
Պաշտպանի պնդմամբ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց մեղադրանք առաջադրելու
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին, նիստը նշանակվել է այսօր, ժամը 18:00-ին, իսկ մինչ այդ՝ ժամը 17:00-ին, Առուշանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, որպեսզի նրան մեղադրանք առաջադրեն:
«Ո՞նց եք դուք պատկերացնում. մեկ ժամվա ընթացքում պետք է որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը տան՝ ծանոթանանք, հասկանանք՝ ինչում ենք մեղադրվում, մեղադրանք առաջադրեն, իրավունքներն ու պարտականություները բացատրեն, կալանքի միջնորդությունը տան՝ ծանոթանանք, ապա և մեկ ժամվա ընթացքում այդ ամենն անելուց հետո Մամիկոնյանց փողոցից պետք է հասնենք դատարան, իսկ եթե չհասցնենք, ասեն՝ տեսեք՝ չի ներկայանում դատարան»,- դժգոհություն հայտնեց Արմեն Մելքոնյանը:
Մեր դիտարկմանը, որ պրակտիկայում առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում այն դեպքում, երբ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարված լինում, Մելքոնյանը պատասխանեց, որ Առուշանյանը հետախուզման մեջ չի:
Երեկ քննչական կոմիտեն ծավալուն հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ:
Մեր հարցին՝ Առուշանյանը ցուցմունք տալո՞ւ է մեղադրանքի վերաբերյալ, Մելքոնյանը պատասխանեց, որ երբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը ծանոթանան, այդ ժամանակ կորոշեն՝ ցուցմունք տալ, թե՞ ոչ: Պաշտպանը նշեց, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը չի ծանոթացել և պարտավոր էլ չէ ուսումասիրել նրանց կայքը:
Մեկնաբանել