Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ 20,5 միլիարդ եվրոյի առևտրային համաձայնագիր է կնքել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Թուրքիայի հետ 20,5 միլիարդ եվրո արժողությամբ առևտրային համաձայնագրի ստորագրման մասին։ Այդ մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։ Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը կարող է հիմք դառնալ Բրեքսիթից հետո երկու երկրների միջև առավել շահավետ առևտուր իրականացնելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիրն անվանել է «1995 թվականին Եվրամիության հետ կնքված առևտրային համաձայնագրից հետո ամենակարևոր փաստաթուղթը»։ Այն երկարացնում է երկու երկրների միջև առևտրի իրականացման ներկայիս գործող կանոնները, որոնք ենթադրում են մաքսային հսկողության բացակայություն։ Այդ պայմանները հատկապես ձեռնտու են բրիտանական ավտոմոբիլային և պողպատե արդյունաբերության համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար Էլիզաբեթ Թրասը և նրա թուրք գործընկեր Ռուհսար Փեքջանը նշել են, որ ապագայում ձգտում են կնքել առավել շահավետ առևտրային համաձայնագիր։
Մի քանի շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 11-ին, Մեծ Բրիտանիան առևտրային համաձայնագիր էր կնքել նաև Վիետնամի հետ։ Փաստաթուղթը սահմանում է ԵՄ-ի և Վիետնամի միջև ազատ առեւտրի մասին համաձայնագրում (EVFTA) ամրագրված պայմանների երկարաձգում, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսին և ենթադրում է Եվրամիության ու Վիետնամի միջև ապրանքաշրջանառության մաքսատուրքերի 99 տոկոսի չեղարկում: Վերջին 10 տարիներին Մեծ Բրիտանիայի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը տարեկան միջինում աճել է 12 %-ով։ Ներկայումս այն կազմում է 6,6 միլիարդ դոլար։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկիրը երկկողմ առևտրային համաձայնագրեր է կնքել 62 երկրների հետ, այդ թվում՝ Ճապոնիայի, Մեքսիկայի և Սինգապուրի։ Մինչ օրս ազատ առևտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագիր չի կնքվել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև։
Լուսանկարը՝ Անադոլու գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել