Ներկայացվել է Երևանի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային նոր ցանցը
Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վերջինիս խոսքով` մինչ այժմ մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկումը իրականացվել է 2005 թ.-ին մշակված նախորդ երթուղային ցանցով, որի նոր տարբերակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, բնակչության սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:
Փոփոխությունների հիմքում միկրոավտոբուսային երթուղիները նվազեցնելուն զուգահեռ ավտոբուսային երթուղիներն ավելացնելն է: Ներկայում գործող 5 տրոլոյբուսային, 109 միկրոավտոբուսային և 29 ավտոբուսային երթուղիների փոխարեն, հաշվի առնելով Երևանի գլխավոր հատակագծից բխող քաղաքի զարգացման հեռանկարներն ու մասնագիտական վերլուծությունները, նոր երթուղային ցանցով նախատեսվում է շահագործել 10 տրոլեյբուսային, 76 միկրոավտոբուսային և 68 ավտոբուսային երթուղի: Վերջինն, ընդ որում, ավելացել է շուրջ 40 երթուղով:
Մայրաքաղաքի պահանջարկը 939 ավտոբուս է, որոնցից ուղեգծեր օրական դուրս կգան 770-ը: Այսօր, ներառյալ արդեն շահագործվող չինական ավտոբուսները, Երևանն ունի 612 ավտոբուս: Հավելյալ պահանջարկը նախատեսվում է լրացնել մասնավոր ընկերությունների ներկրումների հաշվին:
Երթուղային նոր ցանցը, ընդհանուր առմամբ, նախկին 3220 միավորի փոխարեն օրական փաստացի կշահագործվի 1284 միկրոավտոբուս: Նախատեսված է, որ վերջինների թիվը մեկ երթուղում չպետք է գերազանցի 25-ը:
Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ աստիճանական անցումը փոքր և միջին տարողության ավտոբուսներին կնպաստի տրանսպորտային հոսքերի բեռնաթափանը, ուղևորների ավելի քաղաքակիրթ սպասարկմանը և երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ըստ այդմ՝ զգալիորեն կթեթևանա մայրաքաղաքի փոքր կենտրոնի ուղևորատար տրանսպորտի հոսքը:
Զուգահեռաբար որոշակիորեն կբեռնաթափվեն նաև տրանսպորտային հոսքերով ծանրաբեռնված մյուս փողոցները: Մինչ օրս մայրաքաղաքի բնակչության 75 տոկոսին սպասարկում էին միկրոավտոբուսները և միայն 15.5 տոկոսն էր օգտվում ավտոբուսներից: Մետրոպոլիտենից օգտվում էր երևանցիների 7.5 տոկոսը և ևս 3 տոկոսը երթևեկում էր տրոլոյբուսներով: Ցանցի ամբողջությամբ գործելուց հետո ավտոբուսներով կերթևեկի ուղևորների 48, միկրոավտոբուսներով` 41.1, տրոլեյբուսներով 3.6, իսկ մետրոպոլիտենով` 7.3 տոկոսը: Միկրոավտոբուսները կերթևեկեն 5-7, իսկ ավտոբուսները 8 –ից 10 րոպե միջակայքերով:
Նոր երթուղային ցանցում հնարավորին հաշվի է առնված նաև վարչական շրջանների միջև ուղիղ տրանսպորտային կապ ստեղծելու անհրաժեշտությունը: Արդյունքում ավտոբուսներին բաժին ընկնող ուղևորափոխադրումների ծավալը կաճի ավելի քան 3 անգամ, 109 000 ուղևորի փոխարեն` հասնելով շուրջ 392 000-ի: Զուգահեռաբար միկրոավտոբուսների դեպքում ներկայում օրական երթևեկող 563 900 ուղևորների թիվը կկրճատվի 227 600 ուղևորով:
Երթուղագծերի ուղղությունների, սկզբնականգառների և վերջնականգառների հստակեցման նկատառումով մշակվել են նաև գրաֆիկական և էլեկտրոնային սխեմաներ, որտեղ հստակ կարելի է տեսնել, թե տվյալ երթուղիները որ փողոցներով են ընթանում:
Ուղերթների վերաբերյալ նաև այլ մանրամասներով գրաֆիկական սխեմաները կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:
Հենրիկ Նավասարդյանի տեղեկացմամբ, օրերս կհաստատվի նաև երթուղիների մրցույթների անցկացման ժամանակացույցը, համաձայն որի՝ առաջին մրցույթը կանցկացվի մայիսի 31-ին, այնուհետ յուրաքանչյուր շաբաթ` մինչև նոյեմբերի վերջ: Այդ ժամանակ էլ ամբողջությամբ կգործարկվի երթուղային նոր ցանցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել