HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության ժամանակակից թռչնանոցի բացման արարողությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն, որտեղ մասնակցել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր թռչնանոցի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներդրված նորագույն տեխնոլոգիաները մասամբ ձեռք են բերվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։

Ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել թռչնանոցում, ծանոթացել թռչունների բուծման, խնամքի պայմաններին և առկա արտադրական հզորություններին։

Գեղամ Ջանվելյանը տեղեկացրել է, որ թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք։ Նրա խոսքով՝ եթե նախկինում նման թռչնանոցներում հնարավոր էր պահել ընդամենը 22 հազար գլուխ թռչուն, ապա գերմանական հայտնի Hellmann ընկերության ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ այս թռչնանոցում հնարավոր է դարձել պահվող թռչնի գլխաքանակը հասցնել մինչև 70 հազարի։

Ընկերության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելացնել արտադրողականությունը, պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերը նվազեցնել հավկիթի ինքնարժեքն և սպառողներին առաջարկել առավել բարձրորակ ու միաժամանակ ավելի մատչելի գնի արտադրանք։

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է «Ինչպես գիտեք, Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և Էկոնոմիկայի նախարարության ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի տարբեր խողովակներով գործարարների համար գումարը հասանելի դարձնելը։ Մեզ պետք են արդյունավետ և ժամանակակից տնտեսություններ, որոնք կկարողանան մեր տնտեսությունը դարձնել մրցունակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով»։

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծարանի վերազինումը շարունակվելու է և առաջիկայում շահագործման կհանձնվեն նույն հզորությամբ ևս երկու թռչնանոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter