HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արցախի էկոնոմիկայի նախարար. «Արցախի էներգետիկ անկախությունը գտնվում է կասկածելի փուլում»

Արցախում, բացի Մարտունու շրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը։

Մարտունիում էլեկտրամատակարարումը միացվում է ժամանակացույցով։ Շրջանում պետք է կառուցվի նոր հոսանքագիծ, որը վնասվել է պատերազմի հետևանքով։ Այս պահին աշխատանքներ են տարվում՝ այդ տարածքում էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով առավել օպտիմալ լուծում գտնելու համար։ «Մարտունիում մասամբ էլեկտրականություն կա՝ մինչև 1 մեգավատտ (ՄՎտ) հզորությամբ էլեկտրական գիծ ունենք, բայց անջատումներով ենք միացնում՝ ըստ գրաֆիկի, որը տվել է մատակարարող ընկերությունը»,- ասաց Արմեն Թովմասյանը։

Արցախում էլեկտրամատակարարման ապահովման համար դեռևս հիմնական խնդիր է մնում էլեկտրական գծերի վերականգնման աշխատանքները, որոնք և ժամանակատար են, և պահանջում են ֆինանսական զգալի միջոցներ։ Դեռևս գնահատված չէ պատերազմի հետևանքով էլեկտրականությանը հասցված վնասներն, ու հաշվարկված չէ վերականգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը։ Արմեն Թովմասյանի խոսքով՝ վնասները բավականին մեծ են։

Մինչև պատերազմը՝ Հայաստանն Արցախին կապող երկու էլկտրահաղորդման գիծ կար` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Շահումյանի շրջանի էլեկտրահաղորդման գիծը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Քաշաթաղի շրջանի գիծը միջանցիկ ճանապարհով է անցնելու։ Այդ գծով արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա է ներմուծվում Արցախ։ «Հոսանքի ինքնաբավության խնդիր ունենալու ենք, 50 մեգավատտ հզորությամբ« Սարսանգ» հէկն աշխատում է քիչ հզորությամբ՝ մինչև 13-14 մեգավատտ։ Բայց եթե պետք է կայուն էլեկտրամատակարարում ապահովենք, չենք կարող զերծ մնալ Հայաստանից եկող էլեկտրական հոսանքից։ Կայունությունն ապահովում է հենց այդ գիծը»,- նշեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը։

Արմեն Թովմասյանը վստահեցնում է՝ այժմ էլեկտրամատակարարման ոլորտին վերաբերող շատ ծրագրեր են քննարկվում, սակայն առաջնային պետք է լուծվի Մարտունու շրջանին հոսանքով ապահովելու հարցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Անդրադառնալով հէկերի մեծածավալ կորստին՝ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արդեն իսկ երևում են հէկերի կորուստների հետևանքները։ «Առաջին հերթին Արցախի էներգետիկ անկախությունը գտնվում է կասկածելի փուլում։ Չկա էներգետիկ անկախություն․ Արցախում արտադրվող էլեկտրաէներգիան չի կարողանում բավարարել ամբողջ բնակչության պահանջարկը։ Ինչպես նաև այդ հէկերի մեծ մասը մասնավոր ներդումների շնորհիվ են կառուցվել, և ներդրողներն էլ կրել են բավականին վնասներ։ Այդ վնասները գույքագրվում են, և հետագայում տնտեսվարողների կորուստների փոխհատուցման համար պետք է մի լուծում տրվի»,- ասաց նա։

Գլխավոր լուսանկարը՝ artsakhpress.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter