
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նշենք, որ Առուշանյանը ձերբակալվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածանքով, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:
Մասնավորապես, Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ: Նա իր նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։
Սյունիքի մարզի մի քանի քաղաքապետներ, որոնց թվում՝ Առուշ Առուշանյանը, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դեկտեմբերի 24-ին դատարանում քննվելու է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը:
Մեկնաբանել