«Հայացք». զատիկի ձուն 1 դրամով անգամ չի՞ թանկանա
Թռչնաֆաբրիկաները խոստանում են գին չբարձրացնել
Սուրբ Զատկի տոնի նախաշեմին Հայաստանում հավկիթների դեֆիցիտ ու գների թանկացում չի լինի: Այս խոստման հեղինակը հանրապետության խոշոր թռչնաֆաբրիկաների ղեկավարներն են: Գաղտնիք չէ, որ ամեն տարի Սուրբ Զատկի և Ամանորի նախաշեմին ձվի շուկայում աժիոտաժ, արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, ինչի հետևանքով բարձրանում են գները` հարվածելով սպառողի գրպանին: «Հայացք»-ը երեկ թռչնաֆաբրիկաներից փորձեց ճշտել` պատրա՞ստ են Զատկի տոնին:
«Ամեն ինչ նորմալ ա լինելու, չի կրկնվի անցած տարիների դեպքը: Բոլոր նախապայմանները կան, որ այդպիսի բան չլինի»,- մեզ հավատացրեց ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Թեև Խաչիկ Մանուկյանը վաճառել է Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան և մեզ ասաց, որ այլևս ֆաբրիկայի նախկին սեփականտերն է, այնուամենայնիվ, Լուսակերտի ՏԹՖ-ի անունից հայտարարեց. «Մեր ձվերը չեն թանկանա: Ես հավերի ու ձվերի հայտնի մասնագետ եմ, աղջիկ ջան, հավատացնում եմ` մեր ձվերը չեն թանկանա»: Խաչիկ Մանուկյանը նշեց, որ եթե վերավաճառողները չթանկացնեն ձուն, արտադրողները 1 դրամով անգամ գին չեն բարձրացնի:
«Ապրանքներով ապահովված ենք, բոլորը պատրաստվում են Զատիկին, ոչ մեկին ձեռ չի տալիս, որ էդպիսի բան անեն»,- հավատացրեց նա:
«Աշտարակ ձու» ընկերության կոմերցիոն տնօրեն Վահե Հակոբյանը նույնպես նշեց, որ գների թանկացում չի նախատեսվում: «Մաքսիմում գինը կարող է 60 դրամ լինել: Կարող է 1-2 խանութներ 65 դրամի հասցնեն, բայց դրանից ավելի չի թանկանա»,- հավատացրեց նա: Միաժամանակ «Աշտարակ ձու» ընկերության կոմերցիոն տնօրենը նշեց, որ կոնկրետ իրենց ընկերությունը անհրաժեշտ քանակությամբ ձու չունի, սակայն մյուս ընկերություններից իմացել են, որ Զատիկը պատշաճ անցկացնելու համար կարտադրվի բավարար քանակությամբ ձու:
«Արաքս» և Երևանի թռչնաֆաբրիկաներից էլ տեղեկացանք, որ ֆաբրիկաներում, ներքին խոսակցությունների համաձայն, գների բարձրացում չի նախատեսվում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերահսկողության տակ է պահում ձվի շուկան: Այս մասին տեղեկացանք հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «Շուկան մոնիտորինգի տակ է, հատուկ հրահանգված է, որ ընկերությունները զերծ մնան գների անհիմն և անհարկի բարձրացումներից: Այս պահին ամեն ինչ վերահսկելի է: Հույս ունենք, որ թռչնաբուծարանները կառաջնորդվեն ազատ ու արդար մրցակցության կանոններով»,- ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, սակայն, չի հավատում թռնաբուծական ֆաբրիկաների ղեկավարության խոստումներին: «Թանկացումն անխուսափելի է, բայց այս անգամ այն աժիոտաժը չի լինի, ինչ որ նախանցած տարի եղավ: Հավատը եկեղեցում է, մենք հավատով չենք առաջնորդվում: Մենք առաջնորդվում ենք մեր ունեցած փորձով: Նման հավաստիացումներ, թե չի թանկանա, մենք էլի ենք լսել, բայց համոզվել ենք հակառակում»,- ասաց Արմեն Պողոսյանը: Նա ձվի արտադրությամբ զբաղվողներին խորհուրդ է տալիս խելացի մարքեթինգային քաղաքականություն վարել և գրավել հաճախորդին: Իսկ հաճախորդին գրավելու ձևերից կարևորները, ըստ նրա, ողջամիտ գին սահմանելն ու ձվերը մակնշելն է:
Ռոզա Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել