HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է դրոշմանիշային վճարի չափը փոփոխել՝ դարձնելով 1500-ից մինչև 15 հազար դրամ

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ՝ առաջարկելով վերանայել 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը: Առաջարկվում է սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ, որի համաձայն կախված եկամտի չափից՝ վարձու աշխատողները, անհատ ձեռներեցները, նոտարները և այլ վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15 000 դրամի չափով դրոշմանիշային վճար:

Ըստ այդմ՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Հիշեցնենք, որ գործող օրենքով յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս գանձվում է 1000-ական դրամ:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն 18 հազար դրամ, 1 միլիոն 201 հազարից մինչև 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ, 2 միլիոն 401 հազարից մինչև 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ, 6 միլիոն 1 հազար դրամից մինչև 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ, 12 միլիոն 1000 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, որ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել են մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը՝ ձեռք բերել հաշմանդամություն: Այդ ամենի հետևանքով կտրուկ ավելացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը, առաջացել է հիմնադրամի հավաքագրումներն ավելացնելու անհրաժեշտություն:

Մեկնաբանություններ (2)

Արփինե
Ճիշտ կլիներ մինչև 100000֊ի դեպքում գանձվեր 1000, 100001-200000֊ի դեպքում` 2000, 200001-300000֊ի դեպքում` 3000 և այդպես շարունակ, քանի որ անարդար է 200001֊ի և 499999֊ի դեպքում էլ 5500 պահելը։ Ինչպես միշտ` մեր կառավարությունը ջանք չի խնայում ամեն ինչ անել ի վնաս աշխատողի ցավոք(((։
Աիդա
Ավելի ճիշտ չէր լինի պահել եկամտից որոշակի տոկոս, օրինակ 1%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter