Չինաստանի տնտեսությունը ամերիկյան տնտեսությանը կարող է շրջանցել արդեն 2028 թվականին․ բրիտանական կենտրոնի զեկույցը
Ինչպես պարզ է դառնում Մեծ Բրիտանիայի Տնտեսական և գործարար հետազոտությունների կենտրոնի (CEBR) զեկույցից, Չինաստանը 2028 թվականին, նախատեսվածից 5 տարի շուտ, կշրջանցի ամերիկյան տնտեսությանը և կդառնա աշխարհի առաջատար տնտեսությունը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Վերլուծաբանների կարծիքով՝ դրան կնպաստեն չինական իշխանությունների արդյունավետ գործողությունները՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործընթացում։
Կենտրոնի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2030 թվականին Հնդկաստանը, տնտեսական ցուցանիշներով, աշխարհում կդառնա երրորդ երկիրը, իսկ 2035 թվականին Ռուսաստանը կարող է հայտնվել առաջին տասնյակում՝ նաև շնորհիվ IT հատվածի, որն ըստ կենտրոնի վերլուծաբանների, շարունակում է չգնահատված մնալ։ CEBR-ը աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշը հրապարակում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 26-ին։
Չնայած նրան, որ Չինաստանն առաջին էր հայտնվել COVID-19-ի հարվածի տակ, համավարակն այնտեղ հնարավոր եղավ առնել վերահսկողության տակ՝ շնորհիվ արագ և խիստ մեթոդների։ Դա էր պատճառը, որ Չինաստանում կարիք չեղավ լրացուցիչ լոքդաունների, որոնք պարալիզացրել են Եվրոպան և մեծ վնաս հասցրել նրա տնտեսությանը։ Արդյունքում, Չինաստանը ընթացիկ տարվա ընթացքում կարողացավ խուսափել տնտեսական անկումից և նույնիսկ գրանցեց 2 % աճ։
Այս ֆոնին ամերիկյան տնտեսությունը ավելի լուրջ ցնցումների է ենթարկվել, իսկ համաճարակային ցուցանիշներն ամենավատն են ողջ աշխարհում։ Տնտեսական անկումը մասամբ հնարավոր է եղել կոմպենսացնել դրամային քաղաքականության և հսկայական հարկային արտոնությունների հաշվին, սակայն քաղաքական տարաձայնությունների պատճառով մոտ 14 միլիոն ամերիկացիներ ամանորին կարող են մնալ առանց գործազրկության նպաստների։
Զեկույցում նշվում է, որ 2021 թվականին, կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, ամերիկյան տնտեսության կտրուկ աշխուժացման արդյունքում, 2022-2024 թվականներին այդ երկրում տնտեսական աճը կկազմի 1,9 %, իսկ այնուհետ աճը կդանդաղի մինչև 1,6 %։ Իսկ ահա չինական տնտեսությունը, ընդհուպ մինչև 2025 թվականը, տարեկան կգրանցի մինչև 5,7 % աճ և միայն 2026-2030 թվականներին աճը կդանդաղի մինչև 4,5 %-ի։
Համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի բաժինը ներկայումս կազմում է 17,8 %, և եթե հավատանք զեկույցի հեղինակներին, ապա 2023 թվականին Չինաստանը կհայտնվի բարձր եկամուտներ ունեցող տնտեսությունների շարքում։ Այդուհանդերձ, միջին չինացին, ֆինանսական տեսանկյունից, ավելի աղքատ կլինի, քան միջին ամերիկացին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Չինաստանի բնակչությունը 4 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ բնակչությունը։
Լուսանկարը՝ Bloomberg գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել