
Նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն անձնագրեր կունենան. նախագիծ
Քաղաքաշինության կոմիտեն նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ է մշակել։ Կոմիտեն կարծում է՝ այդ կարգով կունենան շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր:
Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Անձնագրավորումը՝ շենքերի տեխնիկական վիճակի, շահագործման (օգտագործման) պայմանների և սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կուտակման և պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթաց է լինելու։
Անձնագրավորման արդյունքում կազմվելու է շենքի անձնագիր։ Այն լրացվելու է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի և այլ տվյալների հիման վրա` Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից սահմանված օրինակելի ձևերին համապատասխան:
Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է լինելու պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:
Անձնագրավորման աշխատանքների իրականացման արժեքը և վճարման կարգը սահմանվելու են պայմանագրային հիմունքներով:
Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի պատասխանատուն հանդիսանալու է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին ամրացված կամ ամրացվելու է տվյալ շենքը կամ շինությունը:
Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման գործընթացն իրականացվելու է կառուցապատողի և շենքի կամ շինության նախագծային աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Իսկ գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվելու է տեխնիկական վիճակի հետազննության հիման վրա։
Անձնագրավորման համար, բացի շենքի և շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանալու նաև շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի) մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացությունում, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են լինելու վերականգնման անձնագրավորման ընթացքում՝ չափագրման, հաշվարկների կամ հարցումների միջոցով:
Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է դրանց սեփականատերերի, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին:
«Շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման գործառույթների լիարժեք իրականացման որակի ու արդյունավետության ապահովումը պայմանավորված է շենքերի նախագծային լուծումների, շինարարության կատարողական փաստաթղթերի, շենքերի սեյսմակայունության, էներգախնայողության, փաստացի տեխնիկական վիճակի, վերականգնման և նորոգման աշխատանքների վերաբերյալ տվյալների առկայությամբ: Մինչդեռ, շատ դեպքերում, նշված տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, որի համար դրանց կառավարումը, պահպանումը և շահագործումն իրականացնող մարմինները, սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների»,- նախագծում նշել է Քաղաքաշինության կոմիտեն:
Մեկնաբանել