HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երաշխավորված կենսաթոշակ` առնվազն 10 տարի պաշտոնավարած դատավորներին. պատգամավորների նախագիծը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը փոփոխություններ են առաջարկում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքներում` դատավորների կենսաթոշակային ապահովության օրենսդրության առկա խնդիրները լուծելու նպատակով:

Առաջարկվում է դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (լրացել է 65 տարին) կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի չափով:

Այն դեպքերում, երբ դատավորի պաշտոն զբաղեցնող անձը հանդիսանում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարող, առաջարկվում է վերոնշյալ երաշխավորված չափում հաշվի առնել նաև կուտակային համակարգից նշանակված կենսաթոշակը:

Առաջարկվում է նաև դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու հնարավորություն ընձեռել՝ կախված դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային կենսաթոշակ նշանակելու, դադարեցնելու, կուտակային կենսաթոշակի չափը ավելանալու կամ նվազելու դեպքում դատավորի կենսաթոշակը ավելացնելու կամ նվազեցնելու դեպքերից:

Դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է.

  • որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,
  • որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ:

Նշվում է նաև, որ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում` բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Փոփոխությունները հետադարձ ուժ են ունենալու, օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դատավորի պաշտոն զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվելու են՝ հիմք ընդունելով անձի՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունը և որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter