HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը

2020թ դեկտեմբերի 8-ին քաղաքացի ՀՕ-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի (ԻՍՎ) պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։ Նա հայտնել է, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքնենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազի հանձնարությամբ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, և դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։ Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա Վ-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, և նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով,  անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ Վաշտի հրամանատարը կատարել է  հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ Օ-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա Վ-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter