HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինչպե՞ս սկսվեց պատերազմը

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 40 000 մարդ մնացել է անօթևան: Պատերազմն սկսվեց միանգամից, արկակոծելով ու հրետակոծելով ԱՀ գրեթե բոլոր բնակավայրերը: Պայթյունի աղմուկից արթնացած բնակիչներն իրենց տներից փախուստի դիմեցին կիսահագնված, անդադար թափվող արկերի տարափի տակ կարճ ժամանակով ապաստանելով շենքերի նկուղներում: Այնուհետև տարհանվեցին Հայաստան և կամավորականների կամ ծանոթ-բարեկամների աջակցությամբ ժամանակավոր պատսպարվեցին տարբեր բնակավայրերում: Գառնի գյուղում ժամանակավոր բնակվող արցախցիները պատմում են, թե ինչպես սկսվեց պատերազմը, կանանց ու երեխաներին ինչպես հաջողվեց փրկվել անօդաչուների հետապնդումներից ու հասնել Հայաստան:    

Սուսաննա Քոչարյան, գյուղ Մատաղիս, 24 տարեկան

Սեպտեբերի 25-ից Արցախում իրավիճակը մի քիչ լարված էր: Ամուսնուս և մեր երկու մանկահասակ երեխաներիս հետ (մեծը՝ 2,5 տարեկան, փոքրը՝ 5 ամսական) բնակվում էինք Մատաղիսում: Ամուսինս՝ Զորի Քոչարյանը, դիվիզիոնի հրամանատար է, մայոր: Զորքը դիրքերում էր, այդ օրը ամուսինս էլ բարձրացավ դիրքեր: Սեպտեմբերի 26-ին Մատաղիսի զորամասի օրն էր, դիրքերից իջան զորամաս, խնջույք կազմակերպեցին, բայց ամուսինս ինձ ասաց, որ ամեն դեպքում, պատրաստ լինեմ հեռանալուն, չգիտես, թե ինչ կլինի: Հետո ինքը գնաց դիրքեր: 

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:00-ին կրակոցի ձայներ լսվեցին՝ զանգեցի ամուսնուս և հարցրի՝ ի՞նչ անեմ, երեխաների հետ դուրս գա՞նք, ես մեքենա վարել գիտեմ: Նա ասաց՝ պատրաստվիր, մարդ եմ ուղարկում, որ ձեզ հանի Մատաղիսից: Մենք զիվորականների համար կառուցված շենքի երկրորդ հարկում էինք բնակվում, տեսա, որ երրորդ հարկից զինվորականներն իրենց երեխաներին ասում են՝ շուտ-շուտ իջեք: Երեխաներին արթնացրի, արագ հագցրեցի, նրանց համար մեկ-մեկ հատ շոր վերցրի ու մեր փաստաթղթերը, որոնք նախորդ երեկոյան արդեն պատրաստ դրել էի դռան հետևի պահարանին, ու մեծ արագությամբ իջանք նկուղ: 

Այդ ժամանակ արդեն անօդաչուները հարվածում էին շենքերին: Մեր հարևանը նկուղի դուռը ջարդեց, և ներս մտանք: Հարվածներից մեր ձայնը խլանում էր, տեսնում էի, որ երեխան լացում է, բայց իր ձայնը չէի լսում: Երբ անմիջապես շենքին սկսեց խփել՝ արդեն անվտանգ չէր, ընդհանուր նկուղի խորքում սենյակներ կային, որոնք ավելի անվտանգ էին և մտանք այնտեղ: Անօդաչուներն սկսեցին մեքենաներին խփել, որպեսզի չկարողանանք փախչել:

Տղամարդիկ մեկ-մեկ դուրս էին գալիս նկուղից և փորձում էին չվնասված մեքենա գտնել, որպեսզի ընտանիքներին դուրս բերեն գյուղից: Շուրջ բոլորն ավերածություն էր, ամեն ինչ քանդվել էր, ջարդվել: Հարևաններից մեկը մեքենայով իր ընտանիքին հեռացնում էր այդտեղից, ես էլ երեխաների հետ նստեցի նրանց մեքենան, որ հեռանանք: Ընթացքի ժամանակ անօդաչուն մեքենային շատ մոտ հարվածեց: Մեքենան կորցրեց կառավարումը, և մենք վթարի ենթարկվեցինք: Երեխայիս ոտքն էր կոտրվել, մեկ ուրիշի թիակն էր կոտրվել, մյուսը մեկ այլ տեղից էր վնասվածք ստացել և այլն: Մեզ հետ նաև հղի կին կար: «Օպել» մակնիշի մեքենայում 9 հոգի մարդ կար, նաև՝ մեր երեխաները: Մենք դեպի Եղնիկների կողմն էինք գնում, սարերով ու անտառների միջով պետք է հեռանայինք, որովհետև հիմնական ճանապարհը ռմբակոծվում էր:

Այդ ժամանակ ՈԻԱԶ մակնիշի մի մեքենա եկավ՝ առանց անիվների, հեծաններով էր գնում: Մեջը լիքը մարդ կար և մեզ չկարողացան վերցնել: Մեկ ուրիշ մեքենա եկավ բեռնատարի նման, բոլորս լցվեցինք թափքի մեջ ու անտառներով հասանք մինչև Դրմբոն: Այդտեղ Ստեփանակերտի ներքաղաքային ավտոբուսներն սպասում էին, որպեսզի մարդկանց դիմավորեն ու տեղափոխեն: Դրանով գնացիք մինչ Բալուջա, հայրս եկավ ու այդտեղից մեզ տարավ Մուշկապատ՝ իրենց տուն: Երկու օր մնացինք այնտեղ, հետո այնտեղից էլ բնակիչներին սկսեցին տեղահանել: 

Այդ ընթացքում ամուսնուս հետ չէինք կարողանում կապվել: Նա մարդ էր ուղարկել, որն ամուսնուս անունից ասաց, որ ընտանիքով տեղափոխվենք Հայաստան, որտեղ մեր քավորն էր ապրում: Արցախից սկզբում տեղափոխվեցինք Կոտայքի մարզ, Արագյուղ, երեխաների հետ մեկ ամիս մնացի այնտեղ: Հետո, երբ մայրս ու քույրերս եկան, արդեն չէինք տեղավորվում այդ տանը և ընտանիքով տեղափոխվեցինք Գառնի, մեկ ուրիշ ծանոթի տուն: Մայրս ու քույրս հետո վերադարձան Մարտունի, մեկը՝ Մուշկապատ, մյուսը՝ Գիշի գյուղ, նրանց տներն անվնաս են մնացել: 

Մենք երկու տարի էր, ինչ բնակվում էինք Մատաղիսում, զինվորականների համար կառուցված շենքում: Տունը կահավորել էինք, մեքենա էինք գնել, որը պայթեցրին դեռ այնտեղ իմ գտնվելու ժամանակ: Մենք կհեռանանք այս երկրից, որովհետև Արցախի հանրապետությունը չի մտահոգվում մեզնով: Այն մարդիկ, ովքեր տուն չունեն, գոնե ժամանակավոր կացարան պետք է տրամադրեն կամ ինչ-որ լուծում պետք է գտնեն այդ հարցին: 

 

Շողիկ Պետրոսյան-48 տարեկան, քաղաք Շուշի

Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք պայթյունների ձայնից: Ով ոնց հասցրեց՝ մի բան գցեց վրան, մեր փաստաթղթերը վերցրինք, մի երկու շոր և վազեցինք նկուղ: Մի երկու ժամ մնացինք այնտեղ և տեսնում էինք, թե զենքերի պահեստն ինչպես պայթեցրին: Շուշիում զորամաս կար և հենց էդ կետերով խփում էին: Ես չորսը տղա ունեմ. մեծ տղաս հագնվեց ու գնաց զինկոմիսարիատ, մյուս տղաս աշխատանքի էր Մարտակերտում,  եկավ տուն, զինգրքույկը վերցրեց ու գնաց, երրորդ տղաս բանակում է ծառայում: Ես, հարսս ու փոքր տղաս պատսպարվեցինք նկուղում: 

Շուշեցիները վազում էին դեպի Ագրարային համալսարանի և Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանի շենքի նկուղները: Ուսումնարանի նկուղը մեծ էր և այնտեղ շատ ժողովուրդ կար, մարդիկ մեքենաներով իրենց կանանց ու երեխաներին բերում էին նկուղ: Այդ օրվանից գլուխներս չէինք կարողանում հանել նկուղից: Անօդաչուներով հարվածում էին բնակելի շենքերին, Ղազանչեցոց եկեղեցուն: Մի քիչ որ հանդարտվում էր, տղամարդիկ վազում էին տնից ուտելիք բերելու, աթոռների վրա նստած էինք գիշերներն անցկացնում: 

Տղաս զանգեց և ասաց. «Դուրս եկեք այդտեղից, որպեսզի մենք հանգիստ լինենք»: Ես, հարսս և փոքր տղաս Շուշիից դուրս ենք եկել հոկտեմբերի 3-ին: Ամուսինս մեզ տարավ Ջերմուկ, քրոջս տուն: Քրոջս ընտանիքի հետ 13 հոգի էինք դառնում, երբ զինադադարից հետո տղաներս էլ վերադարձան ճակատից՝ արդեն շատ էինք, տանը տեղ չկար: Հետաքրքրվեցինք, որ տուն գտնենք, տեղափոխվենք: Կամավորականները մեզ համար տուն գտան Գառնիում և տեղափոխվեցինք այստեղ:

Մենք 1993թ. մայիսի 5-ից բնակվել ենք Շուշիում: Մեր գյուղը՝ Մարտակերտի Հակոբ կամարի գյուղն է (Վարանգաթաղ): Ադրբեջանցիները վառել էին մեր տունն այնտեղ: 1992թ.-ին դարձյալ մի շորով ենք փախել և արդեն գիտեի, թե դա ինչ է: Ես 1992թ.-ին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, մեծ տղայիս ծննդատնից վերցրած դարձյալ փախա Ջերմուկ: Հիվանդանոցը նկուղում էր, տղայիս նոր էի ծննդաբերել, երբ սկսեցին ռմբակոծել: Ծննդաբերելուս գիշերը եղբայրս եկավ մեզ տարավ Ներքին Հոռաթաղ, որը Մարտակերտից 3 կմ է հեռու:

Մեծ եղբայրս զինվորական կրթություն էր ստանում Սանկտ Պետերբուրգում: Այդ օրերին նա դեղորայք էր բերել, որը հանձնեց Մարտակերտի հիվանդանոցին ու գնաց ռազմաճակատ: Մեզ ասացին, որ վիրավորվել է և գերի են վերցրել նրան: Հայրս ու եղբայրս բանակցում էին ադրբեջանցիների հետ՝ եղբորս փրկելու համար, բայց Մարտակերտն սկսեցին ռմբակոծել, գյուղացիներին տարհանեցին: Մենք վերջին օրը դուրս եկանք գյուղից, բայց չհասցրինք փրկել եղբորս: Հետո նրա տեղը կորցրինք, էլ չգտանք եղբորս, մայրս այդ տառապանքից մահացավ: 

Ընտանիքով գնացինք Ստեփանակերտ, հետո սկսեցին Ստեփանակերտը ռմբակոծել, լցվեցինք մի մեքենա ու գիշերվա 4-ին հասանք Էջմիածին՝ հորաքրոջս տուն: Այդտեղ մնացինք 10 օր, այդ ժամանակ հացը չափաբաժնով էին տալիս, մենք հորաքրոջս ընտանիքի հացն էինք ուտում, ամաչում էինք դրա համար: Դիմեցինք Արցախ կոմիտե, մեզ տեղափոխեցին Ջերմուկի պանսիոնատներից մեկը, ութ ամիս մնացինք այնտեղ: Հետո ասացին, որ Ստեփանակերտում վիճակը բարելավվել է, կրկին վերադարձանք Ստեփանակերտ՝ քրոջս տուն, որովհետև մենք այլևս տուն չունինք: Լսեցինք, որ Շուշիում տուն են տալիս, ամուսինս մի տուն գտավ և տեղափոխվեցինք այնտեղ բնակվելու: Շուշիում տները վատ վիճակում էին, գրեթե ամբողջությամբ քանդված էին: 1990-ականներին հայերը դուրս էին եկել Շուշիից, որովհետև ադրբեջանցիները վախեցրել էին նրանց:

Շուշիում չորս սենյականոց բնակարան ունեինք և սեփական նկուղ՝ նույն շենքում: Ես մեր փաստաթղթերը մի տեղ եմ պահում, դառը փորձ ունենք՝ արդեն երրորդ անգամ ենք այս ճանապարհով անցնում: Դուրս գալուց վերցրեցի մեր անձնագրերը, բնակարանի վկայականը ու դուրս եկանք: Երեխաներիս լուսանկարներն անգամ տանն եմ թողել, կուզենայի մեր հիշողությունները մեզ հետ վերցրած լինեինք: Պատերազմի ողջ ընթացքում մտքներիս ծայրով էլ չի անցել, որ Շուշին կհանձնեն: Գյուղերից ով մի թանկանոց բան ուներ՝ բերել էր Շուշիում պահ տվել, որովհետև չէին կասկածում, որ Շուշին կպահեն: Եթե նույնիսկ նման բան լինի՝ մտածում էին այդտեղից Երևան հեշտ կտանեն:

Ես չեմ հավատում, որ այս պատերազմը վերջինն է: Տղաս ասում է՝ եթե տուն տան, Արցախից ոչ մի տեղ չեմ գնա, թուրքը ո՞ւմ շունն ա, որ թողնեմ գնամ: Բայց ես մտածում եմ երեխաներիս անվտանգության համար: Անտառը թուրքին է մնացել, արոտավայրը թուրքին է մնացել, մարդիկ ո՞նց են իրենց գոյությունը պահպանելու: Անտառի հատապտուղով, փայտով անասուն պահելով էին ապրում: Սարսափելի անորոշության մեջ ենք, չգիտեմ, թե ինչպես ենք անելու: Քանի՞ անգամ կարող ենք տուն կորցնել:

 

 Լենտինա  Հակոբջանյան-62 տարեկան, քաղաք Շուշի

Սեպտեմբերի 27-ին երբ կրակոցներն սկսվեցին, աղջկաս տեգրը՝ Լեռնիկ Վարդանյանը, որը Դրմբոնում հրամանատար էր, տղայիս ասել էր՝ Քարին տակում ապահով է, երեխաներին շուտ տար այնտեղ, դու՝ արի: Տղաս նրա մոտ էր ծառայում: Մենք գնացինք Քարին տակ գյուղը, մի երկու օր մնացինք այնտեղ: Հեռուստացույցով ասացին, որ Լեռնիկը չկա, պատերազմն սկսելու պահից մինչ օրս նրանից լուր չկա, ասում են՝ գերի են վերցրել: Մեր հույսն ինքն էր: Նրա աղջիկն իր երեխաներին, աղջիկս էլ իր երեխաներին վերցրեցին ու տեղափոխվեցին Գորիս՝ Լեռնիկի ընկերոջ տուն: 

Ես մնացի Շուշիում, որովհետև տղաս ռազմաճակատում էր և չէի կարող նրան թողնել ու գնալ: Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանում էի աշխատում, երկու շաբաթից ավել մնացել ենք այդ շենքի ներքնահակում: Իմ տունը կողքն էր, բայց չէի համարձակվում դուրս գալ նկուղից: Շուշիի բոլոր շենքերի նկուղերում էլ մարդ կար, բայց կամաց-կամաց գնում էին: Ես ու բարեկամուհիս, որը երեք տղա ուներ, ասում էինք՝   մեր տղաներին ո՞ւր թողենք գնանք: Հոկտեմբերի կեսերին, երբ տեսանք, որ Շուշիին շատ են խփում, իմ բարեկամներից մի կին ասաց, որ բոլորը գնում են, վտանգավոր է, արի մենք էլ գնանք: Ես էլ նրանց հետ գնացի Գորիս, այնտեղից էլ՝ Երևան: Աղջիկս Գորիսից արդեն տեղափոխվել էր Երևան՝ իր ընկերուհու մոտ էր բնակվում: Ես էլ գնացի իր մոտ: Հոկտեմբերի վերջն էր արդեն, երբ եկանք Երևան, այնտեղից էլ Գառնի տեղափոխվեցինք: Աղջկաս ծանոթներից մեկը, որն արտասահմանում է բնակվում, իր տունը տվեց մեզ՝ ապրելու համար: 

Մենք երեք տուն ենք թողել Շուշիում: Աղջիկս և տղաս առանձին 4 սենյականոց բնակարաններ ունեին Շուշիում: Ես՝ սեփական տուն և 60 քմ հողամաս: Աղջիկս 5 մլն դրամ վարկ էր վերձրել, բնակարանը վերանորոգել էր: Աղջկաս ամուսինը մահացել է 2016թ.-ին, նա իր մեքենայով գերաններ էր տեղափոխում բանակի համար, կտրված գերանն ընկել էր վրան: Աղջիկս երկու փոքրիկ ունի, նա տնից միայն ամուսնու նկարն է  վերցրել և մի քանի շոր՝ երեխաների համար: 

Տղաս նույնպես 4 սենյականոց բնակարան էր գնել Շուշիում: Իմ տունը շատ հին էր: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք վարձով էին բնակվում Ստեփանակերտում: Երբ Շուշին ազատագրեցին, այդ տունը տվեցին մեզ: Պատերազմը դեռևս չէր ավարտվել, ամուսինս Մարտակերտում էր այդ ժամանակ, նա զոհվեց 1994 թ.-ին: Կռվի ժամանակ վիրավորվել էր, մինչև դուրս էին բերել մարտի դաշտից՝ արյունաքամ էր եղել ու մահացել: Ես երկու աղջիկ ունեմ և մեկ տղա, նրանք փոքր էին այդ ժամանակ: 

Մենք 100%-ով համոզված ենք եղել, որ Շուշին չեն տա: Հիմա անորոշության մեջ ենք, ուզում եմ Շուշի գնամ, թեկուզ տունս քանդված լինի, բայց կուզենամ Շուշիում ապրեմ: Շուշին հանձնելու օրը երազումս տեսա, որ Աստված երկնքից իջել էր, աչքիս առջև կանգնած էր: Միակ հույսս Ատվածն է, որ մի օր մեզ կփրկի:

 

Արմեն Բեգլարյան-33 տարեկան, քաղաք Շուշի

Սեպտեմբերի 27-ին քնած էինք, պայթյունի ձայներ լսեցինք, դուրս եկանք տեսանք, որ անօդաչուներով խփում են, նրանք՝ մեզ, մերոնք՝ նրանց: Ես գնացի Շուշիի զինկոմիսարիատ, թուղթը տվեցին, եկա տուն, կնոջս ու երեխայիս հրաժեշտ տվեցի ու գնացի: Մենք գնացինք Ստեփանակերտ՝ Հայկազով զորամաս, այնտեղ հավաքեցին ու տարան Աղդամ: Վերադարձել եմ պատերազմի ավարտից հետո: 

Կինը՝ Վարդուհի Դավթյան. Մանկահասակ երեխայիս հետ մեկ շաբաթ մնացել եմ տան նկուղում: Մերը երկհարկանի տուն էր, երկու եղբայրներով ամեն մեկս մի հարկում էինք բնակվում: Բոլորս իջանք նկուղ: Հետո վատացա, որովհետև շատ էի վախեցել, ես 5 ամսական հղի եմ, ցավեր ունեի: Մի շաբաթ հետո հայրս իր մեքենայով մեզ բերեց Երևան, մեզ 3 օր պահեցին հյուրանոցներից մեկում, որից հետո կամավորների աջակցությամբ բնակվելու տեղ տվեցին Գառնիում: 

Մենք չէինք սպասում, որ Շուշին կհանձնեն, մի քանի կտոր հագուստ վերցրինք և դուրս եկանք: Մտածում էինք, որ հաղթելու ենք, Շուշին չէին կարող գրավել, հանձնեցին և ասեցին՝ գնացեք: Հայաստանում ապագա չկա, եթե Ռուսաստանը Արցախը վերցնի և ռուսական անձնագիր տան մեզ՝ կվերադառնանք Արցախ, եթե՝ ոչ, կգնանք Ռուսաստան:

Մեկնաբանություններ (3)

Avcı kartal
Stupid armenian,Sumgayit dead armenian just 12,but karabakh dead armenian 20.000.enver pasha is right.
Ar Team
Azerbaijanis felt and experienced something much milder than Armenians in Sumgait 1988 and Baku 1990.
Anthony Martin
I imagine the Azerbaijanis felt much the same when they were thrown out of their homes in the 1990's. Karma is a beeech huh?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter