HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախարարության՝  այդպես հանձնաժողովն արդյունավետ կիրականացնի օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։

Առաջարկվող փոփոխությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կազմված կլինի 65 աշխատակցից։

Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ սա «անհամարժեք է հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար»։

Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ հանձնաժողովի հինգ անդամ, հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը՝ մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։

Հաստիքացուցակի նման սահմանափակումների հետևանքով աշխատանքների արդյունավետության վրա ազդող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար հանձնաժողովը միջազգային դոնորների հետ լրացրել է անձնակազմի բացը՝ դոնորների ֆինանսական միջոցներով ներգրավված փորձագիտական ներուժի միջոցով։ 

Մասնավորապես, 2020 թվականի ընթացքում միջազգային դոնորների օժանդակությամբ հանձնաժողովը վարձել է 21 փորձագետ։ Այդ աշխատանքները, սակայն, 2021 թվականին նույն ծավալով շարունակել այլևս հնարավոր չի լինի, և անհրաժեշտ է, որ հանձնաժողովի հաստիքացուցակը համալրվի օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան իրավակարգավորումներում փոփոխություններ իրականացնելու միջոցով։

Արդարադատության նախարարությունը նախագծում նշել է, որ հանձնաժողովի համար աշխատողների առավելագույն թիվը՝ 40-ը, սահմանվել է վարչապետի 2018 թվականի որոշմամբ։ Մինչդեռ, հանձնաժողովի ձևավորումից հետո ընդլայնվել է դրա գործունեության սահմանված ծավալը, հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով դատավորի օգնականներին, բոլոր համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանել նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանիների համար։

Բացի այդ, սահմանվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ստուգման լիազորությունը, ինչպես նաև՝ հանձնաժողովը պարտավորվել է իրականացնել գործող դատավորների գույքային ստուգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter