HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է 1000 դրամների օրենքը փոխելու նախագիծը. դրույքաչափերը կլինեն 1500-ից 15000

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ՝ առաջարկելով վերանայել 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը:

Գործադիրն առաջարկում է դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ սահմանել, որի համաձայն կախված եկամտի չափից՝ վարձու աշխատողները, անհատ ձեռներեցները, նոտարները և այլ վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15 000 դրամի չափով դրոշմանիշային վճար: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Հիշեցնենք, որ գործող օրենքով յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս գանձվում է 1000-ական դրամ:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն 18 հազար դրամ, 1 միլիոն 201 հազարից մինչև 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ, 2 միլիոն 401 հազարից մինչև 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ, 6 միլիոն 1 հազար դրամից մինչև 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ, 12 միլիոն 1000 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ (հիմք է ընդունվում համապատասխան հաշվարկի իրացման շրջանառությունը կամ համախառն եկամուտը):

«Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է դրոշմանիշային վճարների դրույքաչափը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով` առաջարկվում է նաև օրենքով հստակեցնել, որ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե գումարն ինչ տրամաբանությամբ է ֆիքսվել, ապա հիշեցրեց, որ Կառավարությունը նախկինում առաջարկում էր 3000-ական դրամ, սակայն այս նախագիծը ներկայացրեց, որն է դրա պատճառը:

Նախարարն արձագանքեց` կատարված հաշվարկները վկայում են այն մասին, որ եղած գումարները չեն բավարարելու հատուցումների համար: Սոցիալական բեռը մեղմելու համար, ըստ եկամուտների չափի, Կառավարությունը որոշել է նման սանդակ սահմանել: Բադասյանի խոսքով` Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանք է տրամադրվել եկամտային հարկ վճարողների մասին, թե որ տիրույթում քանի անձ է գտնվում, որպեսզի նման դրույքաչափեր սահմանելիս կանխատեսելի եկամտի չափ լինի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց դրույքաչափերի փոխարեն ֆիքսված տոկոս ամրագրել:

«Տրամաբանությունը, որը քննարկվել է Ֆիննախի ու ՊԵԿ-ի հետ, իրենք ընտրել են կիսապրոգրեսիվ սանդղակը: Եթե նման տոկոսային առաջարկ կլինի, կարծում եմ նշված մարմինների հետ քննարկում է պետք տրամաբանությունը հասկանալու համար»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում հետադարձ ուժ են ունենալու` տարածվելով սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Լրացում 18:30

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter