HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պետք է սիրել ոչ թե մեր մեջ եղած առնետին, այլ Մարդուն». Պ. Տուրրինիի «Առնետաորս»-ը` գյումրեցի դերասանների մեկնաբանմամբ

«Եկեք փորձենք սիրել մեր մեջ ապրող առնետին, որպեսզի գարեջրի բաժակի մեջ մեր արտացոլմանը համակրանքով նայենք»:

Պետեր Տուրրինի

Ավստրիացի դրամատուրգ Պետեր Տուրրինիի «Առնետաորսը» նոր մեկնաբանմամբ, դեկտեմբերի 23-ին հանձնվեց հանդիսատեսի դատին Գյումրու նորաբաց «Մտորումների թատրոն»-ում: «Շատ արդիական պիես է,-ասում է ռեժիսոր եւ թատրոնի հիմանդիր Հովհաննես Հովհանիսյանը,-երբ եւ որ երկրում էլ խաղան, ասելիքը կա ու մտածելու, խորհելու տեղիք է տալիս»: Տուրրինիի այս ստեղծագործությունը, կարելի է ասել, հայտնի դարձրեց հեղինակին եւ բեմադրվում է՝ սկսած 1970թ.-ից:

«Գյումրիում պիեսը  բեմադրվել է շատ տարիներ առաջ, եղել է դիպլոմային աշխատանք: Ես, հավանաբար, կրկին չանդրադառնայի այս ստեղծագործությանը, եթե դերակատարներն իրենք չառաջարկեին: Երբ սկսեցինք աշխատանքները, հուլիս ամիսն էր, մտքներովս անգամ չէր անցնում, թե պատերազմ կսկսվի: Մտածում էինք՝ համավարակը կմեղմանա, թատրոնի պաշտոնական բացմանը՝ հոկտեմբերին, կհասցնենք առաջնախաղով հանդես գալ,-նկատում է զրուցակիցս,-մենք պիեսը բավականին փոփոխել ենք՝ նկատի ունեմ շեշտադրումները, այն մի փոքր ծանր, դժվար մարսվող գործ է, եւ հանդիսատեսի վերաբերմունքն էլ միանշանակ չէ: Սա կնոջ ու տղամարդու երկխոսություն է, հարաբերություններ, որով Տուրրինին փորձել է ցույց տալ մարդու մեջ եղած կեղտը՝ Առնետին, այն, ինչ շատ դեպքերում չի ոչնչանում, մինչեւ խժռում է տիրոջը»:

Տղ.-Լսիր, ես մարդկանց մասին կխոսեմ, ինչպես՝ մեքենայիես գնում եմ իր մոտ եվ ասում, որ ուզում եմ իրեն քանդել ու բռնել ամեն մասնիկը ձեռքում պահելես ուզում եմ իրեն ճանաչել, չէ՞բայց նանանա ինձանից փախչում էմոտ չի թողնում
Կին- Ինչի՞ է նա փախչում:
Տղ.- Ինչի՞ է նա փախչում:
Կին- Ինչի՞ է վախենում:
Տղ.- Որովհետեւ ես կհասնեմ:
Կին- Ինչին՞
Տղ.- Այն, ինչ թափքի տակ է
Կին- Իսկ ի՞նչ կա այնտեղ:
Տղ.- /Մռթմռթում է/ թափոններ, կեղտ:
Կին- Ի՞նչ, ի՞նչ ասացիր
Տղ.- Դու ինձ շատ լավ հասկացար, ամեն ինչ մեր մեջ է՝ կեղտ, թափոններ, աղբայն, ինչից մենք ենք սարքած փչացած ձվի հոտ է գալիսդու լույս աշխարհ ես գալիս, մայրդ քեզ կրծքով կերակրում է եւ այն թթվում է քո ստամոքսում՝ փորի մեջվերեւից ուտելիքն են լցնում, ներքեւից էլ աղբ է դուրս գալիսհետո դու գնում ես դպրոց ու էնտեղ դասատուները քո ուղեղը ինչ-որ ճշմարտություններով են լցնում, որոնք արդեն հազար տարի առաջ փտել ենմիակ բանը, ինչ ես սովորել եմ դպրոցում՝ զուգարանում ծխելն է: Մինչեւ հիմա հիշում եմ, թե պատին ինչ էր գրված: Էսօր ես օրը երեսուն հատ եմ ծխումիմ թոքերի մեջ եղած մազութով կարելի է ասֆալտել ամբողջ ամենաերկար փողոցը: Ամեն կիրակի ես կինո եմ գնումիրար հետեւից պոռնո ֆիլմերով է լցվում գլուխս, հիվանդ արյան պես, հասկանո՞ւմ եսաշխատանքի տեղում էլ խոսում են միայն կանանցից եւ անկողնուցերեկոյան սիրտդ խառնում է, ինչպես պոռնկանոցումմեր մեջ աղբ է, կեղտհենց ինչ-որ մեկը բացում է բերանը, թվում է, թե հիմա կխեղդվես կանալիզացիայի խողովակում:

Դերակատարներից Ամալյա Ղամբարյանը պատմում է, որ ինքն ու Դավիթ Մարդոյանն են ընտրել պիեսը, հետո երկար ժամանակ համոզել ռեժիսորին: «Ուզում էինք որեւէ լուրջ ներկայացման մեջ փորձել ուժերս,-ասում է Ամալյան,-նաեւ, որ ծանոթ չլիներ գյումրեցի հանդիսատեսին եւ ասելիքն էլ արդիական լիներ: Գիտեինք, որ բարդ գործ ենք ընտրել, բայց դե պատվով հաղթահարելու մեջ էլ իր հետաքրքրությունը կար: Կարծում եմ, որ իր ասելիքով ներկայացումը դուր կգա հատկապես 30-ն անց՝ ավելի հասուն տարիքով մարդկանց: Վստահ եմ, որ երիտասարդներն էլ կդիտեն, գուցե «Առնետաորս»-ը նրանց շատ չհրապուրի, սակայն, իմ կարծիքով, հենց նրանք պետք է դիտեն, որ չգնան այդ ճանապարհով՝ կեղտի, գռեհկության, առնետի նման միմյանց խժռելու»:

Հետո պիտի դադար լիներ: Չնախատեսված: Որովհետեւ պատերազմները, որքան էլ որ սպասելի են, միշտ էլ անակնկալ են գալիս: Թատրոնի դերասաններից երեքը զորակոչվեցին: Արցախյան պատերազմի օրերին թիկունքն ապրում էր իր ուրույն կյանքով: Հովհաննես Հովհաննիսյանին այդ օրերին մի քանի անգամ եմ հանդիպել՝ մտամոլոր դեպի թատրոն քայլելիս: Հարցնում էի՝ Հովհաննիսյան, ի՞նչ լուր կա տղաներից: «Տղեքս էնտեղ են, Թութուշս...շատ կմտածեմ Թութուշիս մասին»,-մտահոգ պատասխանում էր ու հետո լուռ քայլում էինք՝ ամեն մեկս մեր մտքերով: «Թութուշը» Դավթի մարմնավորած բարի ծաղրածուի անունն է, ու թատրոնի ղեկավարն իր սերն այդպես էր արտահայտում:

Պատերազմի ավարտից հետո վերադարձան ռազմաճակատ մեկնած երիտասարդ դերասանները: Նոյեմբերի 16-ին թատրոն ոտք դրեց նաեւ 24-ամյա Դավիթը: «Ես 2016թ.-ի ապրիլյան քառօրյային էլ եմ մասնակցել, այդ ժամանակ ժամկետային զինծառայող էի: Բայց սա լրիվ ուրիշ պատերազմ էր, անհավասար, անարդար պատերազմ էր,-ասում է Դավիթն ու ծաղրածուի ուրախ կերպարից ծանոթ աչքերը դառնում են թախծոտ,-մենք պարզապես սպասում էինք մահվան մեջ մեր հերթին: Էն, որ ողջ եմ մնացել՝ հրաշք էր: Հիմա ես միայն ապրելու ծրագրեր ունեմ՝ շատ աշխատելու, շատ խաղալու»: Հովհաննես Հովհաննիսյան ասում է, որ Դավթի՝ պատերազմից առաջվա եւ հետոյի խաղի մեջ ահագին փոփոխություն է նկատվում: «Իր դերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա, խաղի մեջ էլ հետաքրքիր աճ ունի Դավիթը: Պատերազմը շատ վատ բան է, բայց հաճախ կյանքում ուժեղ, բացասական ցնցումներն արվեստում բերում են անսպասելի դրական արդյունքների»,-նկատում է Հովհ. Հովհաննիսյանը:

Ըստ չինացիների` անցնող 2020թ.-ը առնետի տարի էր, որ իր հետ բերեց բազմաթիվ խնդիրներ՝ շատ դեպքերում առանց լուծումների: Պետեր Տուրրինիի «Առնետաորս»-ը բեմ հանելը, ռեժիսորի խոսքով, գուցե հենց ժամանակի պահանջն էր, որովետեւ մարդ տեսակն էր կորել, որ առավել վառ դրսեւորվեց տարեվերջին: «Մենք փորձեցինք պիեսի բեմադրության մեջ կարեւորել մարդուն: Ես կարող էի ներկայացման ավարտն ավելի լավատեսական դարձնել, փորձել ցույց տալ կերպարների դրական վերափոխում: Տուրրինիի մոտ վերջում հայտնվում են այլ մարդիկ ու սպանում առնետներին: Մենք այլ լուծում տվեցինք՝ նրանք խժռեցին միմյանց: Հեղինակն ասում է՝ եկեք սիրենք մեր մեջ ապրող առնետին, բայց արդյո՞ք մեր մեջ եղած կեղտը սիրելով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների,-հարցնում է զրուցակիցս,-հիմա հայ իրականության մեջ այդ պատկերն է՝ լիքը հարցադրումներ ու լուծումների պակաս: Պետք է սիրել ոչ թե մեր մեջ եղած առնետին, այլ՝ Մարդուն: Միայն այդպես կհասնենք դրական հանգրվանի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter