Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, 80-ամյա Նենսի Փելոսին, ստանալով 216 կոնգրեսականների աջակցությունը, չորրորդ անգամ ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Նրա մրցակից, հանրապետական Քևին Մաքքարթին ստացել է 208 ձայն։ Այսպիսով, Փելոսին պահպանել է ԱՄՆ-ում երրորդ խոշոր պաշտոնը, որն իր նշանակությամբ զիջում է միայն նախագահի և փոխնախագահի պաշտոններին։ Վերջին անգամ Փելոսին այդ պաշտոնում ընտրվել էր 2019 թվականին։
Հունվարի 3-ին Վաշինգտոնում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը, որը ձևավորվել է 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքում։ Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում պահպանել են մեծամասնությունը՝ զրկվելով մանդատների մի մասից։ Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ են ընտրվել Դեմոկրատական կուսակցության 222 և Հանրապետական կուսակցության 211 անդամներ։ Նախորդ գումարման ժամանակ դեմոկրատներն ունեին 232, իսկ հանրապետականները՝ 197 մանդատ։
Սենատում ուժերի բաշխումը պարզ կլինի միայն Ջորջիա նահանգի ընտրությունների երկրորդ փուլից հետո, որին բաժին է հասնում Սենատի երկու մանդատ։ Նահանգային օրենսդրության համաձայն՝ Կոնգրեսում հայտնվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների առնվազն 50 %-ը, սակայն նոյեմբերյան ընտրությունների ժամանակ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հաղթահարել ընտրական շեմը։
Ներկայումս Սենատի 100 մանդատներից հանրապետականներն ունեն 50-ը, իսկ դեմոկրատները՝ 46-ը։ Երկու ազատ մանդատները բաժին են հասնում անկախ սենատորներին, որոնք փոխկապակցված են դեմոկրատների հետ։ Եթե Ջորջիա նահանգի երկու մանդատները ստանան դեմոկրատները, ապա փաստացի ստացվում է, որ նրանք կվերահսկեն նաև Սենատը։ Համաձայն ամերիկյան օրենսդրության՝ փոխնախագահը, որը վերջին ընտրությունների արդյունքում դարձել է դեմոկրատ Քամալա Հարիսը, կգլխավորի Սենատը և կարող է քվեարկել, եթե այս կամ այն հարցում օրենսդիրների ձայները հավասարաչափ կիսվեն։
Նոր Կոնգրեսի առաջին քայլը կլինի 2020 թվականի նոյեմբերյան ընտրությունների արդյունքների հաստատումը։ Այդ նպատակով հունվարի 6-ին կկայանա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստը։ Ավելի վաղ, հանրապետական 12 սենատորներ հայտարարել էին, որ պլանավորում են վիճարկել ընտրությունների արդյունքները։ Նրանք Կոնգրեսին կոչ են արել ստեղծել հանձնաժողով, որը տասն օրվա ընթացքում կուսումնասիրի վիճելի նահանգների ընտրությունների արդյունքները։
CNN հեռուստաընկերության տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի մոտ 100 հանրապետականներ նույնպես պատրաստ են միանալ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկմանը։ Ինչպես նշում է AFP գործակալությունը, այդ հանգամանքը կարող է ձգձգել Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումը, սակայն հանրապետականները հաջողության շանսեր չունեն։
Լուսանկարը՝ M. Scott Mahaskey/POLITICO
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել