HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի դեկտեմբերի 24-ին

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդության քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։ Գործով դատական նիստ է նշանակվել վաղը՝ դեկտեմբերի 24-ին։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Փարամազյանը՝ անհեթեթություն որակելով իր վերաբերյալ գործը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնել է Փարամազյանին՝ մարդուն առևանգելու մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Փարամազյանի կանչով, Քաջարանում վերջինիս  պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են Փարամազյանն ու շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա  ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը։ Ինչպես նշված է հաղորդագրությունում,հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Վերը նշված քրեական գործը դեռևս ամիսներ առաջ մեծ հնչեղություն էր ստացել, մայիսի 24-ին ձերբակալվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Լևոն  Համբարձումյանն ու Աշոտ Պապյանը։ Ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջում Կապանում բողոքի ակցիաներ էին իրականացվում։

Այս քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, և նրանցից Աշոտ Պապյանի բնակարանում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր հայտնաբերվել։ Դատարանները, քննելով մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները, Մարատ Ստեփանյանի, Խորեն Միրզոյանի և Լևոն Համբարձումյանին կալանավորելու միջնորդությունները մերժել էին։

Եւ ահա ամիսներ անց՝ այն օրերին, երբ Սյունիքում բողոքի ակցիաներ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Փարամազյանը կանչվել է քննչական կոմիտե ու նրան մեղադրանք է առաջադրվել։

Փարամազյանից հետաքրքվեցինք, թե արդյոք ինքը վերջին շրջանում քննչական կոմիտեում քննվող այս քրեական գործի շրջանակներում կանչվե՞լ է հարցաքննության, ինչին նա բացասական պատասխան տվեց։

Նշենք, որ այսօր՝ այն ժամանակ, երբ Փարամազյանը Քննչական կոմիտեում էր, շենքի դիմաց բողոքի ակցիա էր․ սյունեցիները եկել են Երևան՝ իրենց բողոքն արտահայտելու ինչպես Փարամազյանի, այնպես էլ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման կապակցությամբ, և պահանջելու, որ նրանց ազատ արձակեն։

Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը «հեքիաթ» է որակել նրա մեղադրանքը, հայտնել, որ անկախ նրանից՝ նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ, Փարամազյանը դրա հետ կապ չունի։

«Ուղղակի ծիծաղելի է, որ ութ ամիս անց ինչ-որ մեկը փորձում է մեղադրանք առաջադրել․ սա խոսում է այն մասին, որ պարոն Փարամազյանը այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter