HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդում է հարուցվել 18 անձի նկատմամբ, 16 անձ ձերբակալվել է, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ԱԱԾ

ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 4 հատ գնդացիր, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ  տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել 18 անձի նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:

Քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք, զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում, ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի  փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter