HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիշերը երազիս մեր գյուղում էի»․ ուխտաձորցի Հովագիմյանների ընտանիքը կարոտում է հայրենի գյուղը

Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի բնակիչ Վիտալի Հովագիմյանը մեզ դիմավորում է Էրեբունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ, ուղեկցում բնակարան։

Արդեն մեկ ամիս է՝ բնակվում են այստեղ՝ վարձակալությամբ։ Երկար փնտրտուքներից հետո գտել են տունը, ապրում են 14 հոգով՝ Վիտալիի ընտանիքը, ծնողները, եղբոր ընտանիքը, երկու տատիկները և զոքանչը։

Ասում են, որ հազիվ են այս բնակարանը գտել, քանի որ թե՛ Ստեփանակերտում է դժվարացել վարձով բնակարան գտնելը, թե՛ Երևանում։ Ուխտաձորից Վիտալիի ընտանիքը դուրս է եկել սեպտեմբերի 30-ին, նախ՝ հարեւան Տումի գյուղ են գնացել, ապա՝ եկել Երեւան։

Ընտանիքում ամենակրտսերը 3 տարեկան Անահիտն է, անհամբերությամբ սպասում է Ձմեռ պապին, նամակ է գրել՝ տիկնիկ ուզել, իսկ հորեղբոր աղջիկը՝ Անին, գրենական պիտույքներ, քանի որ իր գրքերն ու գրենական պիտույքները գյուղում է թողել։

«Պատերազմի թունդ վախտը 10-ամյա Գոռը եկավ ասաց՝ էնքան կուզենայի մեծ լինել, ասացի՝ ինչի՞, բալես, ասաց՝ որ մեծ լինեի, ավտոմատը վերցնեի գնայի պապայիս կողքին կռիվ անեի, թուրքին սպանեի... էս էլ Գոռի ցանկություն է»,- ասում է Վիտալիի մայրը՝ Անահիտը։

Հովագիմյաններն Ուխտաձորում են թողել երեք տուն, բեռնատար մեքենա, 10 հա ցորենի դաշտ, 1 հա թթենու այգի։ 10 խոշոր, 18 մանր եղջերավոր անասուն, 200 հավ ու բադ, 5 խոզ, տան նկուղում ամբարված է մնացել 8 տոննա ցորենը, որը փոխանակում էին ալյուրով կամ կենդանիներին կերակրում։

«Անսովոր ա խանութից հաց կամ ձու առնելը կամ մսին փող տալը»,- ասում է Անահիտ Հովագիմյանը։ Նոր տարուն իրենց սեղանին ամեն ինչ տնական է եղել՝ խոզի, հնդկահավի, տավարի միսը, կաթնամթերքը, Արցախի թթի օղին։ «Մնում էր մենակ մանդարին, ապելսին առնելը»,- հավելում է Վիտալին (նրա դեմքին մի պահ ժպիտ է հայտնվում)։

83-ամյա Ստասիային հարցնում եմ, թե իրենց ընտանիքում ո՞վ է ամենից լավ պատրաստում, նայում է թոռան կնոջն ու ասում, որ ամենից համեղ Գոհարիկն է պատրաստում, հետո դառնում իր հարսին՝ Անահիտին է գովում։

«Ինձ համար էստեղ ամեն ինչն է բարդացել, նույնիսկ մտածում էի՝ ես էլ ժինգյալով հաց սարքեմ, բայց դրա հարմարությունն էլ չունեմ։ Վիտալին խոստացել է մի ժեշտ բերի․ գոնե էդպես կկարողանամ ժենգյալ թխեմ։ Մենք սովոր ենք փայտի վառարանի վրա թխվող ժինգյալի ու փռան մեջ թխվող հացի համին»,- ասում է Անահիտը։

Անահիտն ու նրա հարսն աշխատել են Ուխտաձորի դպրոցում։ Անահիտը նախադպրոցականների հետ է աշխատել՝ 4-6 տարեկան 14 երեխա, գյուղում մանկապարտեզ չի եղել, դպրոցում են միավորել երեխաներին։

Գոհարը Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է, այս տարի ավարտական դասարանի դասղեկ էր։ «3 հոգի էին դպրոցն ավարտելու, բայց շատ կապված էի, հիմա էլ զանգում եմ, զրուցում հետները», - ասում է ուսուցչուհին՝ ափսոսալով ոչ միայն իրենց նոր վերանորոգված տան, այլև նորոգված երկհարկանի դպրոցի համար։

Անահիտը հավելում է, որ գյուղի ճանապարհն էլ էր վերանորոգվել, գազիֆիկացվել էր։ «Գիշերը երազիս մեր գյուղում էի, ղազերիս էի հաշվում... Թոռներս էլ են կարոտում, էն օրը փոքր Անահիտն եկավ, ասաց՝ տատի, քինա՞նք մեր շենը, կարոտել եմ, երեխեքին եմ կարոտել...»,- ասում է Անահիտը։

Վիտալին և եղբայրը՝ Սևակը, մասնակցել են պատերազմին, Վիտալին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից է, կոչումով՝ ենթասպա, 6 տարվա ստաժ ունի, պատերազմի օրերին սկզբում իր աշխատանքն է կատարել, ապա միացել զինվորներին, դիրքեր բարձրացել, մասնակցել է Հադրութի, ապա` Շուշիի պաշտպանությանը, իսկ հրադադարից հետո աճյունների տեղափոխման աշխատանք կատարել։ Վստահ է՝ Արցախում էլի իր մասնագիտությամբ գործ կկարողանա գտնել, բայց անորոշ կմնա բնակվելու հարցը։

Վիտալիի կրտսեր եղբայրը պայմանագրային զինծառայող է, պատերազմի ընթացքում Ֆիզուլիում է ծառայել։ Նրանց հայրը՝ Սլավիկը, պահեստազորի հետ գյուղում է եղել։

Անահիտ Հովագիմյանն ափսոսանքով է հիշում իրենց տունը, այգին ու այս տարի պատրաստած թթի 60 կգ դոշաբը։ Ասում է, որ նույնիսկ իրենց նկարները տնից չեն վերցրել։ «Մենակ Աստծուց էդ էի խնդրում, որ տղաներս սաղ-սալամաթ տուն գային։ Մենք գյուղի ապաստարանում էինք, էդպես եկանք, մեր շորերով, դամաշնիկով»,- ասում է Անահիտը։

Նրանք հարևաններից, ծանոթներից, համայնքապետարանից առաջին անհրաժեշտության որոշ իրեր են ստացել, սակայն դժվար է 14 հոգով մի տան մեջ ապրելը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter