HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«2020-ը քննության տարի էր կրթության ոլորտի համար». փորձագետները՝ կրթության ոլորտի խնդիրների մասին

«2020-ը բավականին դժվար սկսվեց. հունվար, փետրվարին բավականին մեծ էր բացակայությունը հիվանդության պատճառով, թեեւ կարողանում էինք վիճակը կառավարել, իսկ կորոնավիրուսը ստիպեց անցնել հեռավար կրթության»,- «Մեդիա կենտրոնի»` դեկտեմբերի 23-ին հրավիրած քննարկմանը նշեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։ Ըստ նրա՝ հեռավար կրթությունը մի շարք դժվարություններ ստեղծեց. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսուցիչներն ու աշակերտները պատրաստ չէին հեռավար ուսուցման, սակայն ընթացքից միացան, ընտրեցին հեշտ տարբերակներ՝ կապ հաստատելու համար։ Երկրորդ դժվարությունն այն էր, որ աշակերտները թեեւ ավելի լավ էին տիրապետում տեխնիկային, բայց չգիտեին՝ ինչպես սովորել հեռավար, չունեին հմտություններ։

Երրորդ դժվարությունն, ըստ մասնագետի, տեխնիկայի բացակայությունն է, ինչպես նաեւ՝ ինտերնետային կապի թույլ հասանելիությունը հատկապես սահմանամերձ մարզերում։ Կրթության փորձագետն ասաց, որ պետությունն աջակիցների, բարերարների հետ փորձել է լուծել խնդիրը, սակայն ամբողջովին չծածկվեց բացը։ Դժվարություն առաջացել է նաեւ ընդունելության քննության ընթացքում, որի վերաբերյալ դժգոհություններ եղան։

Թորոսյանը ասում է, որ հուսով են եղել նոր ուստարին առկա անցկացնել, սակայն եղան ընդհատումներ՝ պայմանավորված թե՛ կորոնավիորսով, թե՛ պատերազմով։

«Կարելի է ասել` 2020-ը քննության տարի էր եւ՛ կրթության, եւ՛ մնացած ոլորտներում, եւ դու խնդիրները տեսնում ես սովորական առօրյայից դուրս»,- նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս ամենը հնարավորություն տվեց տեսնել ոչ միայն աշակերտների աշխատանքը, այլեւ ուսուցիչների։ «Տեսանք, որ ուսուցիչների մի խումբ, որը նախկինում էլ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, նորից լծվեցին թվային գործիքները սովորելուն, հեռավար ուսուցմանը։ Ունենք անհավասարություն. ուսուցիչների մի խումբ, որ ցանկացած ճգնաժամ օգտագործում է սովորելու, նոր մեթոդներ կիրառելու համար։ Ունենք մեկ այլ խումբ, որն ասում էր` հեռավար ուսումն անհնար է։ Վատ է։ Սա նոր հնարավորություն էր նոր բաներ սովորելու համար»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետը հավելեց, որ այսօր կրթական համակարգի ամենամեծ խնդիրն աշակերտների՝ սովորելու ցանկության բացակայությունն է. «Ինչ էլ ուզում ես անել, եթե սովորելու ցանկությունը մեծ չէ, մնացած քո լուծումներն արդյունավետ չեն»։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ամենամեծ քննությունը պատերազմի ընթացքում էր։ Ակնհայտ դարձավ, որ կրթության համակարգում բարեփոխումներն արդյունք չեն տվել, ձախողվել են, քանի որ ուսուցիչներին մենակ են թողել։

Կրթության մեկ այլ փորձագետ՝ Վահրամ Սողոմոնյանը եւս կարծում է, որ երկու իրադարձությունները՝ պատերազմ, կորոնավիրուս, շոկային են եղել կրթական համակարգի համար։ Մասնագետն ասում է, որ հաճախ ինքնակազմակերպում է իրականացվել եւ ի հայտ են եկել համակարգի թույլ տեղերը, որոնցից մեկն էլ թույլ վերահսկողությունն էր։ «Ակնհայտ է դարձել նաեւ, որ անցել ենք բազմակարծիք ժողովրդավարական հասարակության, սակայն չենք օգտվել այդ ամենից։ Մեծապես դպրոցները մնացել են փակ տարածքներ, որտեղ մասնակցային մշակույթը տեղ չունի»,- նշեց Վահրամ Սողոմոնյանը։ Ըստ նրա՝ եթե այս երկու շոկերը չօգտագործվեն կրթության ոլորտը բարեփոխելու համար, ապա ավելի վատ կարող է լինել։

Պատերազմի հետեւանքների մասին խոսելիս Արտաշես Թորոսյանը նշեց, որ պատերազմը ծանր է եղել նաեւ մանկավարժների համար, բայց այս ամենից դուրս գալու համար կարեւոր է աշխատանքը։ Նշեց, որ կա մեծ բացթողում բնագիտական առարկաների առումով, եւ ինժեներական մասնագիտությունները, որոնք կապված են թվային տեխնոլոգիաների հետ, պետք է զարգացնել։ Նա ներկայացրեց նաեւ հեռավար կրթության համար նախարարության մշակված ծրագրերը։

Իսկ Սերոբ Խաչատրյանը հավելեց, որ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն բնագիտական, այլեւ հասարակագիտական առարկաներին առարկաներին։

Թորոսյանի խոսքով՝ կրթության ոլորտում բացակայում են պատումները կամ գործող պատումները՝ գնանք զոհվենք, անմահանանք, իրական պատերազմի ժամանակ արդյունավետ չեն։ «Մեզ իրական պատումներ են պետք, որ ուժեղացնեն մեր ժողովրդին»,- նշեց ԿԳՄՍ նախարարության փորձագետը։ Նրա կարծիքով՝ տարբեր ոլորտի մասնագետներից կազմված խումբ պետք է ստեղծվի, որոնք կփորձեն հասկանալ՝ ինչ է կատարվում մեր ժողովրդի մեջ եւ ինչ պատումի հիմքի վրա պետք է կառուցել կրթական համակարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter