամներ ունեն կամ այստեղից են տեղափոխվել Արցախ բնակվելու, եւ նրանք, որոնք ընդհանրապես որեւէ մեկը չունեն՝ ո’չ ծանոթ, ո’չ բարեկամ: Այ հենց այս հատվածի մի մասի հետ զրույցից ենք պարզել, որ Գյումրին համարել են անվտանգ՝ ռուսական բազայի հետ կապված,-նկատում է Էմմա Բաղդասարյանը,-եկողների հոսքը սկզբնական շրջանում մեծ էր: Մարդկանց փորձել ենք տեղավորել հյուրանոցներում, հյուրատներում, որոնց տերերը պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու, ինչպես նաեւ՝ առանձին ընտանիքներում: Սակայն, կարիք կար նաեւ որեւէ պետական ենթակայության շինությունում կազմակերպել ընտանիքների կեցության հարցն, ու ընտրվեց այս գիշերօթիկը, թեպետ դիտարկել էինք նաեւ համայնքային ենթակայության մանկապարտեզներ, անգամ՝ դպրոց»:  

Հոկտեմբերի 2-ին 96 արցախցի ընտանիք տանիք, սնունդ ու ջերմություն էր գտել նախկին գիշերօթիկի պատերից ներս: Էմմա Բաղդասարյանն ասում է, որ լուծարված հաստատության գույքը պահպանված էր, անկողնային նոր պարագաներով աջակցել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ջեռուցումը սկզբնական շրջանում կազմակերպել են էլեկտրական վառարանների միջոցով, ջրի եւ էներգիայի հարցը շատ ավելի արագ է լուծվել, հետագայում կարգավորել են նաեւ գազամատակարարման եւ կենտրոնական ջեռուցման հարցերը:

Թիվ 2-րդ գիշերօթիկ դպրոցի աշխատակցուհի Լիանա Ասլանյանը հոկտեմբերից նշանակվել է  նոր ձեւավորված հաստատության պատասխանատու: Պատմում է, որ առաջին օրերին Արցախից տեղափոխված ոչ բոլոր ընտանիքներին են կարողացել տեղավորել՝ սենյակների սահմանափակ լինելու պատճառով, սակայն մարդիկ հասկացել են, մտել իրենց դրության մեջ, հարմարվել: «Այս ընթացքում մոտ 30 ընտանիք՝ 96 անձ ենք ունեցել, իհարկե ընթացքում թիվը փոփոխվել է՝ նվազել է կամ աճել նոր եկողների եւ հետ գնացողների, ինչպես նաեւ Գյումրիում արդեն իսկ վարձով ապրողների հաշվին: Էս պահին 50 անձ ունենք, զբաղված են բոլոր 9 սենյակները: Հիմա արդեն հնարավորինս տեղավորել ենք ըստ ընտանիքների,-ասում է Լիանա Ասլանյանը,-օրը երեք անգամ սնվում են ճաշարանում, կա լողանալու հնարավորություն, լվացքատուն ունենք, որից օգտվում են, աշխատում ենք այնպես անել, որ մարդիկ չձանձրանան, որոշակի փոքր աշխատանքներում ենք ներգրավում, ովքեր որ ուզում են վարձով գնալ ապրելու՝ աշխատում ենք հնարավորինս օգնել»:

Սնունդը հաստատությունը ստանում է մարզպետարանի աջակցությամբ: Անհատներ եւ տարբեր կազմակերպություններ չոր սննդի փաթեթներ են տրամադրել: Լիանայի փոխանցմամբ՝ պատրաստում են տնական, համեղ, գյումրվա ճաշեր: «Առանձին հյուրասիրություններ էլ են կազմակերպվել մեր արցախցիների համար: Գյումրու «Լենտեքս» ֆիրմայի տնօրենի կինն է երեք անգամ ռեստորանային հյուրասիրություն կազմակերպել, վերջում էլ քյալլա ենք հյուրասիրել,-պատմում է զրուցակիցս,-առողջապահական խնդիրներն եւս կարգավորում ենք, մեր թաղամասում գտմվող Կարմիր խաչի պոլիկլինիկան է սպասարկում արցախցիներին՝ բոլորը հետազոտվում են, բժշկական աջակցություն ստանում»:

Մի քանի շաբաթ առաջ 22 տարեկան արցախցի մի կնոջ տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն՝ լեղապարկի վիրահատության համար, սակայն պարզվել էր, որ ունի երիկամների հիվանդություն: Զրուցակցիս փոխանցմամբ, բուժումը հաջող է եղել, ու երեկ կնոջը վիրահատել են: Նույն կնոջ երեքամյա տղան եւս երիկամային հիվանդությամբ բուժում է ստացել Ավստրիական մանկական հիվանդանոցում: «Շուտով Ամանոր է եւ փորձելու ենք միջոցառումներ, տոնական հյուրասիրություն կազմակերպել մեր արցախցիների համար,-նշում է Էմմա Բաղդասարյանը,-ես արդեն, որպես միջնորդ, ստացել եմ Ձմեռ պապին ուղղված նամակները, աշխատելու ենք երեխաների բոլոր ցանկություններն իրականացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter