HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնություն՝ ոստիկանի նկատմամբ

2020թ. դեկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Բելաջիո» ռեստորանի մոտ ծառայություն իրականացնելու ժամանակ օրինական պահանջ է ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին՝ խոչընդոտ չհանդիսանալ երթևեկությանը և բացել փողոցը:

Սակայն, ըստ այդ զեկուցագրի, նշված քաղաքացիներից մեկը ձեռքերով դիտավորյալ հրել է իրեն, այնուհետև ոստիկանության կապիտանին, ով վայր է ընկել և ստացել ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեպքի առթիվ դեկտեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած քաղաքացին ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը, դատախազի որոշմամբ, ազատվել է արգելանքից:

2020թ. դեկտեմբերի 26-ին նշված քրեական գործը ստացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

«Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter