
Փոփոխություններ են նախատեսվում մինչդատական քրեական վարույթի գործերի քննության կարգում
Արդարադատության նախարարությունը նախատեսում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, դատական համակարգում առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել։
Այդ նպատակով արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։
Քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է՝
- մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից.
- դատավորների թվակազմի ավելացում՝ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում.
- մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին։ Ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը.
- դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ գործող դատավորների համար հոգեբանական թեստավորման փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ.
- գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում:
Արդարադատության նախարարությունը նշել է, որ այժմ առկա օրենսդրական կարգավորումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության համար չեն նախատեսում արդյունավետ լուծումներ և կառուցակարգեր, որոնք պրակտիկայում առաջացնում են տարբեր խնդիրներ:
Լուսանկարը՝ Pixabay-ից
Մեկնաբանել