HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքոքագործությունը ձեռագործության բոլոր ձևերի արմատն է»

Մարգարիտա Ղազարյան

Վանաձորում ապրող Մարիամ Սերգոյանը քչերից է, որ տիրապետում է մաքոքագործությանը ու գիտի դրա բոլոր նրբությունները: Ձեռագործության այս տեսակին նա պատահաբար է առընչվել: Դպրոցական տարիներին ասեղնագործության դասերին մի քանի ժամ տրամադրել են նաև այս տեսակին:

«Ոնց որ տառերը սովորեցնեն, դրանից հետո սկսեցի ինքս ինձ տրբեր ուզորներ հանել ու գործել»,- ասում է Մարիամը:

Տարբեր աղբյուրներում մաքոքագործության ծագման մասին տարբեր տեղեկություններ կան: Եվրոպայում այն հայտնի է «ֆրիվոլիտե» անվամբ, որ ֆրանսերեն նշանակում է թեթևամտություն և համարվում է ֆրանսիական ծագում ունեցող արհեստ:

Մի շարք այլ աղբյուրներում էլ նշվում է, որ մաքոքահյուսությունն ունի արևելյան, թերևս հայկական ծագում: Այն շատ է հանդիպում միջնադարյան հայ կանանց տարազներում:

Այս արհեստի համար նախատեսված գործիքը կոչվում է մաքոք, այսինքն՝ մակույկ, փոքր նավակ:  Անվանումը գործիքը ստացել է ոչ միայն արտաքին տեսքի, այլև այն բանի շնորհիվ, որ ձկնորսական ցանցերը գործվել են հենց մաքոքով՝ ավելի ամուր լինելու համար:

Այս փաստը հաստատում է նաև Մարիամը. «Այս գործերը շատ ամուր են, ամեն ինչ արվում է կապերով ու չի քանդվի՝ ի տարբերություն, օրինակ, հելունագործության. Կպար, կքանդվի»:

Սակայն , չնայած առավելությանը, այս առանձնահատկությունը  ունի նաև թերություններ. «Վատը միայն այն է, որ սխալվեցիր, չես կարող քանդել: Ուշադիր պիտի լինել անընդհատ. եթե մի տեղ սխալվեցիր, գործդ կորած է»:

Մարիամը տիրապետում է ձեռագործության մի քանի ձևերի՝ հելունագործությանը, ասեղնագործությանը՝ մարաշ և այնթապ ձևերին : Բոլոր այս տեսակներով զբաղվում է հավասարապես: Բայց ձեռագործներից ամենաբարդը համարում է հենց մաքոքով գործածները. «Իմ կարծիքով՝ մաքոքագործությունն այս բոլորի արմատն է: Եթե մաքոքով կարողանան գործել, մնացած ձևերը հաստատ կստացվի»:

Բացի այդ՝ կարծում է, որ այս արհեստը պետք է զարգացնել Հայաստանում և դասավանդվել դպրոցներում, քանի որ, եթե ձեռագործության շատ տեսակներ իրենց թեկուզ անվանումով հաստատում են հայկական ծագումը, ապա մաքոքագործությունը մոռացման վտանգի տակ է:

«Մի քանի անգամ դիմել եմ տարբեր դպրոցներ՝որպես աշխատանքի ուսուցման ուսուցիչ աշխատելու համար: Ասում են՝ մանկավարժի կրթություն չունես, չենք կարող ընդունել»,- դժգոհում է Մարիամը:

Միայն Վանաձորի «Հայորդաց տունն» է , որ ընդառաջել է ցանկությանը, բայց մի պայմանով, որ սկզբնական շրջանում ինքն իր հետ բերի 10 աշակերտ. «Դրա փոխարեն տանը կպարապեմ, հետո շատ չնչին գումար պիտի տային, ես իմ մի գործը վաճառեմ, այդ գումարը կհանեմ»,- ասում է նա:

Իր աշխատանքների վաճառքից չի դժգոհում՝ չնայած հիմնական պատվիրատուները արտասահմանից են: Պատվերներն էլ հիմնականում զարդերի տարբեր տեսակներ են: 2011թ.  Գյումրիում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելուց հետո դրանք ավելի են շատացել:

«Բաներ կան, որ առաջ վաճառել եմ, հիմա՝ ոչ, քանի որ կան շատ բարդ աշխատանքներ, որ որոշակի գումարի դեպքում չարժե վաճառել: Ինչո՞ւ աչքերս փչացնեմ, որը հեշտ է, այն էլ գործում եմ ու վաճառում»:

Մեկնաբանություններ (2)

Մերի
Ողջույն շատ հաճելի է, որ նման նյութ կա մաքոքագործւթյան մասին ես այդ ձեռագործության մանրամասներին ծանոթացել եմ ռուսերեն լեզվով տեսանյութերի և ինձ շատ է դուր եկել շնորհակալություն հայալեզու մեկնաբանությունների համար ։
Սոնա
Շատ շնորհակալ աշխատանք եք կատարում Մարիամ, անհրաժեշտ է մոռացաված արհեստները վերականգնել ու պահպանել, փոխանցել սերունդներին: Նկատելի է, որ այդ աշխատանքը կրկին արժեւորվում է եւ շատ շուտով հայ տիկինները հասկանան, որ իրենց աղջիկներին ավելի շատ նման արհեստներ պետք է ուսուցանել, որը նաեւ նրանց գումար վաստակելու հիմնական միջոցը կլինի, քան այս կամ այն մասնավոր բուհում, մեծ աննպատակ մեծ գումարներ վճարելը, որը նրանց ոչինչ չի տալիս: Ավարտում են առանց մասնագիտիություն սովորելու եւ այդպես էլ աշխատանք չեն գտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter