Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է լիազորությունների չարաշահման մեջ
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից՝ ստորագրելով հրամանագիր ՍԴ նախագահ Ալեքսանդր Տուպիցկուն զբաղեցրած պաշտոնից երկու ամսով հեռացնելու մասին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Զելենսկին համապատասխան հրամանագիրը ստորագրել է դեկտեմբերի 29-ին։ Տուպիցկին մեղադրվում է վկաների կաշառման և ակնհայտ կեղծ ցուցմունքներ տալու մեջ։ Ընդորում, նշվում է, որ հրամանագիրն ունի ժամանակավոր բնույթ և չի ենթադրում պաշտոնից ազատում։
«Սահմանադրաիրավական տեսանկյունից Ուկրաինայի նախագահի հրամանագիրն իրավաբանորեն առ ոչինչ է և ենթակա չէ կատարման, քանի որ այն հրապարակվել Է Ուկրաինայի նախագահի կողմից՝ սահմանադրական լիազորությունների գերազանցմամբ»,- նշվում է Ուկրաինայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայք էջում տարածված հաղորդագրության մեջ։ ՍԴ-ն նաև հավելել է, որ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման փաստը չի ենթադրում նրանց իրավասությունների սահմանափակում, իսկ ՍԴ դատավորները կարծում են, որ դատարանի նախագահ Տուպիցկին պետք է շարունակի աշխատել։
«Ուկրաինայի նախագահի կողմից այդ հրամանագրի հրապարակումը փաստացի հակաիրավական միջամտություն է Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը, խոչընդոտում է նրա ծառայողական պարտականությունների կատարմանը, ինչը ենթադրում է օրենքով նախատեսված իրավական պատասխանատվություն»,- նշվում է ՍԴ հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ, ՍԴ-ում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հրամանագրից հետո, Տուպիցկին, ոչ որպես դատավոր, ոչ էլ որպես դատարանի նախագահ, իրավասություն չունի հրավիրելու ՍԴ նիստ։ Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացումը եղել է հարկադրված քայլ, որպեսզի կանխվի միջամտությունը «մինչդատական հետաքննության իրականացմանը»: Խորհրդարանական «Ընդդիմադիր հարթակ- կյանքի համար» ֆրակցիան էլ հայտարարել է, որ նախագահի կողմից Տուպիցկուն պաշտոնից հեռացումը կարող է իմպիչմենտի պատճառ հանդիսանալ։
Ուկրաինայի ՍԴ նախագահի նկատմամբ հարուցվել է մի քանի քրեական գործ։ Նա մեղադրվում է պետական դավաճանության և Ղրիմում հողատարածքի ինքնակամ զբաղեցման մեջ։ Տուպիցկին հաստատել է, որ հողատարածք ունի Ղրիմում, սակայն հայտարարել, որ չգիտի, թե ինչպես այն հայտարարագրի Ուկրաինայում։ Նա նշել է, որ իրականացվող գործընթացը մտածված ճնշում է իր անձի նկատմամբ։
Ավելի վաղ, Ուկրաինայի ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսվում է պատիժ չհայտարարագրված ունեցվածքի համար։ Բացի այդ, ՍԴ-ն չեղարկել էր Ազգային հակակոռուպցիոն դատախազության իրավունքը՝ ստուգելու էլեկտրոնային հայտարարագրումը և այնտեղ շահերի հետաքրքրության հայտնաբերումը։ Դա է պատճառը, որ Ուկրաինայում փակվել էր Էլեկտրոնային հայտարարագրերի միասնական ռեեստրին հասանելիությունը, ինչը խաթարում է հակակոռուպցիոն բարեփոխումների ողջ համակարգը։ Դրա ընդունումը ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի ներդման պահանջներից մեկն էր։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը ՍԴ որոշումն անվանել էր հակաիրավական, իսկ կաբինետը հանձնարարել էր բացել հասանելիությունը ռեեստրին՝ շրջանցելով դատարանի որոշումը։ Արդյունքում, Զելենսկին Ռադա էր ուղարկել ՍԴ գործող կազմի իրավասությունների դադարեցման մասին օրենք և առաջարկել Ռադային առ ոչինչ ճանաչել ՍԴ որոշումը, որով չեղարկվել էին հակակոռուպցիոն մի շարք նորմեր։ Իր հերթին Ուկրաինայի ՍԴ նախագահն էլ հայտարարել էր, որ նախագահի կողմից այդպիսի նախաձեռնությունն ունի սահմանադրական հեղաշրջման հատկանիշներ։
Լուսանկարը՝ РИА Новости / Стрингер
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել