HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման մակարդակի կտրուկ բարձրացման մասին

Իրանը, Ֆորդո միջուկային տեղանքում, մինչև 20% բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 4-ին, հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիան։ Այս մակարդակն էականորեն բարձր է այն պարամետրերից, որոնք սահմանվել էին 2015 թվականի իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագրով։ 

Թեհրանի դիրքորոշումը քննադատության է ենթարկվել։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը, հաստատման պարագայում, նշանակում է ատոմային պայմանագրից «էական հեռացում», իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանի որոշումը կարելի է բացատրել միայն որպես «ռազմական միջուկային ծրագրի զարգացման մտադրության իրագործում»։ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելն Իրանին երբեք թույլ չի տա իրագործել իր մտադրությունը։

Համապարփակ գործողությունների համատեղ համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ենթադրում է Թեհրանի կողմից սեփական միջուկային ծրագրի սահմանափակման որոշակի քայլեր, որոնց փոխարեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեղարկելու էին պատժամիջոցները։ 2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից և պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։

Ի պատասխան՝ Թեհրանը հրաժարվել է կատարել համաձայնագրով սահմանված պարտականությունների մի մասը։ Համաձայնագրով նախատեսվում էր, որ Իրանը առավելագույնը 3,67 %-ի կկարողանա հասցնել ուրանի հարստացման մակարդակը։ Սակայն 2019 թվականի օգոստոսին ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հայտնել էր, որ Իրանը մինչև 4,5 % մակարդակի է հասցրել ուրանի հարստացումը, ինչը համապատասխանում է կազմակերպության նորմերին, իսկ 2019 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունում միջուկային վառելիքի պահուստները գերազանցում են 2400 կիլոգրամը, այն դեպքում, երբ համաձայնագրով դրանք չպետք է գերազանցեին 200 կիլոգրամը։

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP via Getty Images.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter