HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտը` վաղը

Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշեւսկու կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշեւսկին` 76.1 կգ: 

Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է  Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին,  Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից  պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter