HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կապանի քաղաքապետը պատգամավորներին կոչ է անում սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու նախագիծ մշակել

Խորհրդարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» աշխատանքային քննարկումը, որին ներկա է նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Հանդիպմանը ներկա են «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնեց, որ թե՛ Կառավարությանը, թե՛ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրավեր է ուղարկվել, սակայն որևէ մեկը չի եկել քննարկման:

Գևորգ Փարսյանի խոսքով` թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմում սյունեցիները պաշտպանության հարցում մեծ դեր են ունեցել, նաև անդառնալի կորուստներ են կրել` թե՛ մարդկային, թե՛ բնակավայրերի պաշտպանության հարցում: Կապանի քաղաքապետի ներկայացմամբ` հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն է հրավիրել և առաջարկել սյունեցիներին անցնել ինքնապաշտպանության: Սյունիքի պաշտպանության կոորդինատոր է նշանակվել գեներալ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը:

«Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք ու անցանք բնակավայրերի պաշտպանությանը, ցավոք սրտի, այդ ժամանակատվածում մենք ամբողջովին մենակ էինք: Մենք ցուցում ստացանք Արտակ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրերից հեռու էր` դրանով անվտանգության գոտի ապահովելով»,- ասաց Փարսյանը: Վերջինիս խոսքով` չնայած թեժ մարտեր են ընթացել թե՛ Դավիթ Բեկում, թե՛ Կապանում, սակայն սյունեցիներն անգամ մի մետր հետ չեն նահանջել` պահպանելով եղած բնագծերը: Եւ քանի որ եռակողմ հայտարարության առաջին կետով նշվում էր, որ զորքերը մնում են իրենց զբաղեցրած բնագծերում, իրենք չեն զիջել տարածքներ, սակայն դեկտեմբերի 17-ի առավոտյան հրաման է իջեցվել ՊՆ-ից  զբաղեցրած դիրքերը զիջել:

«Թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից օրինակ՝ Սյունիքի բնակավայրից բնակելի հատվածից 100 մ հեռավորության վրա է, Կապանից` 1 կմ-ի վրա: Այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել»,- ասաց քաղաքապետը: Նրա խոսքով` խնդիր է առաջացել նաև ճանապարհների անվտանգության հարցում, այժմ Կապան-Ագարակ ավտոճանապարհը չի գործում, քանի որ թշանմու հսկողության ներքո է անցել: Չնայած այլընտրանքային ճանապարհ է գործում, սակայն այն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի, և ձմեռային եղանակին անանցանելի է: Ըստ Փարսյանի` ինչ-որ առումով Ագարակի բնակիչները շրջափակման մեջ են այդ ճանապարհի պատճառով: Կապան-Շինուհայր տանող ճանապարհը բեռնատարների համար անհարմար է, Տաթևից մինչև Սատանի կամուրջ տանող հատվածում ոլորաններ են, մարդատարները կարող են անցնել, բայց բեռնատարները` ոչ:

Սյունիքի մարզի բնակչության շրջանում անհանգիստ, լարված վիճակ է, որևէ մեկը չգիտի` ինչ է սպասվում ապագայում: Կապանի քաղաքապետին բնակիչները շատ են հարցնում, թե ինչ է լինելու, քաղաքապետը, սակայն, այդ հարցի պատասխանը չունի:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք վտանգ կա, որ սյունեցիները լքեն իրենց բնակավայրերը և արդյոք իշխանությունները համայնքապետերի հետ քննարկում իրականացրել են քարտեզագրման աշխատանքներում:

Փարսյանն արձագանքեց` իրենք նոյեմբերի իննից հետո մնացել են նույն դիրքերում, նույն դիրքերում է եղել նաև թշնամին, վերջինիս կողմից էլ ագրեսիվ վարքագիծ չի նկատվել: Տպավորություն է ստեղծվել, որ հակառակորդն ինչ-որ բանի է սպասում: Նրա խոսքով` համայնքապետերի հետ որևէ քննարկում չի եղել:

«Բայց մենք ակտիվ համագործակցում ենք ՊՆ-ի հետ, այն գեներալները, որոնց հետ կապ էինք կապում, նրանք էլ տեղյակ չէին, որ դիրքերը զիջելու ենք: Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ոնց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի մենք տեղյակ չենք եղել, ինչի ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»,- ասաց նա:

Փարսյանը կարևորեց այն, որ ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվեն սահմանապահներ, և նրանց հետևում չլինեն զինված ուժեր, այլ` ապառազմականացված գոտի, դրանով կապահովագրվի, որ բախումներ չլինեն:

Կապանի քաղաքապետը կոչ արեց ԱԺ պատգամավորներին օրենսդրական նախաձեռնություն մշակել, որ սահմանամերձ համայնքների բնակիչները օրինական զենք ունենան, ինչը վերջիններիս լրացուցիչ վստահություն կտա: Փարսյանի խոսքով` որսորդական խանութից զենք ձեռք բերելու համար որոշակի դժվարություններ կան, ուստի լավ կլինի այդ պրոցեսը հեշտացնել:

«Կապան-Գորիսի ճանապարհահատվածը անցնելուց Որոտանի հատվածով որ մարդիկ անցնեն, պետք է վստահություն լինի, իսկ վստահությունը զենքն է, օրինական եղանակով ձեռք բերելը»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Փարսյանը վստահեցրեց` երեք ամիս է՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները կապ չունեն Կառավարության հետ` բացառությամբ ՊՆ-ի ու ԱԱԾ-ի:

Մարտական հերթապահության համար զինված ուժերն այսօրվանից է կանոնավոր բանակ ուղարկել Սյունիք, մինչ այսօր պաշտպանությունն իրականացվել է սյունեցիների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter